«Ծռության» գաղափարական վախճանը

By | 26.05.2017
Загрузка...

Այսօր մեկնարկել է Ժիրայր Սեֆիլյանի ու մյուսների դատավարությունը: Մեր խնդիրը չէ իրավական գնահատականներ տալ «Ծռության» պատմության տարբեր դրվագներին, ընթացող և ավարտված նախաքննություններին, այսօր մեկնարկած դատավարությանը: Դրա համար անհրաժեշտ է առնվազն իրավական գիտելիքների առկայություն:

Մյուս կողմից՝ Հայաստանն իրավական երկիր չէ, ու բնավ էլ այս գործընթացի քաղաքական շահառուներն օրենքի գերակայության հարցում հրեշտակներ չեն: Ժիրոյի խումբը ցանկանում էր տապալված տեսնել գործող իշխանություններին՝ հաճախ թքած ունենալով օրենքի վրա: Նույն կերպ, հիմա իշխանությունները հաշվեհարդար են իրականացնելու Սեֆիլյանենց հանդեպ՝ դարձյալ թքած ունենալով իրավունքի վրա:

Այս ամենի մեջ ինձ հետաքրքրում է խնդրի քաղաքական կողմը: Այն, որ Հայաստանի իշխանություններն անորակ ու դեսպոտ են, քրեահեն ու քրեածին՝ հայտնի է դեռ 90-ականների երկրորդ կեսից: Պարզ է նաև, որ նման իշխանությունները մտածում են վերարտադրվելու մասին և, մեծ հաշվով, քաղաքականությունն ու ընտրությունը վերածել են ծիսական, ձևական գործիքի, միջոցառման, որոնց շնորհիվ ընդամենը ժողովրդավարության պատրանք են ստեղծում՝ ամուր կառչած մնալով իրենց աթոռներին:

Այն, որ այս տարիներին ընդդիմությունը չի գտել այս այլանդակության քաղաքական հակաթույնը, խոսում է մեր քաղաքական համակարգի անտաղանդության, պրիմիտիվության մասին: Ամեն ձախողումից հետո ընդդիմության արմատական բևեռը ու հասարակության մի ստվար զանգված ուղղակի կամ անուղղակի ակնարկել են, թե սրանց՝ իշխանությունների դեմ հնարավոր է խոսել միայն իրենց լեզվով, այսինքն՝ զենքի միջոցով: «Ծռության» ծնունդը, նրա գաղափարական սնուցման աղբյուրն իշխանության դեսպոտիզմն ու ընդդիմության անտաղանդությունն է, անարդյունավետ կառավարումն ու իրական քաղաքական այլընտրանքի բացակայությունը:

«Ծռությունն» իրականում քաղաքական պրիմիտիվության կամ ավելի ճիշտ՝ դրա բացակայության դրսևորում է, որովհետև քաղաքականությունը վերանում է այն պահին, երբ թեկուզ ամենալուսավոր գաղափարի համար կրակոց է արձակվում, բռնություն է կիրառվում: Իրերը պետք է կոչել իրենց անուններով.

«Ծռությունն» ահաբեկչության դրսևորում է՝ անկախ այն հանգամանքից, որ իշխանությունները վատն են ու ժողովրդի կողմից մերժելի: Բարեբախտաբար, հասարակության մեծ մասն այս ճշմարտությունն անցած հուլիսին հասկացավ՝ իշխանության նկատմամբ զուսպ անհանդուրժողականություն ցուցաբերելով, բայց նաև չաջակցելով «Ծռությանը», այդ պլատֆորմով գործող ուժերին: Ասում են՝ չկա չարիք, առանց բարիքի: Դրականն այն է, որ մեր ժողովուրդը վերջնականապես հասկացավ՝ զինված ապստամբությունը որևէ դրական հետևանք չի կարող ունենալ, պետք չէ ապավինել փրկության՝ զենքի միջոցով: Վատ է, որ դա հասկացանք զոհերի, ձերբակալությունների միջոցով:

«Ծռությունն» այսօր ոչ թե պայքարի ու հաղթանակի, այլ անազատության ու զրկանքի, խեղճության դրսևորում է: Ու միֆ է նաև այն կարծիքը, թե «Սասնա ծռերի» գործողության շնորհիվ իշխանությունները հարկադրված գնացին բարեփոխումների: Չկա ու չէր կարող լինել նման բան, որովհետև Հայաստանում անցած մեկ տարում որևէ բան չի բարեփոխվել, ու «Ծռությունն» ընդամենը որպես պատրվակ օգտագործվել է Սերժ Սարգսյանի կողմից Հովիկ Աբրահամյանին թոշակի ուղարկելու համար:

Միանգամայն տեղին է հակառակ պնդումը՝ Ժիրոյենց շարժումն ու ՊՊԾ գնդի դեպքը միանգամայն լեգիտիմացրին ուժ կիրառելու իշխանության իրավունքը, որի անուղղակի դրսևորումներից մեկը դարձան խորհրդարանական անաղմուկ ընտրությունները:

 

Նյութը` 1in.am-ի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...