Պեկինի համալսարանում հայոց լեզուն կուսուցանվի որպես առանձին մասնագիտություն

By | 16.11.2016
Загрузка...

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՉԺՀ կրթության նախարար Չեն Բաո Չենի հետ: Հանդիպման ընթացքում ամփոփվել են ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնական այցի արդյունքները:

Երկու նախարարները մանրամասն քննարկել են Հայաստանում կառուցվող չինական դպրոցի գործունեության  հեռանկարները, կարևորել դպրոցին տարածաշրջանային նշանակություն տալու հարցը, ինչպես նաև վերապատրաստումների համակարգ ունենալու հնարավորությունը:

ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Երևանի չինական դպրոցի կառուցման աշխատանքներին չինական կողմի աջակցության համարՙ ընդգծելով, որ նախագիծը կյանքի է կոչվել երկու երկրների նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում: Քննարկվել են նաև երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և կապերի ամրապնդման մի շարք հարցեր:

Չինաստանի կրթության նախարարը վերահաստատել է Պեկինի օտար լեզուների համալսարանում «Հայոց լեզու» առարկային մշտական մասնագիտության կարգավիճակ տալու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը:

Նա ողջունել է Պեկինի մանկավարժական համալսարանի և Երևանի Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը` համատեղ ծրագրեր իրականացնելու և կրկնակի դիպլոմ տրամադրելու ուղղությամբ:

Կողմերը պայմանավորվել են գարնանը կազմակերպել  Պեկինի մանկավարժական համալսարանի և Կոնֆուցիուսի ինստիտուտների գլխավոր գրասենյակի պատվիրակների այց Հայաստան, որի ընթացքում կկնքվեն համապատասխան պայմանագրեր:

Նույն օրը նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Կոնֆուցիուսի ինստիտուտների գլխավոր գրասենյակի (Հանբան) տնօրենի պաշտոնակատար Սիա Ձիենհուիի  հետ: Հանդիպման ընթացքում նախարար Լևոն Մկրտչյանը նախ շնորհակալություն է հայտնել Հայաստանի Կոնֆուցիուսի կենտրոնին չինական կողմի ցուցաբերած աջակցության համար` շեշտելով, որ այն մեր երկու երկրների միջև կրթական և մշակութային առումով կարևոր օղակ է:

Այդ համատեքստում նախարարը նշել է, որ Երևանում կառուցվող չինական դպրոցի գործունեության մեկնարկից հետո խիստ կարևորվելու է կենտրոնի դերակատարումը` Հայաստանի մանկավարժական կադրերի վերապատրաստման և տեղական կադրերով համալրելու առումով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կոնկրետ աշխատանքային ծրագիր մշակել Երևանում չինական դպրոցի աշխատանքներին աջակցելու ուղղությամբ:

Քննարկվել է նաև Կոնֆուցիուսի ինստիտուտների ցանցի կողմից Հայաստանին տրամադրվող կրթաթոշակների մեթոդի արդիականացման հարցը, կարևորվել կոնկրետ ուղղություններով դասախոսական կադրերով  ապահովելու խնդիրը:
Կոնֆուցիուսի ինստիտուտների գլխավոր գրասենյակի տնօրենի պաշտոնակատարը բարձր է գնահատել Կոնֆուցիուսի կենտրոնի Հայաստանի մասնաճյուղի գործունեությունը: Անդրադառնալով մեր ժողովուրդների հնամյա պատմությանը` նա նշել է, որ մեր երկու ժողովուրդները դարերի ընթացքում  կարողացել են պահպանել ու պաշտպանել իրենց քաղաքակրթությունն և ինքնությունը:
Գիտության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման և համագործակցության ընդլայնման նպատակով  տեղի է ունեցել նաև Հայաստանի գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի հանդիպումը Չինաստանի գիտության նախարարի հետ:
Այսօր ավարտվել է նախարարի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը ՉԺՀ:

arm-pekin2

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...