Թուրքիայում այսօր տեղի ունեցողն անուղղակի աղերսներ ունի 1915թ. հետ. թուրքագետը քրդամետ կուսակցության պատգամավորների ձերբակալման մասին

By | 07.11.2016
Загрузка...

Մենք այս պահին գործ ունենք Թուրքիայի իշխող կուսակցության և մասնավորապես՝ նախագահ Էրդողանի կողմից իշխանությունը մեկ մարդու ձեռքին կենտրոնացնելու գործընթացի հետ:

Tert.am-ի հետ զրույցում ներկայացնելով Թուրքիայում այս օրերին քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավորների ձերբակալությունների պատճառները՝ ասաց թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Այս գործընթացի իրականացումն սկսվել է մի քանի տարի առաջ. նախապես փոխվեց սահմանադրական կարգը, դրանից հետո տեղի ունեցան մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնցից կարող ենք ներկայացնել այս տարվա առաջին կեսին ընդունված օրինագիծը, որով պատգամավորները զրկվեցին անձեռնմխելիության իրավունքից: Այս գործընթացների արդյունքում իշխանությունը և մասնավորապես՝ նախագահ Էրդողանը կարողանում է հեռացնել քաղաքական դաշտի բոլոր այն խմբավորումներին, որոնք որ կարող են հավակնել նրա հետ միասին իշխանություն կիսելուն»,- ասաց Վարուժան Գեղամյանը՝ ավելացնելով, որ մեկուսացվում և չեզոքացվում են նաև այն բոլոր ուժերը, որոնք կարող են վտանգ սպառնալ իշխող գաղափարախոսությանը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» 13 անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:

Այժմ պատգամավորների անձեռնմխելիության մասին օրենքը, որն ամրագրված էր Սահմանադրության 83-րդ հոդվածով և արգելում էր պատգամավորներին «կալանավորել, հարցաքննել, դատապարտել առանց խորհրդարանի թույլտվության», համարվում է անվավեր:

Ըստ թուրքագետ Վարուժան Գեղամյանի՝ քրդամետ կուսակցության պատգամավորների նկատմամբ հետապնդումները կանխատեսելի էին հատկապես հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո, երբ հայտարարվեց, որ սկսվելու է մաքրազերծում «բոլոր ահաբեկիչների, գյուլենականներին սատարողների շրջանում»:

«Հիմա այդ «սոուսով» լցվում են այն տարրերը, որոնք պետք է հեռացվեն քաղաքականությունից»,-ասաց նա:

Հարցին, թե թուրքական իշխանությունների գործողություններն ուղղված էին քրդական տարրի՞, թե՞ պարզապես ընդդիմադիրների դեմ, թուրքագետը պատասխանեց. «Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությունը ներկայացնում է Թուրքիայի երկու կողմերի շահերը։ Առաջինը՝ իհարկե այն պրո-քրդական կուսակցություն է, և այսպիսով այս հարվածն ուղղված է քրդական ակտիվությանը: Բայց պետք է նկատել, որ վերջին տարիներին նույն կուսակցությունը ներկայացնում էր Թուրքիայում ձախակողմյան կողմնորոշում ունեցող կամ լիբերալ այլ կողմնորոշում ունեցող հատվածների շահերը»:

Այս համատեքստում Վարուժան Գեղամյանը նկատեց, որ իշխանությունների հարվածն ուղղված էր նաև այդ խմբերին, որպեսզի այդ մարդիկ քաղաքականության մեջ տեղ չունենան:

Մեր դիտարկմանն ի պատասխան, որ քրդամետ կուսակցության պատգամավորների հնարավոր ձերբակալվածների շարքում հնչում էր նաև հայազգի Կարո Փայլանի անունը, սպասելի՞ էր, որ նա ևս կձերբակալվեր, հաշվի առնելով նրա ակտիվությունը, թուրքագետը նկատեց, որ թուրքական իշխանությունների համար առավել առաջնային էր դաշտից հեռացնել գլխավոր կազմակերպչական ուժերին.«Պատահական չէր, որ նրանց ձերբակալեցին լրիվ տարբեր տեղերում՝ մեկին Անկարայում, մյուսին՝ Դիարբեքիրում, և ամեն ինչ արվել է գիշերը։ Մեզ արդեն քաջածանոթ թուրքական ավանդույթի հետ գործ ունենք. այստեղ անուղղակի աղերսներ կան 1915 թվականի ապրիլի հետ: Կարծում եմ, որ հեռացրին կազմակերպիչներին և գլխավոր գործողներին, որովհետև խնդիր կար առաջին հերթին թույլ չտալ, որ ինքնակազմակերպվեն»:

Ըստ թուրքագետի՝ այսօր Թուրքիայում կատարվողը հիշեցնում է Թուրքիայի նորագույն պատմության տարիներին կատարվածը, 2000-ականները, երբ փակվեցին քրդական կուսակցությունները:

«Այնպես որ ամեն ինչ գնում է դեպի այն, որ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությունն այլևս չլինի»,- ասաց նա:

Անդրադառնալով Կարո Փայլանի դեմ հնարավոր հետապնդումներին՝ Վարուժան Գեղամյանն ասաց, որ Թուրքիայում այս պահին տեղի ունեցող բևեռացումը՝ նացիոնալիստական ուժերի համախմբումը, կարող է խնդիր ստեղծել ոչ միայն Կարոյի, այլ ցանկացած մեկի համար, որն իր վրա կրում է «ուրիշի, այլի» պիտակը. «Դա կարող է անդրադառնալ թե՛ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների, այդ թվում՝ Կարո Փայլանի վրա, կարող է անդրադառնալ լիբերալ հայացքներով աչքի ընկնող այս կամ այն գիտնականի, մտավորականի վրա և կարող է անդրադառնալ ցանկացած տիպի փոքրամասնությունների վրա»:

qurd0

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...