ՆԱԽԱԳԱՀԸ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՄԻ ԽՈՒՄԲ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ

Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում այսօր հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ: Հանրապետության Նախագահը հանդիպման առիթով շնորհավորել և խորհրդարանականներին է հանձնել Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևները, որով պատգամավորները անցյալ տարի պարգևատրվել էին Հանրապետության Նախագահի կողմից:

Մասնավորապես` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև խորհրդարանական համագործակցության ընդլայնման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, «Եվրանեստ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկին պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Այս պարգևին են արժանացել նաև Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և «Եվրանեստ» խորհրդարանական վեհաժողովում պատվիրակության անդամներ Յացեկ Սարիուս-Վոլսկին, Կնուտ Ֆլեկենշտեյնը, Եվրոպական խորհրդարանի անդամ, Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելը, ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ, «Եվրանեստ»

խորհրդարանական վեհաժողովում պատվիրակության անդամ Յարոմիր Շտետինան` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ, «Եվրանեստ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Հեյդի Հաուտալան` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև խորհրդարանական համագործակցության ամրապնդման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Մխիթար Գոշի մեդալով պարգևատրվել է նաև Եվրոպական խորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Էլենի Թեոխարուսը, ով Հայաստանի պետական այդ բարձր պարգևին արժանացել է Հայ-կիպրական բարեկամական կապերի զարգացման, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև խորհրդարանական համագործակցության ընդլայնման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Չարլզ Թաննոքը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով