Ոգևորությանը փոխարինեց խորը հիասթափությունը

By | 27.11.2016
Загрузка...

Օրերս ՀՀ պետեկամուտների կոմիտեն առաջին հայացքից մի սովորական հաղորդագրություն էր տարածել, որը իրականում աննախադեպ էր իր բովանդակային իմաստով:

«ԵԱՏՄ տարածքից, մասնավորապես, ՌԴ-ից բանանի ներկրում իրականացնելու՝ տնտեսվարողի փորձն օրերս որոշ խնդիրների առաջ է կանգնեցրել վերջինիս: Պարզվել է, որ տնտեսվարողը պարզեցված մաքսային ընթացակարգերով հատել է սահմանը, սակայն խոչընդոտների է հանդիպել արդեն հանրապետության տարածքում, որոնց կարգավորման հարցով ներկրողը դիմել է պետական եկամուտների կոմիտե:

Այսպես, Օպերատիվ հետախուզության եւ Ներքին անվտանգության վարչություններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձինք փորձում են խոչընդոտել բանանի ներկրման գործընթացը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օրենքի շրջանակում, տնտեսվարողը ստացել է աջակցություն եւ հաջողությամբ իրականացրել ներկրումը»,- մասնավորապես, ասված է այդ հաղորդագրության մեջ:

ՊԵԿ-ը, անշուշտ, ցանկանում էր այս հաղորդագրությամբ կրկին արձանագրել, որ նոր կառավարությունը հավատարիմ է «ով ինչ ուզենա, կարող է ներկրել առանց խոչընդոտների» գծին: Բայց գործնականում ստացվել է ճիշտ հակառակը: Սա պատկերացնելու համար ներկայացնենք, թե ինչպես է եղել ՊԵԿ-ի հաղորդագրությունում մատնանշված միջադեպը:

Մի գործարար իր բեռնատարով արքայանարինջ` «կորոլյոկ» է արտահանել ՌԴ, սակայն ճանապարհին ունենալով տեխնիկական խնդիրներ, բեռն ուշ է տեղ հասցրել, եւ այն դարձել է իրացման համար ոչ պիտանի: Գործարարն իր կրած վնասը նվազագույնի հասցնելու համար տեղի մեծածախ մատակարարներից գնել է բանանի մի փոքր խմբաքանակ:

Իսկ բանանի ցածր գինը եղել է այն հիմնական գործոնը, որը թույլ է տվել գործարարին իր վնասները վերականգնելու հույսեր ունենալ: Մեկ կիլոգրամը նա գնել է 300 դրամով: Հայաստան հասցնելուն պես, երբ մեր մաքսավորները տեղեկացել են, թե ինչ է ներկրում գործարարը, տարօրինակ պահվածք են ցուցաբերել:

«Հաստատ ուզում ես բանանը մտցնես Հայաստա՞ն», «Լավ ե՞ս մտածել», «Գիտե՞ս, դա ում բիզնեսն ա»…: Ահա այս կարգի խոսակցություններ են ունեցել մաքսավորները բանան ներկրած քաղաքացու հետ: Վերջինս, սակայն մեծ կարեւորություն չի տվել այս խոսակցություններին:

Նա թերեւս հավատացել է, թե ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանին նշանակելուց հետո ինչ-որ բան փոխվել է եւ վստահ է եղել, որ բեռը հաջողությամբ կհասցնի Երեւան:

Մաքսակետում իր ապրանքի հետ կապված ձեւակերպումներն ավարտելուց հետո ուղեւորվել է դեպի Երեւան: Բայց ճանապարհի կեսը դեռ չանցած՝ նրա բեռնատարը շրջապատել են մի քանի մեքենաներ:

Գործարարի մեքենան կանգնեցնողների եւ գործարարի խոսակցությունը շատ երկար չի տեւել: Բավականին տպավորիչ արտաքինով երիտասարդները գործարարին ընդգծված հարձակվողական տոնով բացատրել են, թե ինչն ինչոց է: Ասել են, թե ինքը շատ սխալ բան է արել, բանան ներկրելու «դաբրո» չունի ու սպառնալիքների տարափ են լցրել գործարարի գլխին:

Վերջինս բացատրել է, որ ինքը բանանը ներկրել է միայն իր վնասները փոխհատուցելու համար, դա առաջին անգամն է եւ այլն: Այստեղ տպավորիչ արտաքինով երիտասարդները մի քիչ բարիացել են: Մոտավորապես` «առաջին անգամը չլիներ՝ ոտներդ կջարդեինք» ասելով, նրանք գործարարին խորհուրդ են տվել կիլոգրամը 700 դրամով բանանը վաճառել իրենց:

Գործարարը, բնականաբար, համաձայնել է ու հենց այդպես էլ արել: Այս պատմությունը գիտի ողջ գործարար աշխարհը: Նույնիսկ գիտի, թե ովքեր են եղել գործարարին կանգնեցրածների մեջ:

Ու ինչ պետք է լիներ այս պատմությունից հետո, մանավանդ, երբ այս մասին գիտեն նաեւ ՊԵԿ-ում: Ոչ միայն գիտեն, այլեւ պաշտոնական հաղորդագրություն են տարածել այդ մասին:

Քրեական օրենսգրքում առանց մեծ դժվարության կարելի է գտնել այն հոդվածները, որոնց հատկանիշներով պետք է անմիջապես քրեական գործ հարուցվեր: Պետք է լինեին ձերբակալություններ, քանի որ «տպավորիչ արտաքինով երիտասարդները» ազատության մեջ մնալով՝ կարող էին վնաս հասցնել գործարարին:

Քրեական գործի շրջանակներում իրավապահները պետք է պարզեին, թե մաքսատան ո՞ր աշխատակիցն է «տպավորիչ արտաքինով երիտասարդներին» տեղեկացրել, որ բանան է ներկրվել Հայաստան: Իրավապահները պետք է պարզեին, թե ում պատվերով եւ որ օլիգարխի համար են «տպավորիչ արտաքինով երիտասարդները» խոչընդոտել գործարարին…:

Քրեական գործը հավուր պատշաճի մինչեւ վերջ տանելու պարագայում, Հայաստանում կվերանար ամենամամռակալած ու գարշահոտ մոնոպոլիաներից մեկը` բանանի ներկրման մոնոպոլիան, որը տարիներ շարունակ պատկանում է ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի հիմնած «Քեթրին գրուպ» ընկերությանը:

Իսկ ի՞նչ է տեղի ունեցել գործնականում: «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օրենքի շրջանակում, տնտեսվարողը ստացել է աջակցություն եւ հաջողությամբ իրականացրել ներկրումը»: Իյա, իրո՞ք: Բա սա որքանո՞վ է համապատասխանում երկրում խորը փոփոխություններ կատարելու խոստումներին, «աշխարհը շուռ տալու» մտադրություններին…: Գործարարը «աջակցություն է ստացել»: Այնպիսի աջակցություն, որ կյանքում այլեւս բանան չի ներկրի, նույնիսկ եթե ՌԴ-ում այն արժենա զրո դրամ:

Խնդիրն, անշուշտ, մեկ առանձին գործարարի հետ պատահած միջադեպը չէ: Խնդիրն այն է, որ նոր կառավարությունն իրենից անկախ մի հիանալի շանս է ունեցել մեկ հարվածով կործանել ամբողջ գործարար աշխարհին նյարդայնացնող մոնոպոլիաներից մեկը:

Կառավարությունը շանս է ունեցել մեկ հարվածով ամբողջ գործարար աշխարհին աննախադեպ ոգեւորություն հաղորդելու, ապացուցելու, որ փոփոխությունների ժամանակը եկել է…: Իսկ կառավարությունն այդ շանսը օգտագործեց հնարավորինս ամենավատ ձեւով:

Կառավարությունում թերեւս չեն էլ պատկերացնում, թե հիասթափության ինչպիսի դոզա են տվել գործարար աշխարհին: Կառավարությունն ուղղակի մի ավելորդ անգամ վերահաստատել է գործող մոնոպոլիաների դեմ իր բացարձակ անզորությունը, իսկ անզորների վրա ոչ ոք հույս դնել չի կարող: Դե հիմա թող որեւէ գործարարի համոզեն, որ Հայաստանում բիզնես ընդլայնի, ներդրումներ անի…

ex-mayor

Նյութը̀ Armtimes.com-ի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...