Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը նշում է հիմնադրման 75-ամյա հոբելյանը

By | 17.11.2016
Загрузка...

2016 թվականը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի համար հոբելյանական տարի է. թատրոնը նշում է իր հիմնադրման 75-ամյա հոբելյանը:

Ողջ տարվա ընթացքում հոբելյանական միջոցառումների շրջանակում ցուցադրվեցին մի շարք ներկայացումներ` նվիրված թատրոնի երախտավորներ Վարդան Աճեմյանի, Արտեմի Այվազյանի, Արամ Տեր-Հովհաննիսյանի, Թադևոս Սարյանի, Շարա Տալյանի հիշատակին:

Թատրոնը հյուրախաղերով հանդես եկավ ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում` Գ. Խանջյանի «Ինձնից պրծում չկա» և Ժ. Հարությունյանի «Պարոն Բաբիկը և ուրիշներ» ներկայացումներով:

Հոբելյանական միջոցառումները կեզրափակվեն` ս. թ. նոյեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայանալիք հանդիսավոր հոբելյանական ծրագրով, որի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես կգան` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Մխիթարյանը, ՀՀ ժողովրդական արտիստներ Սվետլանա Նավասարդյանը և Ռուբեն Մաթևոսյանը, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը, Կոմիտասի անվան ազգային քառյակը, ՀՀ պաշտպանության նախարարության Սպայի տան «Զորական» անսամբլը:

Հանդես կգա նաև Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլը: Թատրոնի հոբելյանի առթիվ իրենց շնորհավորական խոսքը կհղեն` պետական այրեր, հասարակական գործիչներ, մտավորականներ և թատերարվեստի ոլորտի նվիրյալներ: Կցուցադրվեն հատվածներ ներկայացումներից: Հոբելյանական երեկոյի ընթացքում տեղի կունենա նաև «Պարոնյան-75» գիրք-ալբոմի շնորհանդեսը:
Ազդագիրը ներբեռնել այստեղ:

%d5%b0%d5%a1%d5%a326

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...