Աղմկոտ մահափորձեր Երևանում․Հայաստանը` քրեական արյունոտ «պատերազմների» շեմին

By | 25.05.2017
Загрузка...

Երևանում մահափորձ է կատարվել հանցագործ աշխարհում հայտնի երկու հեղինակությունների նկատմամբ: Թիրախում են եղել Վստրեչի Ապեր մականվամբ Արամ Վարդանյանը և երկար տարիներ Իտալիայում բնակվող և վերջերս Հայաստան վերադարձած Դոն Պիպո մականվամբ, էջմիածնեցի Արթուր Ասատրյանը: Ըստ տեղեկությունների՝ նրանք չեն տուժել: Սա քրեական աշխարհում տեցի ունեցած խոշոր աղմկոտ միջադեպն է ` Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո:

Հայաստանում, մեծ հաշվով, գոյություն չունի այն սահմանը, «կարմիր գիծը», որը քաղաքական, պետական համակարգը տարանջատում է քրեական աշխարհից: Իշխանությունը սերտաճած է օլիգարխիայի հետ, քրեականներն, այս կամ այն կերպ, ուղղակի ներգրավված են օլիգարխիայի, ուրեմն նաև` իշխանության հաշիվներում:

Նույն Վստրեչի Ապերը սերտ առնչություններ ունի օլիգարխիայի խորհրդանիշներ Սամվել Ալեքսանյանի(Լֆիկ Սամո) և Ռուբեն Հայրապետյանի(Նեմեց Ռուբո) հետ, կարևոր դերակատարություն է ունեցել ՀՀԿ-ի խորհրդարանական ընտրարշավում, Դոն Պիպոն Հայաստանի ներդրողների ակումբի անդամ է, մեկն այն մարդկանցից, ում ներդրումների շնորհիվ Հայաստանը վերածվելու է Սինգապուրի: Ներդրողների ակումբի անդամ է նաև վերջերս Չեխիայում ձերբակալված քրեական հայտնի հեղինակություն Ռոբսոնը, ով այնքան «պետական» մարդ է, որ ուներ Հայաստանի դիվանագիտական անձնագիր և չեխական սկանդալից հետո` արժանացավ Հայաստանի կառավարության տարբեր օղակների հրապարակային աջակցությանը: Թվարկումը կարող ենք շարունակել, ամբողջացնել: Նույն Ծառուկյանի Էդոն քրեական աշխարհի ներկայացուցիչ է ու հիմա, ըստ էության, «պետական» կարգավիճակ ունի` պաշտոնական գործառույթ ունենալով ԱԺ թվաքանակով երկրորդ խմբակցության ղեկավարի կողքին:

«Երրորդմասցու» սպանության մեջ մեղադրվող Գաստրիկը ոչ անհայտ Մհեր Սեդրակյանի(Թոխմախի Մհեր) քրեական միջավայրում մեծացած մեկն է: Կամ Հայաստան ժամանող «օրենքով գողերին» ընդունում են ու նրանց թանկարժեք այցերը և անվտանգությունն ապահովում են Սերժ Սարգսյանի մերձավորները` նույն Լֆիկ Սամոն ու Նեմեց Ռուբոն:

Հայաստանում չկա սահմանազատում իշխանության, օլիգարխիայի և քրեականների միջև. նրանք մի համակարգ են, նրանց «դաշինքն» ավելի ամրապնդվել է Մարտի 1-ի ոճրագործությամբ: Հիմա, երբ Հայաստանի իշխանության վերնախավում սպասվում են լուրջ փոփոխություններ, ընթանում է ներհամակարգային դիմակայություն` որոշակի սրացումներով, սա անդրադառնալու է ամբողջ համակարգի կայունության, դրա տարբեր սեգմենտների բարդ հարաբերությունների վրա: Երբ բախվում են պետական գերատեսչությունների շահեր, դա համակարգային դիմակայության լոկալ դրսևորում է: Տեղի է ունենում Հայաստանի իշխանության վերաբաժանում, որը չի կարող չանդրադառնալ օլիգարխիկ հանակարգի վրա` հանգեցնելով նաև սեփականության վերաբաժանումների:

Դա այդպես է, որովհետև Հայաստանում իշխանությունը օլիգարխիկ է , նաև` քրեական, ու, բնականաբար, «վերնաշենքի» ցնցումները խթանելու են լարվածությունը համակարգի մյուս հատվածում` քրեական աշխարհում` «տաքացնելով» հին ու նոր հարցեր, վեճեր: Երեկվա միջադեպը դրա ապացույցն է ու նաև քրեական արյունոտ «պատերազմների» մեկնարկի ազդարարումը:

Նյութը ` 1in.am կայքի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...