«Եկեք ուղղակի թևերներս քշտենք, սկսենք աշխատել». ՀՀ վարչապետը հանդիպել է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարներին

By | 03.03.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի մասնակիցների հետ քննարկել է Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականությանը վերաբերող հարցեր:
Վարչապետը նախ և առաջ շնորհավորել է հանդիպման մասնակիցներին Դիվանագետի օրվա կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք: «Չափազանց կարևորում ենք ձեր աշխատանքը, որովհետև արտաքին աշխարհը շատ դեպքերում մեր երկիրը ճանաչում է ձեր միջոցով:

Մեծ է ձեր դերակատարությունն արտերկրում Հայաստանի՝ որպես գործարարությամբ զբաղվելու և ներդրումներ իրականացնելու, մեր ընկերությունների շահերն առաջ մղելու, ՀՀ ներդրումային հնարավորությունների և պայմանների մասին տեղեկատվությունն օտարերկրյա ներդրողներին առավել հասանելի դարձնելու գործում», — ասել է կառավարության ղեկավարը:
Կարեն Կարապետյանը կարևորել է դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության արդյունավետության բարձրացումն ու, մասնավորապես, տնտեսական բաղադրիչի ներառումը: Անդրադառնալով արտերկրում ՀՀ առևտրային ներկայացուցչությունների բացման հարցին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այդ գործընթացը կանգնեցվել է:

«Ես համարել եմ դա ոչ արդյունավետ: Եթե մենք ունենք դեսպանատներ և ունենք հետաքրքրություններ այդ երկրներում, ինչո՞ւ դեսպանատների հարթակը չօգտագործենք: Երբ արտաքին գործերի նախարարի հետ խոսում էինք տնտեսական բաղադրիչի ակտիվացման մասին, պայմանավորվել ենք՝ որևէ կերպ մեր դեսպանատները դասակարգել՝ ելնելով ակնկալիքներից, չափերից, հնարավորություններից, և մեր սպասումները, խնդիրներն ու պահանջները ձևակերպենք ըստ այդ ռանգավորման», — ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների գործունեությունից ակնկալում է ավելի կիրառական արդյունք: Կարեն Կարապետյանի խոսքով՝ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների շփումն ու կապը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու այլ գերատեսչությունների հետ պետք է լինի պարբերական, պետք է առավել գործուն և ակտիվ ներկայացնել Հայաստանի ներդրումային հնարավորությունները:

«Եկեք մենք ուղղակի թևերներս քշտենք, սկսենք աշխատել», — հորդորել է կառավարության ղեկավարը:
Ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից կատարված աշխատանքները՝ վարչապետն ասել է, որ լուծվել են հետևյալ մակրոխնդիրները. բոլոր ոլորտներով կատարվել է ախտորոշում, ֆիքսվել են առկա խնդիրները, մշակվել են յուրաքանչյուր ոլորտի զարգացման տեսլականը և միջոցառումները:

«2017 թ. մենք ձևակերպել ենք 4 գործառույթ՝ ախտորոշում, ստաբիլիզացիա, պետական կառավարման ինստիտուտի բարեփոխումներ և սանիտարիզացիա: Իրականում մենք այստեղ շատ մեծ ծավալի աշխատանք ունենք: Մենք պետական կառավարման արդյունավետության մեծ խնդիր, որոշումների կայացման նոր փիլիսոփայություն ձևավորելու անհրաժեշտություն ունենք, խնդիր ունենք վերանայելու՝ ինչպես ենք մեր գոյություն ունեցող ֆինանսական միջոցները ծախսում, ինչպես ենք վարկեր ու ներդրումներ ներգրավում», — նշել է կառավարության ղեկավարը:
Գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, տարածքային կառավարման ոլորտների օրինակով վարչապետը ներկայացրել է կառավարության՝ այդ բնագավառների զարգացման տեսլականը և բարեփոխումների տրամաբանությունը:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ռեալ կարող է լինել տնտեսության դրայվերներից մեկը: Բայց մենք ունենք մի պարզ խնդիր. յուրաքանչյուր տարի տալիս ենք 400-500 մասնագետ, այսօր 2000 մասնագետի պահանջարկ կա, բայց բուհական համակարգը շուկայի պահանջարկին չի արձագանքում:

