ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին

By | 07.11.2016
Загрузка...

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սիրիայի ԱրաբականՀանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալին:
Հանդիպման սկզբում հյուրը շնորհավորել է Իգնատի Առաքելյանին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնել, որ նրա գործունեության ընթացքում Հայաստանի և Սիրիայի միջև հարաբերություններն ագրարային ոլորտում ավելի կխորանան ու կակտիվանան:
«Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Սիրիայի Արաբական Հանրապետության գյուղատնտեսության և գյուղատնտեսական բարեփոխումների նախարարության միջև նախկինում ստորագրվել է գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր: Բացի այդ, ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիսանում է առևտրա-տնտեսական հարցերով հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ուստի կարծում եմ, որ այդ շրջանակներում հնարավոր է ծավալել փոխշահավետ համագործակցություն», – ողջունելով հյուրին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Անդրադառնալով Սիրիայում տիրող ներկա իրավիճակին և հույս հայտնելով, որ սիրիական հողում կրկին կհաստատվի խաղաղություն` նախարարը նշել է, որ գյուղատնտեսության ոլորտում սիրիական հարուստ փորձը կարող է օգտակար և օրինակելի լինել հայ մասնագետների համար: Այս համատեքստում նախարարը կարևոր է համարել փորձի փոխանակման նպատակով փոխայցերի կազմակերպումը:
Պարոն Իսսամ Նայալն իր հերթին նշել է, որ թեև քաղաքական ասպարեզում Հայաստանի և Սիրիայի միջև ձևավորվել են բարեկամական ամուր հարաբերություններ, սակայն տնտեսության և առևտրի բնագավառում համագործակցությունը դեռ ոչ բավարար մակարդակի վրա է, չնայած այս առումով երկու երկրներում առկա է մեծ ներուժ:
Այս բացթողումը լրացնելու և գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցությունն ակտիվացնելու նպատակով պարոն Իսսամ Նայալը նախարարին ներկայացրել է գյուղատնտեսական այն ապրանքատեսակների ցանկը, որը սիրիական կողմը պատրաստ է ներմուծել Հայաստան: Ի պատասխան նախարար Իգնատի Առաքելյանը խոստացել է ուսումնասիրել այդ առաջարկը:
Հանդիպման ավարտին զրուցակիցները վերահաստատել են պատրաստակամությունը քայլեր ձեռնարկել երկու երկրների գործարար կապերի ամրապնդման ուղղությամբ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

18

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...