Հայաստանցի փորձագետներ․ Թուրքիան «ավելի վտանգավոր ու անկանխատեսելի կդառնա»

By | 18.04.2017
Загрузка...

Հայաստանյան փորձագետները վստահ են, թե սահմանադրական փոփոխությամբ նախագահ Էրդողանը Թուրքիան միանձնյա կառավարելու հնարավորություն ստացավ, ինչը նրան «ավելի անկանխատեսելի ու վտանգավոր կդառնա»:

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ գրեթե բացարձակ իշխանություն ստացած Էրդողանը կսկսի վարել ավելի ծայրահեղական քաղաքականություն․«Հաշվի առնելով Թուրքիայի ավանդույթները, հաշվի առնելով կայսերական անցյալը, հաշվի առնելով Էրդողանի մարդկային հատկությունները, որպես պետական գործչի հատկությունները՝ եղավ այն, ինչ որ սպասվում էր: Թուրքիան վերադարձավ Աթաթուրքի շրջանին»:

Սաֆրաստյանը հայ-թուրքական հարաբերություններում էական փոփոխություն չի ակնկալում․«Հայաստանը աշխարհաքաղաքական առումով, տնտեսական առումով Թուրքիայի համար ներկա պայմաններում առաջնային նշանակություն չունի, դրա համար կարելի է թողնել հարաբերությունները նույն՝ գոյություն չունեցող մակարդակի վրա»:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը վստահ է, որ բացարձակ նախագահական կառավարման համակարգում Էրդողանը գրեթե «սուլթանին հավասար» իշխանություն կունենա, ինչը նրան առավել վտանգավոր է դարձնում․ — «Սա միայն անցում չէ կառավարման նախագահական համակարգի: Սա նշանակում է նաև ավելի հզոր նախագահ՝ առանց հաշվետողականության, ով ունի իշխանություն թույլ դատական համակարգի ու մարգինալացած խորհրդարանի նկատմամբ: Այսպիսի մեկ մարդու համակարգն իրապես վտանգավոր է, ինչպես Ստալինի ու Հիտլերի պարագայում»:

Փորձագետի պնդմամբ, իշխանությունն ամրապնդելով Էրդողանը հանդիպելու է Արևմուտքի դատապարտմանը, ինչը Թուրքիան ավելի կմոտեցնի Ռուսաստանին՝ վտանգ ստեղծելով Հայաստանի համար․ «Մենք պետք է ողջունենք․ բայց հավանաբար նաև զգուշանանք Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունների բարելավումից, ինչը կարող է առնչվել Լեռնային Ղարաբաղի խնդրին: Տարածաշրջանային հեռանկարի առումով մենք պետք է վախենանք պատմության կրկնությունից, երբ ռուս-թուրքական համագործակցության արդյունքում մենք կրկին կորուստ կունենանք»:

Թուրքիայում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ոչ մի կերպ չի կարելի բարեփոխում անվանել: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ հավելելով, որ հանրաքվեի արդյունքում նախագահը միահեծան իշխանություն է ունենալու:

Բագրատ Էստուկյանը նշեց, որ Թուրքիայի հայ համայնքը դեմ է արտահայտվել սահմանադրական փոփոխություններին, և բոլորը «ոչ» են քվեարկել: «Բայց, ցավոք, «այո»-ն հաղթեց, ինչը սպասելի էր: Այս ամենից հետո երկրում քաղաքական իրավիճակն ավելի  բարդ կլինի»,- նշեց «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի գլխավոր խմբագիրը:

Թուրքիայում ապրիլի 16-ի հանրաքվեի արդյունքներով ընդունված սահմանադրական փոփոխությունները պետությունը տանում են մի ճանապարհով, որով երկիրը շատ դժվար է լինելու կառավարել: Հայտարարել է Ահմեդ Դավութօղլուի վարչապետության օրոք նրա գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը:

«Սահմանադրական փոփոխությունների առաջարկը ներկայացնող երկու կուսակցությունները («Արդարություն և զարգացում» ու «Ազգայնական շարժում» կուսակցությունները — խմբ.) համատեղ շուրջ 63 տոկոս ձայն ունեն, սակայն այս հանրաքվեով կարողացան ստանալ ընդամենը 51 տոկոս: ԱԶԿ-ԱՇԿ կոալիցիան ցանկալի արդյունք չկարողացավ տալ: Նրանք երեք խոշոր քաղաք կորցրեցին: Այս ամենը մեզ տանում է դեպի դժվար կառավարվող Թուրքիա»,- նշել է Մահչուփյանը:

Մտավորականը հանրաքվեի արդյունքները դրական է գնահատել «Ազգայնական շարժում» կուսակցության համար` նշելով, որ նա վերածվել է իշխող կուսակցության կարևոր գործընկերոջ: «Այսուհետ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ցույց կտա, որ դատապարտված է ԱՇԿ-ին: ԱՇԿ-ն այս գործում հաղթող դուրս եկավ: ԱԶԿ-ն կորցրեց, քանի որ այն, ինչ կարող էր անել միայնակ, ուրիշի հետ արեց»,- հայտարարել է Մահչուփյանը:

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...