Ադրբեջանը փողով սենատորներ ու կոնգրեսականներ է «գնում». «Փաստ»

By | 25.03.2017

«Փաստ» օրաթերթը զրուցել է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի հետ.

ԱՀՀ–ի ղեկավարությունը նամակ է հղել ԱՄՆ Սենատին և Ներկայացուցիչների պալատին այն մասին, որ Ադրբեջանը փորձում է ֆինանսական և այլ միջոցներով ազդել ԱՄՆ–ի ժողովրդավարական ինստիտուտների և ընդհանրապես քաղաքականության վրա: Խնդրում եմ` մանրամասնել, ինչի մասին է խոսքը և ինչ փաստեր են բացահայտվել:

Որևէ երկիր, որը փորձում է փողով կամ նվերներով ազդեցություն բանեցնել որևէ քաղաքական գործչի, հատկապես կոնգրեսականի կամ սենատորի վրա, կատարում է ոչ միայն սխալ, այլև անօրինական քայլ: Կոնգրեսում ու Սենատում գործում են էթիկայի հանձնաժողովներ, որոնք զբաղվում են նման հարցերով: Բացի այդ, օրենքի համաձայն` նվեր ստացված իրը չպետք է գերազանցի որոշակի «x» գումար: Եթե գերազանցեց այն, պետք է հետ վերադարձվի կամ ստացողը պետք է այդ մասին հայտնի համապատասխան ատյաններին, ինչին արդեն հետևում են օրենքով սահմանված կոնկրետ քայլեր:

Ադրբեջանը սովորություն է դարձրել մարդկանց փողով կամ նվերներով «առնելը»: Աստիճանաբար տարբեր փաստեր են բացահայտվում: Օրինակ, անցած տարի մի խումբ կոնգրեսականներ, սենատորներ, նրանց աշխատակազմերից մարդիկ հրավիրվել են Ադրբեջան` մասնակցելու կոնկրետ միջոցառման, ապա ստացել են թանկարժեք նվերներ, որոնք գերազանցել են օրենքով սահմանված առավելագույնը: Երբ դա բացահայտվեց, Կոնգրեսը հետազոտություն անցկացրեց: Էթիկայի հանձնաժողովը նրանց ստիպեց վերադարձնել այդ նվերները: Սա շատ կարևոր փաստ է նաև այն առումով, հիմա այդ քաղաքական գործիչները հասկանում են, որ Ադրբեջանի պատճառով իրենց համբավը տուժում է:

Վերջերս բացահայտվել է, որ Ադրբեջանի նախկին տրանսպորտի նախարար, միլիարդատեր Զիա Մամադովի որդին` Անար Մամադովը Վաշինգտոնում հիմնել է «Azerbaijan America Alliance» ընկերությունը, որի նպատակն է «աջակցել Ամերիկայի և Ադրբեջանի երկարատև գործընկերությանը»: Այդ նպատակով նա կազմակերպել է տարբեր ընթրիքներ, միջոցառումներ, և միայն 2011–15 թթ. ծախսել 12 մլն դոլար: Մեր նամակում մենք անդրադարձել ենք այս և այլ դեպքերի և փորձել ենք փաստել, որ նման միջոցներով Ադրբեջանը փորձում է ազդել ԱՄՆ–ի քաղաքականության վրա:

Նախկինում ԱՄՆ–ի Արդարադատության նախարարությունը Ադրբեջանի դեմ որոշ գործեր է առաջադրել Արտաքին կոռուպցիոն դրսևորումների ակտի (FCPA) միջոցով: Այսինքն, քրեական գործե՞ր են հարուցվել: Ինչի՞ մասին է խոսքը:

Որքան գիտեմ` այո, բայց չգիտեմ, թե հիմա դրանք ինչ փուլում են: Այդ ամենը երկարատև գործընթաց է: Բայց կարևորն այն է, որ մենք ուշադրություն ենք հրավիրում և հիշեցնում ենք, որ նման բաներ եղել են և շարունակում են լինել: Թերթերն էլ սկսում են ավելի շատ գրել այդ մասին, որպեսզի մարդիկ, նաև քաղաքական գործիչները հասկանան, որ այս ամենն ընդունելի չէ, և ԱՄՆ–ն թույլ չի տա նման բաներ:

Այս տարվա սկզբին Bloobberg News–ը հոդված էր տպագրել, որտեղ ասվում է, որ Ադրբեջանն ամսական 45000 դոլար է փոխանցում Podesta Group–ին, որը ադրբեջանամետ քարոզչություն է իրականացրել: Սա ի՞նչ կազմակերպություն է և կոնկրետ ի՞նչ ծրագրեր է իրականացրել:

Դա լոբբիստական կազմակերպություն է, որը փորձել է ցանկացած ձևով Ադրբեջանին լավ լույսի ներքո ներկայացնել: Հաճախ նման կազմակերպությունները որպես խորհրդական վճարի դիմաց աշխատանքի են հրավիրում, ասենք, թոշակի անցած կոնգրեսականների կամ քաղաքական գործիչների և օգտվում նրանց կապերից ու ազդեցությունից: Podesta–ն էլ է նույնը արել:

Վերջերս էլ հայտնի դարձավ, որ Podesta Group–ի պայմանագիրը երկարացվել է:  Իսկ ադրբեջանական լոբբին այսօր ԱՄՆ–ում ուժե՞ղ դիրքեր ունի: Նրանք փորձում են հզորանալ: Ու այդ ճանապարհին մեր փորձն են ընդօրինակում: Հետևելով մեր օրինակին` վերջերս Կոնգրեսում ստեղծվել են ադրբեջանական, նաև թուրքական հանձնախմբեր:

Այս կապակցությամբ մենք հետևյալ մարտավարությունն ենք որդեգրել: Այն կոնգրեսականներին, ովքեր անդամակցում են ադրբեջանական կամ թուրքական հանձնախմբերին, նամակներ ենք ուղարկում, տեղեկացնում ենք, որ գուցե Ադրբեջանը ձեզ լավ երկիր է թվում, բայց դուք գիտե՞ք արդյոք, որ այսինչ բաներն անում են, ու դա նրանց համար նորմալ է:

Ոչ միայն նվեր կամ փող են տալիս, այլ պատերազմում են Արցախի ժողովրդի դեմ: Կամ տեղեկացնում ենք, թե Ադրբեջանի զինված ուժերն ինչպես են վերաբերվում հայ խաղաղ բնակիչների նկատմամբ, կամ մահացած հայ մարդկանց դիակներն ինչպես են խոշտանգում:

Ու հարցադրում ենք անում` դուք ցանկանո՞ւմ եք նման մարդկանց հետ լինել և ձեր անունը կապել նրանց հետ: Բայց պետք է նշեմ, որ ադրբեջանական լոբբին մեկ առավելություն ունի` այդ երկիրը շատ փող ունի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

«Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է …».Ամրամ Մակինյան

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով