ԵՄ-ն մտահոգված է Ջրառատի դեպքերով և ակնկալում է իրավապահների համարժեք գործողությունները

By | 16.03.2017

Եվրամիությունը մտահոգված է նախընտրական շրջանում Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում արձանագրված բռնության դեպքերով և իրավապահներից համարժեք գործողություններ է ակնկալում, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Իհարկե, մենք շատ մտահոգված և անհանգստացած ենք, քանի որ, ինչպես ականատես ենք եղել այլ երկրներում, բռնությունը կարող է ձնագնդի էֆեկտ ունենալ: Երբ դու համարժեք չես պատասխանում բռնության առաջին դեպքերին, հետո կարող ես ունենալ շատ վատ իրադրություն, որը դժվար կլինի վերահսկել», — ընդգծեց ԵՄ դեսպանը:

Ջրառատում ընտրությունների պաշտոնական քարոզարշավի առաջին տասը օրերի ընթացքում արդեն երկու անգամ տեղի ունեցած արյունալի իրադարձությունների կրկնությունը կարող է բացառվել միայն իրավապահների համարժեք գործողությունների արդյունքում, ասաց Եվրամիության պատվիրակության ղեկավարը, ընդգծելով, որ իրենք հետևում են ոստիկանության գործողություններին:

«Ես հույս ունեմ, որ ոստիկանությունը կանի իր աշխատանքը, քանի որ նրանք են պատասխանատու՝ կանխելու հետագա բռնությունները: Մինչ այժմ հրապարակումները բռնության առանձին ցավալի դեպքերի մասին են, և մենք միայն կարող ենք հույս ունենալ, որ այս քարոզչության ընթացքում նոր բռնություններ չեն լինի՝ անկախ առկա զգացմունքային վիճակից», — ասաց Սվիտալսկին:

Եվրամիությունը ապրիլյան ընտրությունների թափանցիկ անցկացման համար տրամադրել է 7 միլիոն եվրո և ակնկալում է լավ ընտրություններ, նշեց դեսպան Սվիտալսկին, ընդգծելով՝ Եվրամիությունը նախկինում երբեք այսքան ուշադրություն չի դարձրել հայաստանյան նախընտրական քարոզարշավին:

Եվրամիության ներկայացուցիչը նաև հայաստանցի ընտրողներին ուղղված հինգ ուղերձներ ներկայացրեց: Դրանցից առաջինով Սվիտալսկին կոչ արեց գնալ և մասնակցել ընտրություններին՝ անկախ նախկինում ունեցած ոչ հուսադրող փորձից․ — «Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի այս անգամ ձեր ձայնը հաշվվի, այսպիսով՝ գնացե՛ք և ընտրե՛ք»:

Դիմելով ընտրողներին՝ դեսպանը վստահեցրեց նաև, որ քվեարկությունը գաղտնի է լինելու, և ո՛չ իրենց աջակցությամբ տեղադրված տեսախցիկները, ո՛չ էլ էլեկտրոնային գրանցման սարքերը չեն բացահայտելու քաղաքացիների ընտրությունը:

Սվիտալսկին իր երրորդ կոչով ընտրողներին հորդորեց չվաճառել քվեն․ — «Ձայնի դիմաց ձեզ հնարավոր է առաջարկեն գումար կամ ծառայություններ, ես հույս ունեմ, որ հայաստանցիները կմերժեն նման առաջարկները: Չկա որևէ գումար, որն արժե ձեր քվեն, մի՛ վաճառեք ձեր ձայնը»:

Եվրամիության պատվիրակության ղեկավարը նաև կոչ արեց ընտրողներին լինել խիզախ ու չտրվել ճնշումներին, իսկ խախտումներ նկատելու դեպքում տեղեկացնել իրավապահներին, նույնիսկ եթե նրանց հանդեպ չկա վստահություն:

«Մենք՝ որպես Եվրամիություն, հավատում ենք, որ եթե այս ուղերձները տեղ հասնեն, եթե մենք միասին լինենք, ապա կլինի մեծ քայլ առաջ Հայաստանի ժողովրդարացման ուղղությամբ», — հայտարարեց Պյոտր Սվիտալսկին:

Դեսպանը վստահեցրեց՝ ընտրությունների լավ անցկացման դեպքում Եվրամիությունը Հայաստանում կիրականացնի ավելի շատ ծրագրեր՝ տրամադրելով ավելի շատ ֆինանսական միջոցներ:

Շուրջ մեկ ամիս առաջ Բրյուսելում հայտարարվեց, որ ավարտվել են նոր շրջանակային համաձայնագրի շուրջ Հայաստանի և Եվրամիության բանակցությունները: Համաձայնագրի ստորագրումն, այդուհանդերձ, հավանաբար տեղի կունենա միայն ապրիլյան ընտրություններից հետո: Եվրամիության պատվիրակության ղեկավարն այսօր ասաց, որ մինչև ստորագրումը պետք է տեխնիկական աշխատանք տարվի, ինչը ժամանակ է պահանջում․ — «Դա կարող է ամիսներ տևել, ես հիմա չեմ կարող հստակ ասել ստորագրման օրը, բայց նախկին փորձը ցույց է տալիս, որ բանակցությունների ավարտից մինչև ստորագրումը կարող է շատ երկար ժամանակ պահանջվել, Ղազախստանի դեպքում դա տևեց ավելին քան մեկ տարի»:

«Ազատության» հարցին ի պատասխան՝ Սվիտալսկին վստահեցրեց, որ համաձայնագրի ստորագրումն ու ապրիլյան ընտրությունների արդյունքները փոխկապակցված չեն: «Բայց, իհարկե, համաձայնագրի իրականացման միջավայրը կախված կլինի նրանից, թե ինչպես են Հայաստանում իրականացվում դեմոկրատական գործընթացներն ու տնտեսական բարեփոխումները: Որքան ավելի շատ եվրոպական բարեփոխումներ, ավելի շատ ժողովրդավարացում ու տնտեսական ազատություն լինի Հայաստանում, այնքան ավելի լավ միջավայրը կլինի մեր համագործակցության համար», — հայտարարեց նա:

Եվրամիության ներկայացուցիչը նշեց, որ հայկական կողմը որոշ եվրոպացի դիտորդների չի հրավիրել հետևելու ապրիլյան ընտրություններին, և եզրափակեց՝ դա լավ չէ:

 

«Ազատություն» ռ/կ

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով