Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ

By | 07.04.2017
Загрузка...

«Սիրելի մայրեր,

շնորհավորում եմ Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ:

Իր նշանակությամբ ու բովանդակությամբ այս օրը խորհրդանշում է արժեքների մի ամբողջություն, որոնք առաջնահերթություն են մեզանում, որոնք մեր կյանքը դարձնում են ավելի լուսավոր ու իսկապես հարուստ, որոնք ամրապնդում են մեր հոգեւոր ու բարոյական ուղենիշները: Այդ արժեքներից յուրաքանչյուրն ունի որոշակի չափ ու սահման, սակայն ձեր՝ մայրերիդ պարագայում նրանք գոյություն ունեն անսահմանության մեջ:

Դուք կարողանում եք անսահմանորեն եւ անչափելի գեղեցկացնել ու հարստացնել կյանքը՝ լույս աշխարհ բերելով երկրի հերթական քաղաքացուն: Դուք կարողանում եք սիրել ու նվիրվել, համբերել ու ներել առանց չափ ու սահման դնելու:

Բայց այս յուրահատուկ՝ միայն մայրերիդ բնորոշ անսահմանության մեջ դուք մշտապես կարողանում եք ձեր մեջ տեսնել հայրենիքի սահմանը, որն ամենաշատը պաշտպանված լինելով, այդուհանդերձ, շարունակական պաշտպանության ու հոգածության կարիքն ունի: Եւ առանց վարանելու դուք նաեւ կարողանում եք ձեր զավակին ուղարկել հայրենիքի սահմանի անխախտելիությունն ապահովելու:

Երախտագիտության խորին զգացումով վերստին շնորհավորելով այս լուսառատ տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ, սիրելի մայրեր, առողջություն, սեր, երջանկություն եւ ջերմություն, այն, ինչ յուրաքանչյուր զավակ, ձեր շնորհիվ կյանք առնելով, մշտապես ստանում է ձեզնից: Թող ձեր յուրաքանչյուր օրը բացվի խաղաղությամբ»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...