Գուրգեն Եղիազարյան. «Եթե նախագահը հրահանգեր բացահայտել ընտրակաշառքները, ոստիկանությունը չէր կարող դա չանել». «Փաստ»

By | 16.05.2017
Загрузка...

«Փաստ» օրաթերթը գրում է. Երևանի ընտրություններում ոստիկանության պահվածքը երեկվանից քննարկվում է սոցցանցերում. երբ բացահայտվեց ոչ միայն ոստիկանության անգործությունը ու գեթ մեկ ընտրակաշառք բաժանողի բացահայտելու «անկարողությունը», այլև լռելյայն համաձայնությունը 10 հազար դրամ ընտրակաշառք բաժանողների ու մարդկանց ցուցակներով բացահայտ ուղղորդողների հետ: Առավել վրդովվեցուցիչ էր՝ բռնությունը քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի ու նրա աղջկա հանդեպ:

ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը «Փաստի» հետ զրույցում ասաց, թե ընտրություններում ոստիկանության պահվածքի պատճառը նախագահի հրահանգն է, և որ «ոստիկանությունը կատարում է այն հրահանգը, ինչ–որ ստանում է»: «Դա բնական է: Դա կլինի Եվրոպայի ցանկացած երկրում, կլինի Վրաստանում: Եթե հրաման ստացան կամ ասվեց, որ պետք է էսպես արվի, ոստիկանությունը պետք է ասի՝ ո՞չ, ես դա չեմ կատարի: Այդ դեպքում պետք է դիմում գրի, հեռանա»,–իրավապահ համակարգում իրավիճակը բացահայտեց ԱԱԾ նախկին փոխնախարարը: Դիտարկմանը, թե ոստիկանությունը չպե՞տք է ծառայի օրենքին, ոչ թե երկրի նախագահին, Եղիազարյանը պատասխանեց. «Այ, եկեք սկսենք երկրի նախագահից: Ոստիկանության պահվածքի պատասխանատուն երկրի նախագահն է: Ցանկացած երկրում, ցանկացած ժողովրդավար երկրում նման կերպ է, քանի որ ժողովրդավարություն կոչվածը դագանակ է հիմարների գլխին: Պատկերացնո՞ւմ եք, եթե երկրի նախագահը հրահանգեր, որ այսուհետ ցանկացած ընտրակաշառք պետք է բացահայտվի, և ոստիկանությունը դա չաներ: Նման բան չի կարող պատահել: Նախագահը հրահանգե՞լ է բացահայտել ընտրակաշառքները և ոստիկանությունը դա չի՞ անում, նման բան չկա»:

Ըստ Գուրգեն Եղիազարյանի՝ Զարուհի Փոստանջյանի աղջկան բռնության ենթարկած ոստիկանները պետք է լրջագույնս պատժվեն: «Զարուհի Փոստանջյանը դեռ պատգամավոր է և հետևաբար անձեռնմխելի անձ էր, և ոչ մեկն իրավունք չուներ նրան փողոցում քարշ տալ, իսկ նրա աղջնակը չեմ կարծում, որ այն հանցագործը կամ իրավախախտն էր, որին պետք էր 3–4 հոգով բերման ենթարկել»,– ասաց նա:

Ինչպես հայտնի է՝ ԿԸՀ–ն ու ՀՀԿ–ն հայտարարեցին, որ Զարուհի Փոստանջյանն ու նրա աղջիկը ՀՀԿ շտաբում խախտել էին ՀՀԿ–ի ընտրական իրավունքը՝ պահանջելով բացել դարակները: «Էնպես էին խախտել, որ աղջնակին 3 տղամարդ պետք է բերմա՞ն ենթարկեին: Էդ ինչպե՞ս պետք է խախտած լիներ էդ աղջնակը էդ իրավունքը»,–հարց բարձրացրեց ԱԱԾ նախկին փոխնախարարը՝ հավելելով. «Եթե այդ նույն աչալրջությամբ հետամուտ լինեին Հայաստանով մեկ կատարվածին, պատկերացրեք, թե օրը քանի հարյուր հազար մարդ պետք է բերման ենթարկվեր»: Ոստիկանության լրատվական ծառայությունից հրաժարվեցին պատասխանել այս առիթով մեր հարցերին՝ հայտարարելով, թե Զարուհի Փոստանջյանի աղջկա դեմ բռնության գործն ուղարկվել է ՀՔԾ:

Նշենք, որ ըստ ոստիկանության կայքէջի՝ ընտրության օրը՝ մայիսի 15–ին, ժամը 12:00–ի դրությամբ, Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացել է 99 ահազանգ:

Ահազանգերից 8–ը ստացվել է քաղաքացիներից, 25–ը՝ ոստիկանության ծառայողներից, 37–ը՝ զանգվածային լրատվության միջոցներից, 6–ը՝ դիտորդներից, 2–ը՝ հանձնաժողովի անդամներից, 15–ը՝ կուսակցությունների և դաշինքի վստահված անձանցից, 6–ը՝ այլ աղբյուրներից: Հետաքննություն է կատարվում 36 ահազանգով: Այդ թվում՝ ընտրողներին կաշառք տալու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացումը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերով: Մնացած 63 ահազանգերը ստուգման փուլում են:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...