ՀՀԿ-ի համար ձայներ հավաքագրած տնօրենները դատի են տվել Իոաննիսյանին. armtimes.com

By | 10.04.2017
Загрузка...

Խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀԿ-ի համար ընտրողների ցուցակագրմամբ «զբաղված» 30 դպրոցի եւ մանկապարտեզի տնօրեններ հայց են ներկայացրել՝ ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ՀԿ-ի եւ Դանիել Իոաննիսյանի:

Մարտի 24-ին «Իրազեկ քաղաքացիների միավորման»`ապատեղեկատվության դեմ պայքարող SUT.am կայքը հրապարակեց 84 դպրոցների եւ 30 մանկապարտեզների տնօրենների հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ, որոնք վկայում էին այն մասին, որ տնօրենները զբաղված են ՀՀԿ-ի համար ընտրողների ցուցակագրմամբ: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ն ձայնագրություններից վերծանել եւ հրապարկել է մասնավորապես այն հատվածները, երբ տնօրենները խոստովանում են, թե ՀՀԿ տարածքային որ կառույցի, շտաբի կամ որ վարչական մարմնի կողմից են ուղղորդվել։

Մեզ հաջողվեց պարզել, որ 30 դպրոցի եւ մանկապարտեզի տնօրեններ պահանջում են հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները: Բացի դրանից նրանք նաեւ փոխհատուցում են պահանջում: Հայցվոր տնօրեններից այսօր փորձեցինք ճշտել, թե հատկապես ո՞ր տվյալներն են իրենք զրպարտություն համարում եւ որքա՞ն փոխհատուցում են պահանջում: Մասնավորապես Երեւանի թիվ 71 դպրոցի տնօրեն, հայցվոր Գայանե Դեմիրյանը մեր հարցը դեռ չավարտած ասաց, որ չի ցանկանում խոսել այդ մասին. «Ուղղակի չեմ ուզում ընդհանրապես անդրադառնալ»,-եզրափակեց նա: Երեւանի թիվ 17 դպրոցի տնօրեն Լիլիթ Թեւանյանը նույնպես խոսել չցանկացավ: «Հեռախոսով ոչ մի հարցի չեմ պատասխանում»,- ասաց տնօրենը եւ անջատեց խոսափողը: Աղմկոտ ձայնագրություններից հետո տնօրենները խուսափում են հեռախոսով հարցերին պատասխանել: Գյումրու թիվ 3 դպրոցի տնօրեն Կարեն Դարբինյանը, որը նույնպես հայց է ներկայացրել, խորհուրդ տվեց բոլոր հարցերն ուղղել իր փաստաբանին: Վերջինիս ներկայացուցիչ, փաստաբան Հարություն Հարությունյանըպատասխանեց հայցի վերաբերյալ մեր մի քանի հարցերին:

Պարոն Հարությունյան, ձեր վստահորդը ո՞ր տվյալներն է զրպարտություն համարում եւ պահանջում հրապարակայնորեն հերքել դրանք:

-Զրպարտությունը վերաբերում է նրան, որ SUT.am-ի հրապարակման մեջ նշվում է՝ ՀՀԿ-ն վարչական ռեսուրս է չարաշահել եւ որպես վարչական ռեսուրսի չարաշահման ապացույց, նշված է դպրոցի տնօրենների եւ մանկապարտեզի տնօրենների կողմից ինչպես անձամբ, այնպես նաեւ ուսուցիչների կամ դայակների միջոցով ռեսուրսի կիրառման մասին: ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ընտրողները, թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն իրավունք ունեն օրենքով չարգելված ձեւերով քարոզչություն կատարելու թեկնածուի, կուսակցության, կուսակցության դաշինքի օգտին կամ դեմ: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել, ի թիվս այլոց, ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...