ՀՀ վարչապետը և Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահը կարևորում են առևտրատնտեսական ոլորտում համագործակցության զարգացումը

By | 03.11.2016
Загрузка...

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ Սլովակիան Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է և մեր երկիրը շահագրգռված է երկկողմ հետագա համագործակցության զարգացմամբ՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:

Կարեն Կարապետյանը վստահություն է հայտնել, որ հայ-սլովակյան միջպետական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ և նշել, որ հայկական կողմը հանձնառու է զարգացնել ու ամրապնդել փոխգործակցությունը բոլոր ուղղություններով:

Վարչապետը կարևորել է հայ և սլովակ գործարարների միջև կապերի սերտացումն ու ընդլայնումը՝ առաջարկելով դիտարկել առևտրատնտեսական հարցերով միջպետական հանձնաժողով ստեղեծելու հարցը: Միաժամանակ, գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ առաջիկայում կառավարությունը տարբեր խողովակներով սլովակ գործընկերներին կներկայացնի ներդրումային ծրագրերի փաթեթ:

Կարեն Կարապետյանն ավելացրել է, որ Հայաստանի և Սլովակիայի հարաբերություններում հատուկ ուշադրություն է դարձվում նաև Եվրոպական միության Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցությանը և նշել, որ Հայաստանը պատրաստ է խորացնել գործակցությունը ԵՄ-ի հետ՝ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, տնտեսության, մարդու իրավունքների պաշտպանության, արդյունավետ կառավարման և այլ ուղղություններով:
Իր խոսքում Անդրեյ Դանկոն ընդգծել է երկու երկրների և ժողովուրդների միջև առկա բարեկամական ջերմ հարաբերությունների փաստը և կարևորել առևտրատնտեսական կապերի խորացումն ու ընդլայնումը: Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահը պատրաստակամություն է հայտնել Սլովակիայի կառավարության ղեկավարին փոխանցել հայկական կողմի նախաձեռնությունները՝ առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման, կապերի ընդլայնման ու ամրապնդման նպատակով:
Հանդիպման ընթացքում վարչապետը շնորհակալություն է հայտնել Անդրեյ Դանկոյին՝ Սլովակիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում անձնական ներդրման ու դիրքորոշման համար:

%d0%ba%d0%b0%d1%80-%d1%85%d0%b0%d0%bd%d0%b4%d0%b8%d0%bf%d1%83%d0%bc1

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...