Սիրիայի խորհրդարանի հանձնաժողովներում քննարկվում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Սիրիայի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովներում քննարկվում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այդ մասին հայտարարել են Երևանում գտնվող սիրիացի պատգամավորներ Օմար ալ Արաբին և Ալան Բաքերիին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպմանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը ողջունել է սիրիացի պատգամավորների այցը Հայաստան և նշել, որ հայ-սիրիական բարեկամությունը դարերի պատմություն ունի, որն առավել ամրապնդվել է՝ Սիրիայի կողմից Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ գաղթականներին ապաստանելու և երկրորդ հայրենիք պարգևելու շնորհիվ:

Էդուարդ Շարմազանովը կարևորել է երկու երկրների միջև փոխգործակցությունն ու այդ հարցում առանձնակի տեղ հատկացրել միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը: Նա երախտագիտություն է հայտնել Սիրիայի խորհրդարանին՝ նախորդ տարի Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանն ուղղված քայլերի համար:

«Ցեղասպանությունների ժխտումը լի է ոճրագործության կրկնության վտանգով. թուրքական ժխտողականությունն ու անպատժելիությունը ծնեցին նոր, Իսլամական Պետության նման ահաբեկիչների», — նշել է Էդուարդ Շարմազանովը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Սիրիայում առկա ճգնաժամին. ԱԺ փոխնախագահը սիրիացի ժողովրդին մաղթել է տոկունություն և հույս հայտնել, որ շուտով երկրում կտիրի խաղաղություն և օրինականություն: Էդուարդ Շարմազանովն ընդգծել է Հայաստանի դիրքորոշումը ահաբեկչության դեմ պայքարում և վստահեցրել, որ հայ խորհրդարանականները պատրաստ են միջազգային տարբեր հարթակներում իրենց ձայնը բարձրացնել սիրիական խնդրի խաղաղ կարգավորման համար:

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատգամավորներ Օմար ալ Արաբին և Ալան Բաքերին շնորհակալություն են հայտնել ԱԺ փոխնախագահին ջերմ ընդունելության համար և փոխանցել սիրիական իշխանությունների և ժողովրդի երախտագիտությունը հայ ժողովրդին՝ դժվարին պահերին իրենց սատարելու և աջակցության համար:

Սիրիացի խորհրդարանականները նույնպես կարևորել են միջխորհրդարանական կապերի սերտացումը և հավելել, որ Սիրիայի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովներում ընթանում են Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հարցի քննարկումները: Նրանք ՀՀ ԱԺ փոխնախագահին հրավիրել են պաշտոնական այցով մեկնել Սիրիա, հայտնում է  ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

sir-parl0

armedia.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով