Կառավարությունը նախատեսում է գործուն աջակցություն ցուցաբերել գերակա ոլորտներում աշխատող և նոր ստեղծվող ձեռնարկություններին

By | 04.05.2017
Загрузка...

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Տնտեսության գերակա ոլորտներում աշխատող ձեռնարկություններին պետության կողմից սուբսիդավորման նոր քաղաքականության վերաբերյալ գործադիրի ղեկավարը նշել է.

«Բազմիցս բարձրաձայնել ենք Հայաստանի Հանրապետության տնտեսության գերակա ոլորտներին պետության կողմից նպատակային և արդյունավետ աջակցության անհրաժեշտության մասին։

Կարծում ենք ժամանակն է, որ կառավարությունը գերակա ոլորտներում աշխատող և նոր ստեղծվող ձեռնարկություններին ցուցաբերի գործուն աջակցություն: Մասնավորապես, այդ ոլորտներում առաջարկում ենք մեկնարկել պետության կողմից ձեռնարկություններին բանկերից տրամադրվող կոմերցիոն վարկերի որոշակի բանկային տոկոսների սուբսիդավորման նոր քաղաքականությունը։

Նման քաղաքականությունը միտված է լինելու մեր կողմից գերակա ուղղություններ հայտարարված՝ տնտեսության արդյունավետության և մրցունակության բարձրացմանը, հավելյալ արժեք ստեղծողների աջակցմանն ու ամենակարևորը՝ նոր և կայուն աշխատատեղերի ստեղծմանը»։
Հաշվի առնելով այդ ամենը՝ վարչապետը հանձնարարել է 2-շաբաթյա ժամկետում Տնտեսական զարգացման և ներդրումների, Ֆինանսների և Գյուղատնտեսության նախարարներին Կենտրոնական և կոմերցիոն բանկերի հետ համատեղ քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել նախատեսվող աջակցության տրամադրման (սուբսիդավորման) հստակ գործիքակազմ ըստ գերակա ոլորտների։

«Կարծում եմ՝ կարևոր գործընթաց ենք սկսում: Մենք արդեն անցկացնում ենք նման քննարկումներ գյուղատնտեսության ոլորտում՝ կաթիլային, ինտենսիվ այգիներ, գյուղտեխնիկայի լիզինգային սպասարկում, թեթև արդյունաբերության և այլ ոլորտներ:

Եթե տնտեսվարողը վարկը վերցնում է այն ուղղությունների համար, որոնք մենք համարում ենք հեռանկարային, գերակա, ապա մենք մեկնարկային փոււլում կսուբսիդավորենք այն: Բացի գործիքակազմը ներկայացնելուց, մենք պետք է տարվա ընթացքում կանխատեսումներ անենք, որպեսզի 2018 թվականի բյուջեում համապատասխան միջոցներ նախատեսենք:

Բյուջե նախատեսելու պարագայում գերատեսչությունները ներկայացնում են դրա արդյունավետությունը՝ աշխատատեղեր, հավելյալ արժեք և այլն»,-ասել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետը մեծ արդյունք է ակնկալում համայնքային ծառայություները մասնավորին հանձնելու քայլից
Անդրադառնալով վարչատարածքային բարեփոխումները շարունակելուն՝ կառավարության ղեկավարը նշել է. «Բնակիչներին մատուցվող ծառայությունների մեծ մասն ուղղակի կամ անուղղակի իրականացվում է համայնքային մարմինների կողմից։

Վարչատարածքային բարեփոխումները ուղղված են տեղական իշխանությունների կարողությունները մեծացնելուն և մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելուն, որոնց շարունակականության և ամբողջ ծավալով իրականացնելը կարևորվել է կառավարության ծրագրում»:

Համայնքների խոշորացումն արդյունավետ իրականացնելու, բնակչությանը ճշգրիտ իրազեկելու և նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև արդեն խոշորացված համայնքներում հետագա զարգացումները ապահովելու նպատակով վարչապետը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին, մարզպետերին 10-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել վարչատարածքային փոփոխությունների ծրագրի վերաբերյալ համապատասխան օրենսդրական փաթեթ։

3-ամսյա ժամկետում վերջիններս կկազմակերպեն նշված օրենսդրական փաթեթով նախատեսված փոփոխությունների վերաբերյալ քննարկումներ ընդգրկված համայնքներում` տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների հետ։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին գործադիրի ղեկավարը հանձնարարել է 1-ամսյա ժամկետում ամփոփել կատարված աշխատանքներն և կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան տեղեկատվություն։

Միաժամանակ, Կարեն Կարապետյանը նշել է, որ այսօր իր մոտ տեղի է ունենալու խորհրդակացություն, որի ընթացքում կքննարկվեն համայնքներում առկա բիզնես բաղադրիչ ունեցող ոլորտները մասնավոր կառույցներին հանձնելու հնարավորությունը:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ հարցի վերաբերյալ արդեն իսկ քննարկումներ են ունեցել ՀՀ փոխվարչապետի մոտ և արդյունքները կներկայացնեն վարչապետին: «Մենք բավականին մեծ էֆեկտ ենք ակնկալում ինչպես թափանցիկության բարձրացման, այնպես էլ սակագների ունիֆիկացիայի մասով»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը՝ աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի պետական լիազոր մարմին
Աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների կատարման վերաբերյալ Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը տրամադրված է աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների կատարումն անհրաժեշտ մակարդակի բերելու, ամենուրեք անկանոն թափված աղբի նկատմամբ անհանդուրժող վերաբերմունք ձևավորելու, օրինազանցների նկատմամբ վարչարարությունը խստացնելու ուղղությամբ։

«2017 թ. ապրիլի 20-ին հռչակել ենք «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկը: Ավելի վաղ` 2016 թ.-ին, հավանության ենք արժանացրել Հայաստանի 2017-36 թվականների կոշտ թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարությունը, հաստատել ենք իրականացման միջոցառումների ծրագիր․ այդ առումով ունենք հստակ պատկերացում և որոշակիացված հեռանկար»,-ասել է վարչապետը:

Նշված աշխատանքների համակարգված և արդյունավետ իրականացումն ապահովելու, ուրվագծված որոշ գործառույթներ կանոնակարգելու նպատակով գործադիրի ղեկավարը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել անհրաժեշտ առաջարկություններ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի պետական լիազոր մարմին ճանաչելու վերաբերյալ:

«Մենք փաստորեն առ այսօր նման մարմին չունեինք»,-նշել է վարչապետը և հավելել, որ անհրաժեշտ է «Մաքուր Հայաստան» ծրագիրը պարբերաբար շատ կոշտ հսկողության տակ պահել՝ անդրադառնալով ծրագրով նախատեսվող քայլերին և իրականացված միջոցառումների արդյունքներին:

Վարչապետը կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանին առաջարկել է մտածել հանրապետական շաբաթօրյակ հայտարարելու մասին: «Այդ շաբաթօրյակը պետք է կազմակերպել այնպես, որպեսզի այն ձևական չլինի, տրամադրել համապատասխան տեխնիկա, շինարարական աղբահանում իրականացնել և այլն»,— ասել է վարչապետը:

Վարչապետը գազալցակայանների կողմից մատուցվող ծառայությունների որակը խիստ անբավարար է գնահատել

 

Անդրադառնալով գազալցակայանների շահագործման թերություններին՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Գազալցակայանների կողմից տեխնիկական անվտանգության կանոնների պահպանումը և մատուցվող ծառայությունների որակը գնահատում ենք խիստ անբավարար: Միայն վերջին շրջանում գրանցվել են գազալցակայաններում և գազաբալոնների պայթման մի շարք դեպքեր, ինչը հատկապես պայմանավորված է դրանց նկատմամբ թերի վերահսկողության պայմանով:

Խիստ մտահոգիչ է նաև, որ մինչ օրս առկա չէ գազալցակայաններում տրամադրվող մթնոլորտային ճնշման թույլատրելի չափը խախտեղելու դեպքերի կանխարգելման գործուն համակարգ»: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը նա հանձնարարել է Արտակարգ իրավիճակների և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին 1-ամսյա ժամկետում, համատեղ ամփոփելով նշված ոլորտում իրականացված տեսչական ստուգումների արդյունքները, կառավարության աշխատակազմ ներկայացնել համապարփակ առաջարկություններ առկա խնդիրների լուծման վերաբերյալ։

Վարչապետը հանձնարարել է կարգավորել 560 բնակավայրի ջրամատակարարման խնդիրը
Ջրամատակարարման և ոռոգման համակարգի հիմնախնդիրների վերաբերյալ Կարեն Կարապետյանը նշել է. «Ջրամատակարար ընկերության սպասարկման տարածքից դուրս մնացած ՀՀ 560 բնակավայրեր ընդգրկված չեն «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի վարձակալության պայմանագրի սպասարկման տարածքում և չունեն ջրամատակարարման ու ջրահեռացման որակյալ համակարգեր և համարվում են բարձր ռիսկային: Նշված 560 բնակավայրերի ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայությունների նպատակով պետության քաղաքականությունը պետք է ուղղված լինի պետություն-մասնավոր տնտեսվարող փոխշահավետ համագործակցությանը։ Ոռոգման համակարգի մեխանիկական ջրարտադրությունը պայմանավորված է էլեկտրաէներգիայի անարդյունավետ, մեծաքանակ սպառման, ինչպես նաև շահագործման և պահպանման մեծ ծախսերի հետ: Ակնհայտ է, որ խիստ անհրաժեշտ է համակարգում օր առաջ իրականացնել ֆինանսական առողջացման հստակ միջոցառումներ։ Միաժամանակ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մայր և միջտնտեսային համակարգերում ոռոգման ջրի ջրաչափությունը և հաշվառումը իրականացվում է մասամբ: Այդ ենթատեքսոտւմ կարևոր ենք համարում ոռոգման համակարգում ամբողջական հաշվառման համակարգերի ներդրումը»։
Այդ նպատակով կառավարության ղեկավարը ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարել է 3-ամսյա ժամկետում ուսումնասիրել 560 բնակավայրերից բիզնես հետաքրքրություն ներկայացնող համայնքների խմբաքանակը և մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը հայտարարել պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում բնակավայրերի 1-ին խմբի մրցույթի հրավերը: Նախարարությունը 2-ամսյա ժամկետում կմշակի և կառավարության աշխատակազմ կներկայացնի ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման ծրագիր՝ հստակ միջոցառումներով և իրականացման ժամանակացույցով: Հանձնարարվել է նաև մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվառման համակարգի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիր՝ որի իրականացման արդյունքում կունենանք 2100-ից ավելի հաշվառման կետերից ստացվող առցանց տեղեկատվություն ջրի հոսքի և մակարդակի վերաբերյալ։
«560 բնակավայր ջրամատակարարման խնդիրները կարգավորում է յուրաքանչյուրն իր պատկերացրած ձևով՝ որակ, ժամկետ, սպասարկում և այլն: Ամբողջը պետք է վերլուծենք և յուրաքանչյուրի վերաբերյալ ունենանք հստակ ծրագիր: Եթե նույնիսկ հետագայում համայնքն է կառավարելու, հստակ պետք է ձևակերպենք, թե համայնքն ինչ չափորոշիչներով և ինչպես պետք է այդ գործընթացը կազմակերպի: Իսկ ոռոգման համակարգն այս տարվա վերջին պետք է ուղղակի իդելական լինի, որովհետև այն ծախսը, որն անելու ենք հաշվառման համար, պետք է արդյունավետ լինի»,- ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեից ակնկալում է նաև շուկայի կտրուկ մեծացում և ստվերի վերացում:


Զգալիորեն կկրճատվի միջազգային բեռնափոխադրման ծախսը

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Կաբոտաժային փոխադրումների ազատականացման փուլային ծրագրի» պահաջներn ապահովելու նպատակով: Ներկայումս Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև տրանսպորտի բնագավառում կնքված միջազգային համաձայնագրերի պահանջներին համապատասխան ՀՀ-ում և այլ պետություններում ավտոմոբիլային տրանսպորտով կաբոտաժային բեռնափոխադրումներն արգելվում են: Սակայն 2015թ. հունվարի 1-ից ՀՀ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո տրանսպորտի բնագավառի քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը համարվում է անդամ պետությունների տարածքում կաբոտաժային փոխադրումների ազատականացումը: Որոշմամբ կանոնակարգվելու են ԵԱՏՄ անդամ-պետություններում հաշվառված միջպետական բեռնափոխադրողների կողմից ՀՀ տարածքում կաբոտաժային փոխադրումները: Բացի այդ, ՀՀ-ում հաշվառված բեռնափոխադրողները միջպետական բեռնափոխադրում կատարելուց հետո անդամ-պետության տարածքում կարող են իրականացնել մեկ կաբոտաժային բեռնափոխադրում։ Այն հնարավորություն կտա զգալիորեն կրճատել միջազգային բեռնափոխադրման ծախսը և կհանդիսանա լրացուցիչ եկամուտի աղբյուր հայ բեռնափոխադրողի համար: Արդյունքում հայ բեռնափոխադրողները տվյալ բնագավառում կկատարեն ներդրումներ, ինչը կնպաստի տրանսպորտային պարկի թարմացմանը, միջպետական բեռնափոխադրումների զարգացմանը:
Գործադիրը հաստատել է գնումների գործընթացի կազմակերպման կարգը
Կառավարությունը հաստատել է գնումների գործընթացի կազմակերպման կարգը և ուժը կորցրած ճանաչել նախկինում ընդունած որոշումներից մեկը: Ըստ այդմ՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգը կհամապատասխանեցվի «Գնումների մասին» օրենքի պահանջներին: Այսպիսով, կկարգավորվեն, մասնավորապես, ՀՀ տարածքից դուրս գնումների կատարման, գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման և ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները: Կսահմանվեն նաև «փոխկապակցված անձինք» հասկացությունը և այդ անձանց կողմից գնման ընթացակարգերին մասնակցության սահմանափակման դեպքերը, հրավերի և պայմանագրի հիմնական պայմանները, կենտրոնացված կարգով գնում կատարելու կարգը և կենտրոնացված եղանակով գնում կատարող լիազոր մարմինը կամ իրավաբանական անձը: Ինչպես նշել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, օրենքով նախատեսվել են մի շարք փոփոխություններ գնումների գործընթացում, պարզեցվել են ընթացակարգերը: Ըստ նախարարի, մասնավորապես, փոփոխությունների է ենթարկվել երաշխիքի ինստիտուտը. պետության կարիքների համար գնումներում ներդրվել են ռիսկերի կանխարգելիչ մեխանիզմներ՝ տնտեսվարողների համար խնդիրներ չստեղծելով: «Նախ տարանջատել ենք 70 մլն դրամ և դրանից բարձր գնումները: 70 մլն դրամից բարձր գնումներում մենք դրել ենք պարտադիր բանկային երաշխիքի պահանջը»,-նշել է նախարարը: Վարդան Արամյանը ընդգծել է, որ կարգի նպատակը գնումների գործընթացում թափանցիկության, պատասխանատվության բարձրացումն է: Անդրադառնալով հարցին՝ Կարեն Կարապետյանը հորդորել է լինել ուշադիր և չդնել այնպիսի պայման, որը կբերի ծառայության գնի թանկացման: Վարչապետը նշել է նաև, որ ՀՀ պաշտպանության և ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ քննարկել են պաշտպանության նախարարության պահանջների համար գնումների հատուկ կարգ հաստատելու հարցը, որպեսզի մեր ֆերմերները կարողանան ուղղակիորեն մասնակցել այդ գործընթացին:«Մեր հիմնական նպատակն առավելագույն ցածր գնով առավելագույն որակյալ ապրանք և ծառայություն ձեռք բերելն է»,- ի պատասխան նշել է Վարդան Արամյանը:
«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի լիարժեք կիրարկումն ապահովելու նպատակով գործադիրը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Հաստատվել են ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից 2017թ. իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագրերը:
ՊԵԿ-ը կշարունակի արտոնյալ պայմաններով նոր սերնդի ՀԴՄ-երի տրամադրումը
Կառավարության որոշմամբ հսկիչ-դրամարկղային մեքենաներով տնտեսավարողներին ապահովելու նպատակով գումար կհատկացվի Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակին: Դա կապահովի տնտեսավարող սուբյեկտներին ՀՀ կառավարության սահմանած արտոնյալ պայմաններով նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների տրամադրման գործընթացի շարունակականությունը: ՓՄՁ սուբյեկտներին և գյուղական համայնքներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին նոր սերնդի ՀԴՄ-ները տրամադրվում են արտոնյալ պայմաններով, իսկ սահմանամերձ գյուղերում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին՝ անվճար: Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է, թե քանի ՀԴՄ է անհրաժեշտ ամբողջ դաշտը փակելու համար: ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանը նշել է, որ անհրաժեշտ է 25 հազար ՀԴՄ, որի ձեռք բերումը նախատեսվում է իրականացնել մինչև տարեվերջ:
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ազատականեցնելով ՀՀ-ում շահագործվող հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման գործընթացը: Որոշմամբ նախատեսվում է, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման կազմակերպումն կիրականացվի Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակի հետ պայմանագիր կնքած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի միջոցով: Սահմանվում է նաև հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման համար իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գրանցամատյանում գրանցման, գրանցումից հանման, ինչպես նաև այդ գրանցամատյանի վարման կարգը: Ամրագրվում է նաև, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման գների առավելագույն չափերը չեն կարող գերազանցել ՀՀ կառավարության 2012թ. համապատասխան որոշմամբ հաստատված գների համապատասխան չափերին:
Կապահովվի հեպատիտ Ց-ով հիվանդների բուժման արդյունավետությունը
Կառավարությունը որոշել է ընդունել Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերած «Սովալդի» (Sofosbuvir tablets of 400 mg N28) դեղը` հեպատիտ Ց հիվանդությամբ տառապող անձանց առողջական վիճակը բարելավելու նպատակով օգտագործելու պայմանով: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանը վիրուսային հեպատիտների առումով համարվում է միջին տարածվածության երկիր, որովհետև ըստ նախնական հետազոտությունների հայ ազգաբնակչության 2 տոկոսը համարվում է վիրուսային հեպատիտ Բ-ով, իսկ 4-5 տոկոսը վիրուսային հեպատիտ Ց-ով վարակվածներ: Սովալդի դեղի համակցումը հակավիրուսային նույն սերնդի երկրորդ, իսկ որոշ դեպքերում՝ երրորդ դեղամիջոցներով հնարավոր է ապահովել հեպատիտ Ց-ով 95 տոկոս հիվանդների բուժման արդյունավետությունը Հայաստանի Հանրապետությունում:


Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Գործադիրը որոշել է երեք տարով հետաձգել ներդրումային ծրագրի շրջանակում «Կապավոր» ՍՊԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: Ընկերությունը նախատեսում է իրականացնել խոշորագույն շինարարական աշխատանքներ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքներում։ Վերազինման աշխատանքների իրականացման նպատակով նախատեսվում է ներդրումներ կատարել շուրջ 1 մլրդ ՀՀ դրամի չափով, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 885 մլն ՀՀ դրամ: Արդյունքում կստեղծվի մոտ 167 աշխատատեղ` 2017թ. 165, 2018թ. 172, 2019թ. 180 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:
Կառավարության որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում երեք տարով կհետաձգվի նաև «Սևանի իշխան» ՓԲԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի վճարման ժամկետը: Ընկերությունը նախատեսում է համալրել մանրաձկան և վերամշակման արտադրություններն անհրաժեշտ սարքավորումներով, որտեղ առաջիկա տարիների ընթացքում կաճեցվեն և կվերամշակվեն Սևանի իշխանի գեղարքունի և ամառային ենթատեսակներ ու ստեղծել ձկան սելեկցիոն տնտեսություն և բացօթյա ավազաններ: Ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 682 մլն ՀՀ դրամի չափով, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 278 մլն ՀՀ դրամ: Արդյունքում կստեղծվի մոտ 23 աշխատատեղ` 2017թ. 290, 2018թ. 290, և 2019թ. 290 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Մեկ այլ որոշմամբ էլ բավարարվել է նույն ընկերության հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:
Այլ որոշումներ
Սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ արտաքին գործերի նախարարությանը: Գումարը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու նպատակով:
Գործադիրի որոշմամբ Վաղարշապատի Ներսիսյան թիվ 6 հիմնական դպրոցի հանրակացարանում բնակվող` 1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձիք՝ թվով 6 ընտանիք, կսեփականաշնորհեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները: Ի պատասխան վարչապետի հարցմանը՝ ՀՀ ԿԱ Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշել է, որ այս պահի դրությամբ հանրապետությունում առկա է 943 չսեփականաշնորհված նման տարածք:
Կառավարության որոշմամբ կասեցվել է նախկինում ընդունած որոշումներից մեկի գործողությունը՝ ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականի կատարմամբ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող և տարիքային կենսաթոշակի իրավունք տվող՝ տարիքը չլրացած անձի աշխատանքի տեղավորման համար աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվի (քվոտա) իրավակիրառական պրակտիկայում վեր հանված մի շարք խնդիրների լուծման օբյեկտիվ անհրաժեշտությամբ պայմանավորված: Դա ենթադրում է համապատասխան փոփոխությունների նախաձեռնում «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում՝ շահագրգիռ պետական և ոչ պետական կազմակերպությունների լայն մասնակցությամբ: Որոշմամբ առաջարկվում է կասեցնել քվոտայի պահանջի կիրարկումն ապահովող իրավական ակտի գործունեությունը մինչև 2018թ. հուլիսի 1-ը:
Գործադիրն ընդունել է «Ոռոգման նպատակով 2017թ. Սևանա լճից ջրառի մասին» որոշում՝ Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու/ջրապահովվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված:
Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին ՀՀ Նախագահի անվանական թոշակի հատկացումը ապահովելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...