Նոր բախումներն ավելի մահաբեր են լինելու. Պուտինը կարող է ռիսկի դիմել Ղարաբաղում. 1in.am

By | 10.03.2017

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

– Պարոն Կիրակոսյան, մոտ մեկ ամիս առաջկանխատեսում էիք, որ Ադրբեջանը կարող է նոր լայնածավալ հարձակում ձեռնարկել մոտ ժամանակներում, մասնավորապես՝ ապրիլին: Այս համատեքստում թերևս ամենակարևոր հանգամանքներից մեկը հակամարտության դինամիկան է, ներքաղաքական, դիվանագիտական և ռազմական գործոնները, որոնք ամեն օր կարող են փոխվել և ազդել ընդհանուր իրադրության վրա: Ի՞նչ դինամիկա եք տեսնում այսօր, կա՞ն արդյոք նոր միտումներ, որոնք կազդեն հակամարտության սրացման հեռանկարի վրա:

 

– Երկու նոր կարևոր զարգացումներ կան, որոնք միայն ավելացնում են առաջիկա ամսվա ընթացքում Ղարաբաղի շուրջ նոր բախումների վտանգը: Պիտի սպասենք հիմնական հարձակում Ադրբեջանից ապրիլին կամ մայիսին: Առաջինը, այս կանխատեսումը հիմնված է ռազմական իրավիճակի գնահատման վրա: Ապրիլը կամ մայիսը հնարավորության պատուհան է Ադրբեջանի համար ռազմականապես՝ ելնելով եղանակային պայմանների, տեղանքի և տեղագրության գործոններից և նաև այն պատճառով, որ Ռուսաստանից և Իսրայելից զենքի մատակարարումը Ադրբեջանին նախատեսվում է իրականացնել մինչև այդ ժամկետը: Սա ավելի կխրախուսի Ադրբեջանին գնալու հարձակման:

Մյուս պատճառը երկու զարգացումներից մեկն է՝ ներքին, սոցիալ-տնտեսական ճնշումը Ադրբեջանի ներսում, որի պատճառը նավթի գների անկումն է, կոռուպցիան, ազգային արժույթի արժեզրկումը: Ադրբեջանի կառավարության վրա սոցիալ-տնտեսական ճնշման պատճառով՝ ռազմական հարձակումը դառնում է շատ ավելի արդյունավետ միջոց՝ շեղելու բնակչության ուշադրությունը և ազգայնականության հողի վրա համախմբելու ադրբեջական հանրությունը իշխող վարչակարգի շուրջ:

Երկրորդ զարգացումը Ադրբեջանի ռազմական ագրեսիվությունը զսպելու թույլ լծակներն են կամ դրանց բացակայությունը: Ո՛չ Արևմուտքը և ո՛չ էլ նույնիսկ Ռուսաստանը բավարար լծակներ չունեն կանգնեցնելու Ադրբեջանին կամ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա, համոզելու չհարձակվել:

Եվ վերջապես, եթե հիշենք նախորդ տարվա ապրիլյան իրադարձությունները, դա Ադրբեջանի առաջին ռազմական հաջողությունն էր 1994 թ. ի վեր՝ հստակ ռազմական առաջադրանքներով՝ բռնազավթել և պահել տարածքներ: Հետևաբար գայթակղությունը չափից ավելի մեծ է Ադրբեջանի համար չկրկնելու հարձակումը: Այդ իսկ պատճառով փետրվարի 25-ի հարձակման փորձը Ադրբեջանի կողմից շատ առումներով Հայաստանի ու Ղարաբաղի պաշտպանության ստուգում կամ ուսումնասիրություն էր և նաև հետագա՝ ավելի լայնածավալ հարձակման նախերգանքը: Հավանական հարձակումը, ըստ երևույթին, չի թիրախավորելու անմիջականորեն Լեռնային Ղարաբաղը: Փոխարենը ադրբեջանական կողմը կթիրախավորի ԼՂ-ի, այսպես կոչված, շրջակա տարածքները: Բայց այս անգամ հայկական բանակը կարող է արագորեն արգելափակել ադրբեջանական կողմի հարձակումը և թույլ չտալ հասնելու ռազմական որևէ հաջողության, որովհետև, ի տարբերություն նախորդ տարվա ապրիլի, Ադրբեջանը հնարավորություն չի ունենա անակնկալի բերելու հայ դիրքապահներին: Բացի այդ, հայկական զինուժը ավելի լավ է սպառազինված, քան նախորդ տարվա ապրիլին:

Այս երկու գործոնները ցույց են տալիս, որ ռազմական նոր բախումները ավելի մահաբեր են լինելու, որովհետև դա կստիպի Ադրբեջանին դիմելու ուժերի սպառման, ջլատման կամ հյուծման պատերազմի, առանց որևէ իրական օգուտի: Նրանք կարող են ավելի շատ կիրառել հրետանի, հարձակողական համակարգեր և նույնիսկ օդուժ՝ մեծացնելով զոհերի թիվը: Քաղաքացիական բնակչությունը, բնակավայրերը կարող են նոր թիրախներ դառնալ:

– Ադրբեջանի հարձակման փորձի ձախողումը, կարծում եք, կստիպի՞ ադրբեջանական կողմին փոխել իր ծրագրերը կամ հաջորդ հարձակումը ձեռնարկելիս՝ հաշվի առնել, որ հայկական կողմը սկսել է ավելի արդյունավետորեն պաշտպանվել:
– Հասկանում եմ ձեր հարցը, բայց խնդիրը հետևյալն է: Ձեր հարցը ենթադրում է, որ Ադրբեջանի ռազմական գործողությունները հիմնված են ռազմագիտության և ռազմական տրամաբանության վրա: Ամբողջ խնդիրն այն է, որ այդպես չէ: Հայաստանի ու Ղարաբաղի տեսանկյունից ադրբեջանական կողմը ձախողել է վերջին հարձակումը և կորցրել առնվազն 5 հոգի՝ ներառյալ երկու սպաներ: Բայց Ադրբեջանը բոլորովին այլ տրամաբանությամբ է առաջնորդվում: Նրանք շատ չեն կարևորում իրենց կորուստները և իրենց համար վերջին հարձակումը ձախողված չէր. այն հաջողվել է հայկական կողմի պաշտպանությունը հետախուզելու իմաստով: Ադրբեջանական կողմը փորձում էր պարզել, թե որքանով է հայկական կողմը բարելավել իր պաշտպանությունը Ապրիլյան պատերազմից հետո, և մարտական հետախուզության առումով հարձակումը հաջողված էր: Մարդկային կորուստները գործոն չեն Ադրբեջանի համար՝ ի տարբերություն Հայաստանի ու Ղարաբաղի՝ ավելի քիչ թվով պաշտպանական ուժերի:

Ներքաղաքական պատճառները բավարար են Ադրբեջանին հարձակվել հանուն հարձակման, ոչ թե հանուն ռազմական խնդիրների լուծման, հետևաբար չենք տեսնում որևէ բան կամ որևէ մեկին, որը կարող է հետ պահել Ադրբեջանին ռազմական նոր ագրեսիայից:

– Բայց չէ՞ որ մենք խոսում ենք այն մասին, թե ինչը կարող է զսպել ադրբեջանական կողմին:

– Դա այլ հարց է, որից բխում է մեկ այլ կարևոր հարցադրում՝ ո՞րը պիտի լինի հայկական կողմի հակախաղը: Կրկին դժվարությունն այն է, որ հաշվարկը չի աշխատում, որովհետև Ադրբեջանից եկող մարտահրավերը շատ բարդ մարտահրավեր է հայկական կողմի ռազմական պլանները կազմող զինվորականների համար: Հայաստանի ու Արցախի տեսանկյունից՝ ունես թույլ և անկանխատեսելի հակառակորդ, որը չի անում այն քայլերը, որոնք առավել տրամաբանական են ռազմագիտության տեսանկյունից, ուստի չափազանց դժվար է կազմել պաշտպանական ռազմավարություն՝ հիմնված հակառակորդի անկանխատեսելի վարքագծի վրա: Եթե պաշտպանվող կողմի ռազմական ստրատեգները ծրագրեն այնպես անել, որ հարձակվողը թանկ գին վճարի հարձակման համար, դա նշանակություն կունենա ռազմագիտական վերլուծության տեսանկյունից, բայց ոչ այն դեպքում, երբ քո հակառակորդը չի առաջնորդվում ռազմական տրամաբանությամբ: Նրանք կարող են թքած ունենալ, թե որքան կորուստ կունենան կամ ինչ գին կվճարեն ռազմական հարձակման համար: Հիշեք Նապոլեոնի ներխուժումը Ռուսաստան: Դա նշանակում է՝ եթե հայկական կողմը ուժեղ հակահարված տա՝ նպատակ ունենալով զսպել, վախեցնել կամ կանգնեցնել ադրբեջանցիներին, ապա դա կարող է հակառակ էֆեկտն ունենալ և տանել անկանխատեսելի պատերազմի բռնկման: Այլ խոսքերով` եթե հայկական կողմը ուժեղ հակահարված տա՝ ծրագրելով հետ շպրտել հակառակորդին, ադրբեջանցիները կարող են անտրամաբանական արձագանք տալ և ավելի շատ ուժեր ներքաշել կռվի մեջ, ուստի հարձակման և հակահարձակման յուրաքանչյուր փուլ ավելի շատ կնպաստի իրավիճակի՝ վերահսկողությունից դուրս գալուն:

Մյուս սցենարը հետևյալն է, որ Ադրբեջանը, պատասխանելով հայկական կողմի պաշտպանական ռազմավարությանը, կարող է սկսել ուղղակիորեն թիրախավորել Հայաստանի Հանրապետության տարածքը, մասնավորապես Տավուշի մարզը, հարձակում կազմակերպել Նախիջևանի կողմից՝ փորձելով հակամարտության մեջ ներքաշել Թուրքիային և նույնիսկ Իրանին:

– Ո՞ր գործոնն է ավելի կարևոր ճիշտ կանխատեսում անելու համար, Ադրբեջանի ներքին իրադարձությունները, թե՞ դիվանագիտական գործընթացի զարգացումները:

– Ես կասեի, որ Ադրբեջանի ներքին քաղաքականության գործոնը իր դիվանագիտության շարժիչն է, այն նաև ռազմական պլանավորման շարժիչն է, ուստի ավելի կարևոր է ներքին իրավիճակը:

Եկեք փորձենք հասկանալ, թե որո՞նք էին փետրվարի վերջին Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումների պատճառները: Երեք գործոններ կային: Առաջինը Խոջալուի տարելիցն էր, երկրորդը՝ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևին փոխնախագահի պաշտոնում նշանակելը և մարդկանց ուշադրությունը դրանից շեղելը, երրորդ պատճառը Սերժ Սարգսյանի այցելությունն էր Բրյուսել և Հայաստան-Եվրամիություն բանակցությունները:
Բայց կա մեկ այլ կարևոր հանգամանք՝ Ադրբեջանը միաժամանակ խաղում է մեկ այլ կողմի հետ՝ ազդակներ ուղարկելով Ռուսաստանին: Ադրբեջանը գնալով ավելի շատ է հասկանում, որ ամենամեծ դերակատարությունը հակամարտության համատեքստում ունի Ռուսաստանը, ոչ թե Արևմուտքը կամ նույնիսկ հակամարտության անմիջական կողմերը: Սա նաև բացատրում է այն, թե ինչու է Ադրբեջանը խաղում Ռուսաստանի հետ՝ ձևացնելով, թե հետաքրքրված է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցելու հեռանկարով և այլն, և այլն:

– Եվ ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը հնարավոր նոր սրացմանը: Այն կտարբերվի՞ նախորդ տարվա արձագանքից, թե՞ ոչ:

– Համոզված չեմ, որովհետև Ռուսաստանի ուշադրությունը կրկին շեղվել է այլ հարցերի պատճառով, լինեն դրանք Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները վերակառուցելու, Թրամփին ներգրավելու խնդիրը, Չինաստանի հետ հարաբերությունները, ռազմական գործողությունները Սիրիայում, ռուս-թուրքական կամ Եվրոպայի ու ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները: Հարավային Կովկասը զգալիորեն դուրս է մնացել ուշադրությունից: Միևնույն ժամանակ, հակամարտության բոլոր կողմերից (Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան, Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ և այլն) միայն Ռուսաստանն է, որի քաղաքականությունը փոխվում է՝ Հայաստանին աջակցելու գծից շարժվելով դեպի Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավում: Ռուսաստանը ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի զենքի թիվ մեկ մատակարարն է: Վտանգը Հայաստանի համար Ռուսաստանի դավաճանությունն է: Ռուսաստանը կարող է վերահաշվարկել այն, ինչ բխում է իր ազգային շահերից, և փորձի շահագործել վերսկսված ռազմական գործողությունները և անգամ հրահրել բախումներ՝ հակամարտության գոտում ռուս խաղաղապահներ տեղակայելու նպատակով:

– Բայց չե՞ք կարծում, որ դա վտանգավոր է Ռուսաստանի համար:

– Այո, դա ռիսկային քայլ է, որովհետև Ռուսաստանը ավանդաբար նախընտրել է «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» վիճակը և շահել երկու դեպքում էլ: Բայց եթե նայենք, թե ովքեր են խորհուրդներ տալիս Պուտինին Ղրիմի, արևելյան Ուկրաինայի և նույնիսկ Սիրիայի հարցերում, ապա նրանք կարող են հաշվարկել, թե արժի ռիսկի դիմել Ղարաբաղում, որովհետև Ռուսաստանն այս պահին ազդեցության սահմանափակ լծակներ ունի հակամարտության վրա: Այլ խոսքերով՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առաջացել է որոշակի ճգնաժամ, Ռուսաստանը խաղաղապահ զորքեր չունի ո՛չ Ղարաբաղում, ո՛չ էլ Ղարաբաղի շուրջ, և ո՛չ էլ այնտեղ կան Ռուսաստանի քաղաքացիներ, որոնց «հարկավոր է պաշտպանել»: Այս հանգամանքը կարող է խրախուսել ռուսներին, որպեսզի փորձեն մեծացնել իրենց ազդեցությունն ու լծակները երկարաժամկետ հեռանկարի համար:

Երկրորդը, Մոսկվայում կարող են մտածել, թե Ռուսաստանը հիմա այնքան ուժեղ դիրքեր ունի Հայաստանում՝ վերահսկելով տնտեսության տարբեր ոլորտներ և ազդեցություն ունենալով կառավարության վրա, որ կարող է իրեն թույլ տալ փոխել իր քաղաքականությունը և ջերմացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ:

– Այս օրերին շատ տարածված են Ադրբեջանի դեմ «Իսկանդեր» օգտագործելու մասին խոսակցությունները: Ի՞նչ կարծիք ունեք այս հարցի մասին:

– «Իսկանդեր» հրթիռային համակարգեր ձեռք բերելը, այո, զգալիորեն փոխեց ռազմական ուժի հարաբերակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Հետաքրքիրն այն է, թե ինչ տեղի չունեցավ նախորդ տարվա ապրիլին. Հայաստանի Հանրապետությունը և ՀՀ զինված ուժերը ուղղակիորեն չներքաշվեցին ապրիլյան մարտական գործողություններին, և «Իսկանդեր» հրթիռային համակարգը չկիրառվեց Ադրբեջանի դեմ: Հակառակորդի արդյունավետորեն զսպելու ձևը սպառնալն է, որ կարող ես կիրառել տվյալ զենքը, ոչ թե ուղղակիորեն այն կիրառելը: Հիշեք «Փոխադարձ երաշխավորված ոչնչացման» (MAD) միջուկային հայեցակարգի մասին, որն ընդունված էր Սառը պատերազմի տարիներին: «Իսկանդեր» հրթիռային համալիրը թերևս զսպման լավագույն միջոցն է, երբ այն չի կիրառվում, բայց օգտագործվում է որպես սպառնալիք:

– Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ասում է, որ Ադրբեջանի ռազմական ակտիվությունը սահմանափակ է, չի վերածվում տոտալ պատերազմի և միտված է օժանդակելու Բաքվի քաղաքական նպատակների իրագործմանը, հետևաբար հայկական կողմերը պետք է գտնեն հակախաղը քաղաքական մակարդակում: Այս իմաստով չե՞ք կարծում, որ հայկական դիվանագիտությունն իսկապես թերանում է իր աշխատանքի մեջ:

Առաջինը, համաձայն եմ պարոն Մելիքյանի հետ այն հարցում, որ (հիշեք Կլաուզևիցին) այս հակամարտության ռազմական բոլոր կողմերը, ըստ էության, քաղաքական է, լինի դա ռազմավարությունը, արտաքին կամ ներքին քաղաքականությունը: Ռազմական ասպեկտը առանձին չէ, դա քաղաքականության տարրերից մեկն է, ուստի նա ճիշտ է՝ հակամարտության իրական ասպարեզը քաղաքական և դիվանագիտական դաշտն է:

Այո՛, Հայաստանի արտաքին քաղաքականությունը, որքան էլ այն հաջող է, այնուամենայնիվ, պիտի լինի ավելի դինամիկ և նորարարական: Օրինակ, մենք այլևս չպետք է բավարարվենք այն հաջողություններից, որոնց հասնում ենք Ադրբեջանի թույլ տված սխալների շնորհիվ: Պետք է ստեղծենք մեր սեփական հաջողությունը: Մեկ առաջարկ՝ իսկ ի՞նչ կլինի, եթե վաղը Հայաստանը դիվանագիտորեն ընդունի Մադրիդյան սկզբունքները և դիվանագիտության ու խաղաղության գործընթացի միակողմանի հանձնառություն վերցնի: Մեկ այլ օրինակ է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչին պաշտոնապես Հայաստանի պատվիրակության մեջ մտցնելը: Ծայրահեղ դեպքում, հաշվի առնելով ապրիլյան իրադարձությունները, վերջին բախումները և նոր պատերազմի վտանգը՝ հաջորդ անգամ, երբ Մինսկի խմբի միջնորդները ուզենան գալ Հայաստան և հանդիպել, Հայաստանը կարող է ասել՝ ոչ, և պահանջի դիվանագիտական գործընթացի ժամանակավոր կասեցում, մինչև Ադրբեջանը չկատարի նախկինում իր կողմից տրված խոստումները Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում: Խոսքը շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների, դիտորդների թվի ավելացման և այլնի մասին է:

Հայաստանը կարող է որոշ դասեր քաղել նաև դիվանագիտության իսրայելական մոդելից: Իսրայելը պատերազմի սպառնալիքի առաջացման ժամանակ անում է այն, ինչն ամենաշատն է բխում իր ազգային շահերից: Իսրայելի դիվանագիտական ռազմավարությունը շատ հաճախ չի հիմնվում «խելոք տղա» ձևանալու և միջազգային ընկերներ շահելու սկզբունքի վրա: Այսինքն՝ Հայաստանը երբեմն պետք է թքած ունենա, թե ինչ է աշխարհը մտածում իր մասին, և ավելի շատ մտածի իր ազգային անվտանգության մասին:

Երկրորդ փաստարկն այս համատեքստում այն է, որ ավտորիտար ոճի իշխանություններ ունեցող պետությունները, լինի Ադրբեջանը, Թուրքիան թե Ռուսաստանը, հարգում են ուժը, ոչ թե զսպվածությունը կամ չափավորությունը:

 

 

Ամբողջական հոդվածը սկզբնաղբյուր կայքում:

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով