Խորհրդավոր ընթրիք. հանդիպել են երկու Կարեն Կարապետյանները և Գագիկ Բեգլարյանը. «Փաստ»

By | 11.04.2017
Загрузка...

«Փաստ»-ի  հավաստի տեղեկություններով` երեք օր առաջ Թումանյան–40 հասցեում գտնվող «Ai Leoni» ռեստորանում հանդիպել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը ու տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը:

Հանդիպման «քավորը» «Տաշիրի» Կարենն է եղել: Բոլորին հայտնի է, որ Գագիկ Բեգլարյանն ամեն ինչ անում էր, որպեսզի իշխանությունները Երևանի քաղաքապետի ընտրության հարցում նախընտրեն իր թեկնածությունը: Ու նաև այդ նպատակով էր կենտրոնում դրել իր եղբոր` Հակոբ Բեգլարյանի թեկնածությունը խորհրդարանական ընտրություններում:

Հակոբը հավաքեց 26001 ձայն: Սա բավականին մեծ թիվ է, սակայն Գագիկ Բեգլարյանի հակառակորդ Տարոն Մարգարյանն իր աներձագի` Ռոբերտ Սարգսյանի հետ ՀՀԿ–ի համար հավաքեց ավելին` 27.107 ձայն: Ի վերջո, իշխող կուսակցությունն այսօր քաղաքապետի պաշտոնում տեսնում է Տարոն Մարգարյանին:

Ինչևէ, խոսենք «Ai Leoni» ռեստորանի խորհրդավոր ընթրիքից: Վարչապետ Կարեն Կարապետյանը, գաղտնիք չէ, իր կառավարության կազմում չի ուզում ընդգրկել Գագիկ Բեգլարյանին: Ու ոչ միայն չի ուզում, այլև, ըստ որոշ լուրերի, նրա մասին չի էլ ցանկանում լսել: Այս դեպքում ինչո՞ւ են հանդիպել նրանք և ինչի՞ շուրջ են զրուցել երեքով:

Ամենայն հավանականությամբ, «Տաշիրի» Կարեն Կարապետյանը վարչապետին փորձել է համոզել, որ նա «փեշի քարը թափի» և Գագիկ Բեգլարյանին ընդգրկի կառավարության կազմում: Մինչ այսօր վարչապետն անդրդվելի էր: Սակայն, մեր կարծիքով անուղղակի ճնշումները կշարունակվեն: Խնդիրը միայն Գագիկ Բեգլարյանը չէ, շատ ՀՀԿ–ականներ զգալի քանակի ձայներ են բերել կուսակցությանը և այժմ փորձելու են որպես փոխհատուցում պաշտոն ստանալ»:

 

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...