ԱՎԵԼԻ ՔԱՆ 46 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՃ

By | 11.05.2017
Загрузка...
Վարդան Հարությունյանն ամփոփել է կառավարության կարճաժամկետ ծրագրի շրջանակում ՊԵԿ-ի գործունեությունը
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը մայիսի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է կառավարության կարճաժամկետ ծրագրով հարկային և մաքսային ոլորտներում նախատեսված աշխատանքների արդյունքները։ «7 ամիսների գործունեության ընթացքում հարկային եկամուտների շարունակական աճ է արձանագրվել»,-նշել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը՝ ներկայացնելով, որ 2016թ. հոկտեմբերից 2017թ. ապրիլ ամիսներին պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 653.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ՝ միաժամանակ 41.5 մլրդ դրամով նվազեցնելով գերավճարները: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի եկամուտների աճը կազմել է 46.1 մլրդ դրամ կամ 7.6%: 500.3 մլրդ դրամն ապահովվել է հարկային մարմինների, իսկ 153.5 մլրդ դրամը` մաքսային մարմինների կողմից: Հարկային մասով աճը կազմել է 43.1 մլրդ դրամ կամ 9.4%, իսկ մաքսային մասով` 3 մլրդ դրամ կամ 1.9%:

2.5 անգամ նվազել է հարկային մարմնի կողմից իրականացված հսկողական միջոցառումների քանակը. 2016թ. հոկտեմբերից մինչև 2017թ. մարտ իրականացվել է 3588 հսկողական միջոցառում՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 9090-ի համեմատ: 21%-ով էլ նվազել են պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները, սակայն լրացուցիչ վճարման ենթակա գումարն աճել է 60%-ով: «Այսինքն՝ եթե 6 ամիսների ընթացքում իրականացվել է 679 ստուգում և արձանագրվել լրացուցիչ վճարման ենթակա 12 մլրդ դրամ գումար, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում իրականացվել է 855 ստուգում, և արձանագրվել լրացուցիչ վճարման ենթակա 7.5 մլրդ դրամ»,-ընդգծել է Վարդան Հարությունյանը:

2016թ. դեկտեմբերի վերջին խոշոր հարկ վճարողների մոտ ստվերը գնահատվում էր 48,8 %: Այժմ ստվերը նվազել է և, մասնավորապես, մարտին կազմել է 33,2%: «Ստվերի կրճատմանն ուղղված հետևողական աշխատանքների արդյունքում Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից ռիսկային գնահատված հարկ վճարողների միջին ամսական ստվերը նվազել է 32%-ով»,-նշել է կոմիտեի ղեկավարը՝ հավելելով, որ տեսչությունում հաշվառված ոչ ռիսկային հարկ վճարողների կողմից 2016թ. հոկտեմբերից 2017թ. ապրիլ ամիսներին վճարված հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են ավելի քան 9 մլրդ դրամով կամ 4.6%-ով, մինչդեռ ռիսկային գնահատված 264 հարկ վճարողի կողմից վճարված հարկերն աճել են գրեթե 17 մլրդ դրամով կամ ավելի քան 30%-ով: Ընդ որում, եթե 2016թ. 4-րդ եռամսյակում տեսչությունում գրանցված 521 հարկ վճարողից ռիսկային է գնահատվել 296-ը, ապա 2017թ. առաջին եռամսյակում տեսչությունում գրանցված 617 հարկ վճարողից ռիսկային է 264-ը:

Կոմիտեն բիզնես հանրությանն ուղղված բարեփոխումներ է նախաձեռնել, որոնց մի մասն ընթացքի մեջ է։ Ընդլայնվել է մաքսային արժեքի որոշման ժամանակ գործարքի գնի մեթոդի կիրառությունը, որի տեսակարար կշիռը հասել է 68%-ի: Դեկտեմբերի 1-ից գործում է մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգը՝ ապահովելով հայտարարատուի ժամանակի խնայողություն, մաքսային մարմնի պաշտոնատար անձանց և հայտարարատուների միջև շփման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցում: «Կառավարության որոշման համաձայն՝ էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրում կարող է իրականացնել տնտեսվարող սուբյեկտն իր գրասենյակից՝ չունենալով մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում»,-հայտնել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը: Բարելավվել են մաքսային հսկողության ընթացակարգերը: «Ռիսկերի կառավարման նոր համակարգի ներդրումը հանգեցնելու է մաքսային մարմնի կողմից ֆիզիկական զննումների թվի էական կրճատմանն ու դրանց արդյունավետության բարձրացմանը»,-նկատել է Վարդան Հարությունյանը: Անդրադառնալով մաքսային մուտքի անդորրագրերի մշակման համակարգի գործարկմանը՝ նա ընդգծել է, որ ֆիզիկական անձինք այլևս ստիպված չեն վճարել մաքսային միջնորդներին՝ ապրանքի հայտարարագիր ներկայացնելու համար, քանի որ մաքսային մարմնի կողմից ձևակերպումներն իրականացվում են առանց լրացուցիչ վճարի: Ներդրվել է նաև վճարումների կենտրոնացված հաշվառման համակարգը, որն ապահովում է մաքսային մարմնի կողմից հավաքագրվող բոլոր վճարների կենտրոնացված հաշվառում և հսկողություն: «Այն նախատեսում է նաև հայտարարատուի կողմից նախկինում վճարված գերավճարներից ինքնուրույն մարումներ իրականացնելու մեխանիզմ, որը հնարավորություն է տալիս առանց մաքսային մարմին այցելելու իրականացնել մաքսային հայտարարագրով առաջացած վճարումները՝ գործընթացները դարձնելով թափանցիկ և անկողմնակալ»,-ներկայացրել է կոմիտեի նախագահը: Նա լրագրողների ուշադրությունն է հրավիրել մոնիթորինգային կենտրոնի գործարկմանը, որի նպատակը վերլուծական և ռիսկերի բացահայտման գործընթացների բարելավումն ու հարկ վճարողների գործունեության նկատմամբ իրականացվող տեսչական ընթացիկ հսկողությունը էլեկտրոնային հսկողությամբ փոխարինումն է. «Հսկիչ-դրամարկղային մեքենաներով կատարվող գործարքների մոնիթորինգի արդյունքներով հայտնաբերվում և արդեն մայիսի 5-ից ծանուցվում են ռիսկային հարկ վճարողները: Առաջիկայում նախատեսվում է ներդնել կամերալ ուսումնասիրությունների իրականացման էլեկտրոնային համակարգ, իսկ կոմիտեում իրականացվող վերլուծությունները կենտրոնացնել մոնիթորինգային կենտրոնում»:

ՊԵԿ-ը շարունակել է նաև գործարքների ամբողջական փաստաթղթավորման մշակույթի ներդրման աշխատանքները: «Ստվերի կրճատմանն ուղղված միջոցառումներն առաջնահերթ իրականացվել և իրականացվելու են բացառապես այն հարկ վճարողների նկատմամբ, որոնք կանխամտածված չեն կատարում հարկային պարտավորությունները»,-ընդգծել է Վարդան Հարությունյանը: Օրենսդրական նախագծերից նա առանձնացրել է ինքնազբաղված անձանց համար հարկային արտոնությունների սահմանումը և պարզեցված ընթացակարգով հարկ վճարողների լուծարումը. «ՊԵԿ-ի նախաձեռնած բարեփոխումներն առավելապես ուղղված են եղել ներդրումային միջավայրի բարելավման նպատակով հարկային արտոնությունների ընդլայնմանը, մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, ստվերի դեմ պայքարին և օրինապահ հարկ վճարողների համար տնտեսական խթանների ընդլայնմանը: Առաջին փուլի արդյունքները հիմք են տվել նախագծելու առավել համարձակ ծրագրեր, որոնց մի մասի մեկնարկն արդեն տրվել է»: Մասնավորապես՝ մշակվել է մեքենաների, սարքավորումների և հումքային ապրանքների ներմուծումն ԱԱՀ-ից ազատելու օրենսդրական նախագծերի փաթեթ և կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերի շրջանակում ձեռք բերվող հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվել է մեկ տարի: «Նախագծերը տնտեսվարողների ներդրումային ակտիվության բարձրացմանն ուղղված լրացուցիչ հարկային խթաններ են սահմանում՝ հնարավորություն ընձեռելով էականորեն կրճատել կատարված ներդրումների հետգնման ժամկետը»,-նկատել է ՊԵԿ նախագահը՝ ներկայացնելով նաև արտահանումը խթանող ԱԱՀ-ի զրոյական գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցման պարզեցված ընթացակարգի ու հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների գերազանցող մասը հարկային այլ պարտավորությունների դիմաց հաշվանցելու նախաձեռնությունները:

Բարեփոխումների երկրորդ փուլից Վարդան Հարությունյանն առանձնացրել է ՓՄՁ սուբյեկտների շրջանառության հարկի հաշվարկման ինքնաշխատ համակարգի ներդրումը, որը շրջանառության հարկի հաշվարկը ՓՄՁ-ներին հասանելի կդարձնի նաև ՀԴՄ-ի միջոցով, իսկ նախնական տեղեկատվության տրամադրման համակարգի գործարկման դեպքում առավել դյուրին կդառնա սահմանահատումը. «Մաքսային հսկողությունն ավարտելու համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերն ու հայտարարագրման գործընթացը կենտրոնացվելու են մեկ վայրում, ստեղծվելու են մաքսային լաբորատորիաներ՝ կրճատելու նպատակով տնտեսավարող սուբյեկտների նյութական և ժամանակային ռեսուրսները»: ՊԵԿ նախագահն անդրադարձել է նաև 2018թ.-ից անձնական հաշվի քարտերի ավտոմատացված համակարգի գործարկմանը, որի արդյունքում հարկ վճարողը հնարավորություն կունենա հենց գրասենյակից էլեկտրոնային եղանակով ծանոթանալու իր հարկային պարտավորություններին և կատարելու վճարումներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...