Պետք է համակարգը փոխենք, որովհետև, ըստ մեր կանխատեսումների, շատ մոտ ժամանակներս 5000 աշխատատեղ ենք ունենալու, որը ՀՆԱ-ի մեջ տարեկան ամենամեծ աճն է տալու», — նշել է Կարեն Կարապետյանը՝ վստահություն հայտնելով, որ այսօրվա կառավարիչները հստակ պատկերացնում են, թե ուր են տանելու երկիրը, և 10 տարի հետո մենք ունենալու ենք որակապես այլ երկիր:
Կառավարության ղեկավարը կարևորել է նաև Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծումը՝ որպես պետություն-մասնավոր համագործակցության մի հարթակ, որտեղ ձևավորվելու է Հայաստանի զարգացման երկարաժամկետ տեսլականը. «Առաջին փուլի համար առանձնացրել ենք 5-6 ծրագիր՝ զբոսաշրջություն, հարկային և մաքսային վարչարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, կրթություն և պետական կառավարման համակարգի ռազմավարությունների մշակում:

Ցանկանում ենք ստեղծել այնպիսի հարթակ, որտեղ բոլոր գաղափարները, բոլոր ցանկացողները, բոլոր անհանգիստ մարդիկ, ովքեր ունեն տեսլական կամ պատկերացնում են, թե ինչպես երկիրը պետք է զարգացնել, այդ հարթակում գեներացնեն իրենց գաղափարները»:
Վարչապետը մանրամասներ է ներկայացրել նաև կառավարության ներդրումային քաղաքականության և նախատեսվող ծավալների վերաբերյալ. «Փորձում ենք կոտրել այն կարծրատիպը, թե Հայաստանում ներդրում անելու տեղ չկա, փող աշխատելու տեղ չկա, շահույթ չկա և այլն:

Մենք տվել ենք շատ հստակ ներդրումային ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը 3,2 միլիարդ ԱՄՆ դոլար է, որտեղ նշված է և´ ներդրումային օբյեկտը, և´ ֆինանսական աղբյուրը, և այն, թե ով է իրականացնելու: 2017 թ. համար այդ 3,2 միլիարդ ԱՄՆ դոլարից իրատեսական ենք համարում 830-850 միլիոն ԱՄՆ դոլարը: Շատ բաց ենք տվել, որպեսզի կասկածողները համոզվեն կամ քննադատեն:

Աղբյուրները 5-ն են՝ մասնավոր հատված, պետբյուջե, համայնք, դրամաշնորհ, վարկ: Բացի դրանից, այսօր մեր սեղանին են 5,3 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք ծրագրեր, որոնք օրեցօր ավելանում են և կարող են լինել ավելի պրակտիկ: Մենք դեռևս չունենք դրանց ֆինանսական աղբյուրը, շատ դեպքերում՝ նաև իրագործողին, բայց ունենք այն ծրագրերը, որոնք կարող են լինել տրամաբանական»:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման տեսլականին, սփյուռքահայության ներուժի օգտագործմանը և այդ գործում ՀՀ դիվանագիտական կառույցների ներգրավվածության ավելացմանը վերաբերող հարցեր: ՀՀ դեսպանները գոհունակություն են հայտնել վերջին շրջանում ՀՀ շահագրգիռ գերատեսչություններից ստացվող ներդրումային փաթեթներից՝ նշելով, որ դրանք հասցեական են, կիրառական և օգտակար:

Դեսպաններն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում արձանագրված ցուցանիշներին, ապրանքաշրջանառության ծավալին և զարգացման հնարավորություններին:
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, մասնավորապես, նշել է, որ հայ-իրանական տնտեսական համագործակցության ոլորտում դրական տեղաշարժ կա, կան կոնկրետ ծրագրեր, Հայաստանից Իրան արտահանման հաջող օրինակներ: Ստացված ներդրումային ծրագրերը քննարկման փուլում են: «Սյունիքի մարզում Իրանի հետ առևտրաշրջանառության ծավալը մեզ չի բավարարում: Պարզ է, որ Սյունիքի մարզը պետք է կողմնորոշվեր դեպի իրանական շուկա բոլոր ուղղություններով», — արձագանքել է վարչապետը:
Մեքսիկական Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը ողջունել է դիվանագիտության մեջ տնտեսական բաղադրիչի ներառումը և խոստումնալից որակել ՀՀ կառավարությունից ստացված ներդրումային փաթեթները: Նա տեղեկացրել է, որ այժմ 3 խոշոր ընկերության հետ քննարկվում են մեր երկրում համատեղ ներդրումային  ծրագրերի հնարավորությունները:
Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն էլ խոսել է հայ-հոլանդական տնտեսական հարաբերությունների ընթացքի մասին, անդրադարձել գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում համատեղ ծրագրերի հեռանկարներին:
Հանդիպմանն արծարծվել են արտերկրում ՀՀ առևտրային ներկայացուցչությունների գործունեությանը, տնտեսական ատաշեների ինստիտուտի ձևավորմանը, զբոսաշրջության խթանմանը, տարբեր ոլորտներում ներդրումների ներգրավման ուղղությամբ աշխատանքի ճիշտ կազմակերպմանը, համապատասխան հարթակների ձևավորմանը վերաբերող և այլ հարցեր:

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով