ՀՀԿ-ն ընտրեց թեկնածուին

By | 07.04.2017
Загрузка...

Հանրապետական կուսակցությունը երեկ որոշում է կայացրել գործկոմի նիստում, որ Երեւանի քաղաքապետի ընտրության իր թեկնածուն կլինի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մարգարյանը նաեւ խորհրդարանի ընտրության ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարն էր: Այս որոշումն, իհարկե, սպասելի էր: Տարոն Մարգարյանը ունի որոշակի դրական վարկանիշ, եւ ՀՀԿ-ն հազիվ թե այս պահին գտներ ավելի հարմար թեկնածու, նկատի ունենալով նաեւ այն, որ Մարգարյանը ունի նաեւ որոշակի ձեւավորված թիմ ընտրական արշավի համար:

 

Այսինքն՝ ՀՀԿ-ն ընտրեց իր համար նվազագույն ռիսկային տարբերակը: Մյուս կողմից հստակ է նաեւ, որ խորհրդարանի ընտրությունից մեկուկես ամիս հետո տեղի ունեցող քաղաքապետի ընտրությունը էապես չի տարբերվելու իր բնույթով,թեեւ, իհարկե, անկասկած կա այն հանգամանքը, որ Երեւանի ընտրողների վրա առավել բարդ է կիրառել ազդեցության այն գործիքները, որ աշխատում են մարզերում, գյուղական համայնքներում:

Սակայն սրանով հանդերձ, հատկապես խորհրդարանական ընտրությունից հետո առկա մթնոլորտում Երեւանի քաղաքապետի ընտրություններում կանխատեսելիության աստիճանը դառնում է երեւի թե սովորականից ավելի բարձր: Այստեղ, իհարկե, հետաքրքրության է արժանի այն, թե արդյո՞ք կստացվի խորհրդարանի փոքր արտապատկերը Երեւանի ավագանու ընտրություններում, թե՞ ոչ: Թեեւ, ուրիշ ինչ կարող է ստացվել:

Այնուհանդերձ հետաքրքիր է, թե որեւէ այլ մասնակից կփորձի քաղաքականացնել ընտրությունները: Որովհետեւ ՀՀԿ-ն, անկասկած, դարձյալ կանի ամեն ինչ կուսակցական ցուցակներով ընտրությունը կենցաղայնացնելու համար: Քաղաքականացման առնվազն երկու հավակնորդ, կարծես թե, հստակ է, դա «Ելք» դաշինքն է և նախկին ժառանգական Զարուհի Փոստանջյանի ստեղծած «Երկիր Ծիրանի» կուսակցությունը։ Վերջինը լինելու է, ըստ էության, այդ կուսակցության ընտրական նորամուտը եւ սա ենթադրում է, որ իրականում խնդիրը կլինի ոչ թե հաղթելը, այլ ճանաչվելը:

Այս տեսանկյունից թվում է, որ երկու քաղաքական ուժերը կփորձեն առավելություն ցուցանել ոչ միայն իշխող ՀՀԿ-ի, այլ նաեւ մյուս մասնակից ուժերի հանդեպ: ՀՀԿ-ի մրցակիցը մեծ հաշվով, հաշվի առնելով նաեւ խորհրդարանական ընտրությունների թողած նստվածքը, կլինի ոչ այնքան որեւէ այլ ուժ, այլ հենց ինքը ՀՀԿ-ն, իր մեջ արդեն եռման կրիտիկական աստիճանի մոտեցող 2018-ի խնդրով, որը անկասկած չի կարող իր հետքը չթողնել թե՛ քաղաքապետի ընտրությունների, եւ թե՛ հենց քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի վրա:

 

Նյութի աղբյուրը` 1in.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...