Արա Բաբլոյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչներին

By | 29.05.2017
Загрузка...

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 29-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակության անդամներին:

Արա Բաբլոյանը ողջունել է ՌԱԿ պատվիրակության անդամներին ՀՀ Ազգային ժողովում եւ ներկայացրել իր գործընկերներին՝ Էդուարդ Շարմազանովին եւ Վահրամ Բաղդասարյանին:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ՌԱԿ-ի կողմից Հայաստանում եւ Սփյուռքում իրականացվող նախաձեռնություններն ու ծրագրերը անուրանալի նշանակություն ունեն հայապահպանության ոլորտում: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Ռամկավար ազատական կուսակցությունը շուրջ իննսունհինգամյա գործունեության ընթացքում մշտապես կապված է իր ժողովրդին եւ հայրենիքին:

Արա Բաբլոյանը նշել է. «Հայաստանում բարձր են գնահատում ՌԱԿ-ի գործունեությունը տարբեր երկրներում: Այն մոտեցումները, որոնք կիրառում եք դուք, շատ գնահատելի են. բոլորիս նպատակը պիտի լինեն հայապահպան գործունեությունը եւ Հայաստանի զարգացումը»:

Անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին եւ հայրենիքում ապաստան գտած սիրիահայերին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ նրանք նոր շունչ, նոր մշակույթ են բերել Հայաստան, եւ ամեն հայ վստահ է, որ գալով հայրենիք՝ ապահով ու անվտանգ կզգա իրեն այստեղ, քանի որ մեր երկիրն այսօր օրինակելի է պետականաշինության եւ ժողովրդավարության առումով:

Արա Բաբլոյանը փաստել է, որ Հայաստանում եւ Ադրբեջանում տարբեր գործընթացներ են տեղի ունենում. «Մենք, աչքի առջեւ ունենալով պատերազմի վերսկսման վտանգը, ստեղծում ենք ժողովրդավարության ուղիով ընթացող պետություն՝ ի տարբերություն Ադրբեջանի»: Այս համատեքստում խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ խնդիրը ոչ թե տարածքներին է վերաբերում, այլ  մարդու ազատ, անկախ ապրելու իրավունքը պաշտպանելուն:

Արա Բաբլոյանը կարեւորել է ավանդական կուսակցությունների դերը ազգային շահի շուրջ միավորվելու գործում. բոլոր հայերի նպատակը պիտի լինի Հայաստանի զարգացումն ու բարգավաճումը:

ՌԱԿ-ի կենտրոնական վարչության ատենապետ, Արգենտինայի «Սարդարապատ» շաբաթաթերթի հիմնադիր Սերխիո Նահապետյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է պատվիրակության անդամներին՝ Լեւոն Բլխյան(Սիրիա), Հրայր Հովիվյան(Լիբանան), Ժենի Գրիգորյան(Սիրիա), Հայկ Լեփեջյան(Ավստրալիա), Ալեքսան Կարադանյան (Սիրիա):

Սերխիո Նահապետյանը ՀՀ ԱԺ նախագահին է ներկայացրել իրենց կուսակցության մոտեցումները տարբեր հարցերի վերաբերյալ, Հայաստան-Սփյուռք համագործակցության զարգացման ուղիները:

Կարեւորելով հայապահպանության դերը Սփյուռքում՝ Սերխիո Նահապետյանը նշել է, որ արտասահմանում գործող բոլոր կուսակցությունները պիտի միավորեն ջանքերը՝ ի նպաստ հայրենիքի զարգացման, Հայաստանի եւ Արցախի անվտանգության պահպանման:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...