Ջրառատի գյուղապետն ու Մանվել Մելքոնյանը բերման կենթարկվեն

By | 18.03.2017

Ջրառատում վիրավորվածի հայրը՝ Մանվել Մելքոնյանը, ով պնդում էր, որ գյուղում կրակոցներով ուղեկցված արյունալի միջադեպը քաղաքական ենթատեքստ ունի, և որ ՀՀ փոխոստիկանապետի եղբայրը զենքն ուղղել էր իր որդիներից մեկի գլխին, օրեր անց հայտարարեց՝ տեղի ունեցածը քաղաքականության հետ կապ չունի, ընդգծելով՝ ինքն ու փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը խելք-խելքի են տվել ու հաշտվել:

Մինչ Մելքոնյանը հաշտվելու մասին է խոսում, Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նրան ու գյուղապետին բերման կենթարկի՝ ցուցմունք տալու: — «Մամուլի հրապարակումները դարձվել են քննության առարկա, ծանուցագրեր ուղարկվել են բոլոր այն անձանց, ովքեր կարծում ենք, որ կարող են միջադեպի վերաբերյալ տրամադրել ցուցմունքներ և պատմել իրականությունը: Այս անձինք չեն ներկայացել վարույթն իրականացնող մարմնին և արդեն օրենքով սահմանված կարգով նրանց բերման ենթարկելու որոշում կկայացվի», — «Ազատության» հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Մանվել Մելքոնյանն ու իր կինը լրատվամիջոցներին պատմել էին, թե ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը, զնենքն ուղղել է իր որդիներից մեկի՝ Նարեկի գլխին ու պահանջել ծնկաչոք ներողություն խնդրել: Սոնա Տռուզյանն ասաց՝ ճիշտ կլիներ, եթե նրանք այդպիսի մանրամասներ նաև վարույթն իրականացնող մարմին ներկայացնեին: Ի դեպ՝ դեպքից շուրջ մեկ շաբաթ անց դեռ մեկ ձերբակալված կա: Չնայած միջադեպից հետո հրազենային վիրավորումներով, կոտրվածքներով ու մարմնական տարբեր վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 4 անձ, տուժող է ճանաչվել նրանցից միայն փոխոստիկանապետի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը վստահ է՝ Մելքոնյանները ճնշման ազդեցության տակ են հաշտվելու գնացել: Հավելեց՝ սա ոչ թե Քննչական կոմիտեի, այլ Հատուկ քննչական ծառայության քննելու գործն է, ընգծելով՝ բարձրաստիճան ոստիկանի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման հանգամանքը պետք է պարզվի: Սաքունցի խոսքով՝ մամուլի հրապարակումները բավարար փաստ են, որպեսզի Լեռնիկ Երանոսյանից բացի տուժող ճանաչվեն նաև նրանք, ովքեր տարբեր վնասվածքներով ու վիրավորումներով հիվանդանոց էին տեղափոխվել: — «Երբ որ Քննչական կոմիտեն է զբաղվում գործով, հարցը տեղափոխելով դեպի քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդման դաշտը, որովհետև նա իրավասություն չունի ոստիկանության աշխատակիցների ապօրինի գործողություններով քննություն վարելու, ակնհայտորեն և գիտակցաբար կոծկվում է ոստիկանության բարձրաստիճան աշխատողների կողմից ապօրինությունների հանգամանքը», — «Ազատության» հետ զրույցում հայտարարեց իրավապաշտպանը:

Հրազենային վնասվածք ստացած 27-ամյա Հակոբ Մելքոնյանի հայրը՝ Մանվել Մելքոնյանը, ավելի վաղ պատմել էր, որ տեղի ունեցածի պատճառը Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի հանրահավաքին իրենց մասնակցելն է: Ընդդիմադիր դաշինքը նույնպես հայտարարել էր, թե դա իրենց համակիրների դեմ ուղղված քայլ է: Այսօր Մելքոնյանն «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ մինչև իրեն բերման ենթարկելը Լեռնիկ Երանոսյանն իր ցուցմունքը հետ կվերցնի ու վերջնականապես կհաշտվեն․ — «Սաղ գյուղը չգիտես ինչ վիճակի մեջա, էսի կայնացնելը շատ կարևորա, որ գյուղը կարենա ապրի իրա նորմալ կյանքով: Երևի Լեռնիկ Երանոսյանը ցուցմունքը հետ կվերցնի, էլ տուժող չի լինի»:

Հաջորդ վիճաբանության մյուս անդամները՝ Հակոբ, Արայիկ ու Մելիք Մելքոնյանները ստացել էին հրազենային վնասվածքներ ու կոտրվածքներ, սալջարդեր ու կտրող-ծակող գործիքից վիրավորումներ: Նրանցից երկուսն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Թեև «Նաիրի» ԲԿ-ից փոխանցեցին, որ Լեռնիկ Երանոսյանը դեռ հիվանդանոցում է ու վիճակը գնահատվում է բավարար, Մանվել Մելքոնյանն ասաց՝ այսօր սպասում են նրա դուրս գրմանը: Լեռնիկ Երանոսյանը գլխի վնասվածք էր ստացել:

 

«Ազատություն» ռ/կ

150.000.000.000 դրամի կորուստ կառավարության անպատասխանատու արարքների պատճառով

24.03.2020

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով