«Ընդդիմադիր ուժերը միմյանց քննադատելու փոխարեն պիտի պայքարեն իշխանության դեմ»

«Գնում ենք հաղթելու, որոշումը ժողովրդինն է. ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովուրդը վստահում է մեզ, փաստացի երկրորդ տեղով անցանք, ունենք 400- ից ավելի ավագանու անդամ, ժողովուրդը վստահում է մեզ»,- նշում է  «Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը՝ հանդիպում- քննարկման ընթացքում:

-Մենք ունենք խարիզմատիկ, գրագետ առաջնորդ, ներկայացնում ենք ռեալ, իրագործելի ծրագրեր երկրի պաշտպանության, սոցիալական խնդիրների լուծման, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներում: Կուսակցության փոխնախագահն իր թիմի հաջող աշխատանքի օրինակ է բերում ավանդների փոխհատուցումը, վերջինիս խոսքով այն ժամանակ դեռևս «Օրինաց երկրի» և առաջնորդ Արթուր Բաղդասարյանի ջանքերով արդեն վերադարձվել է ավելի քան 40 մլն դոլարի ավանդ:

Կուսակցության փոխնախագահի խոսքով ընդդիմադիր ուժերը միմյանց քննադատելու փոխարեն պիտի պայքարեն իշխանության դեմ,- «Ընդդիմադիրների գործը միմյանց դեմ պայքարելը չէ, այլ իշխանության դեմ, գնահատականներ պետք է տա ժողովուրդը, այլ ոչ մեկ ընդդիմադիր գործիչը մյուսին»:

Այն հարցին` կգնա՞ն կոալիցիայի՝ Մհեր Շահգելդյանը պատասխանեց, որ միայն այն դեպքում, եթե ունենան իրական ազդեցություն որոշումների վրա,-  «Մեր ծրագրերն իրականացնելու համար ազդեցություն է պետք, չենք բացառում, որ ինքներս կկազմենք կոալիցիա և կհրավիրենք այլ ուժերի»:

Անդրադառնալով Մարտի մեկի դեպքերին կուսակցության փոխնախագահը նշեց, որ արդարադատության հաղթանակի կողմնակից են ցանկացած հարցում,- «Մարտի մեկի քննությունները պետք է շարունակվեն այնքան, քանի դեռ մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել, արդարադատությունը պետք է հաղթի»:

Լրագրողի այն հարցին, թե ի՞նչ տեսակետ ունի կուսակցությունը արտաքին քաղաքականության հարցերում Մհեր Շահգելդյանը նշեց, որ պետք է բալանսավորված քաղաքականություն վարել,- «ՀԱՊԿ- ի անդամ լինելով պետք է բալանսավորված քաղաքականություն վարենք արևմուտքի հետ. շատերս մոռանում ենք նաև հարևան Իրանի գործոնը, այդ երկրից բազմաթիվ բիզնեսմեններ պատրաստ են մեծ ներդրումներ կատարել Հայաստանում, պարզապես պետք է աշխատել նրանց հետ»:

 

 

«Ա1+»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով