Ամերիկահայությունը անգնահատելի ներդրում է կատարում ԱՄՆ զարգացման գործում. պետքարտուղար

By | 03.05.2017

Հայաստանի արտաքին գործերի նախարարը և ԱՄՆ պետական քարտուղարը ուղերձներ փոխանակեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ նախորդ քառորդ դարի ընթացքում Հայաստանը և Միացյալ Նահանգները ձևավորել են փոխադարձ վստահության և հարգանքի վրա խարսխված բարեկամական հարաբերություններ և տարբեր ոլորտներում բազմաթիվ նշանակալի ձեռքբերումներ են արձանագրել:

Հայաստանի արտգործնախարարն ընդգծում է, որ Միացյալ Նահանգներն առաջին պետությունն էր, որ իր դեսպանությունը հիմնեց Երևանում և կանգնեց նորանկախ պետության կողքին, այդ թվում՝ լայն աջակցության ծրագրերի միջոցով, որոնք հատկապես կենսական էին պետության կայացման առաջին տարիներին:

Նախարար Նալբանդյանը գրում է, որ հայ-ամերիկյան բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը վերընթաց զարգացում է ապրում: Երկու երկրները սերտորեն համագործակցում են միջազգային կազմակերպություններում՝ իրենց ներդրումը բերելով միջազգային ջանքերին՝ լուծումներ գտնելու ընդհանուր մարտահրավերներին և սպառնալիքներին:

Հայաստանի արտգործնախարարը համոզմունք է հայտնում, որ Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովն ու Առևտրի և ներդրումների խորհուրդը տնտեսական համագործակցությունը առաջ մղելու արդյունավետ ձևաչափեր են հանդիսանում: Անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ զարգացման և ներդրումային ծրագրերին՝ նախարար Նալբանդյանը նշում է, որ դրանք երկկողմ համագործակցության կարևոր մաս են կազմում, որը մենք նպատակադրված ենք առավել ընդլայնել:

Իր ուղերձում Էդվարդ Նալբանդյանը շեշտում է, որ երկու երկրների հասարակությունների միջև շփումները խորանում են: Նախարարի խոսքերով, Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև արդյունավետ համագործակցություն է ծավալվում գիտության, տեխնոլոգիաների, մշակույթի, կրթության և շատ այլ ոլորտներում:

ՀՀ արտգործնախարար Նալբանդյանը նշում է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, և վերահաստատում է Հայաստանի վճռականությունը՝ շարունակելու համանախագահների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:

Էդվարդ Նալբանդյանը շեշտում է ԱՄՆ հայ համայնքի շոշափելի ներդրումը երկու պետությունների միջև հարաբերություններում` համոզմունք հայտնելով, որ այն կշարունակի հայ-ամերիկյան գործընկերության կարևոր կամուրջ հանդիսանալ:

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն իր ուղերձում բարձր է գնահատում նախորդ քառորդ դարի ընթացքում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ծավալված գործընկերությունը:

ԱՄՆ պետքարտուղարը շեշտում է, որ Միացյալ Նահանգները հպարտ է Հայաստանի անկախությունից ի վեր միասին գրանցած ձեռքբերումներով:

Պետքարտուղար Թիլերսոնը նշում է, որ ամերիկահայությունը անգնահատելի ներդրում է կատարում Հայաստանի և Միացյալ Նահանգների զարգացման գործում:

Խոսելով հայ-ամերիկյան հարաբերությունների ապագայի մասին` Ռեքս Թիլերսոնն ընդգծում է, որ Միացյալ Նահանգները կշարունակի Հայաստանի կառավարության, գործարար շրջանակների և քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը՝ անվտանգությունը, ժողովրդավարությունն և տնտեսական զարգացումը խթանող նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ:

Անդրադառնալով ԱՄՆ և Հայաստանի միջև աճող տնտեսական համագործակցությանը՝ պետքարտուղար Թիլերսոնը նշում է, որ հատկապես խոստումնալից են վերջին տարիներին պատմական բարձր մակարդակի հասած ԱՄՆ ներդրումները Հայաստանում:

ԱՄՆ պետքարտուղարն ընդգծում է, որ Հայաստանն ունի հսկայական ներուժ, և լավատեսություն է հայտնում երկու երկրների միջև փոխշահավետ առևտրատնտեսական կապերի հետագա ամրապնդման հնարավորությունների շուրջ:

Պետքարտուղարը շեշտում է, որ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Միացյալ Նահանգները շարունակում է վճռական հանձնառությունը՝ աջակցելու ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը:

Armedia.am

 

Ի՞նչ մութ խաղեր են խաղում վարչապետն ու Զարեհ Սինանյանը

31.07.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

Սա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են.Միհրան Հակոբյան

03.08.2020

ԶՈՄԲԻՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

02.08.2020

Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»

05.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով