Դեկտեմբերի 3-ը` Աստվածամուխ Ս. Գեղարդի ուխտի օր

By | 14.11.2016
Загрузка...

2015 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով Հայոց Եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր` ի գոհացումն բարեպաշտ հայորդյաց և օտարազգի ուխտավորների:
Այս տարի առաքյալների տոնին` դեկտեմբերի 3-ին, Ս. Գեղարդը կբերվի Մայր Տաճար:
Սիրով հրավիրում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին մասնակցելու Հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնի առիթով մատուցվող սուրբ և անմահ Պատարագին և ստանալու հրաշագործ Ս. Գեղարդից բաշխվող օրհնությունն ու շնորհները:
Ս. Գեղարդը Մայր Տաճարում կմնա մինչև նույն օրվա ուշ երեկո:

ՏԵՂԵԿԱՆՔ

Աստվածամուխ Սուրբ Գեղարդ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է պահվում համաքրիստոնեական սրբություններից մեկը՝ Աստվածամուխ Ս. Գեղարդը, որով նաև օրհնվում է Հայոց Եկեղեցու Սրբալույս Մյուռոնը:
Սուրբ Գեղարդն այն նիզակի ծայրն է, որով հռոմեացի զորականը՝ Ղունկիանոս հարյուրապետը, խոցեց մեր Տեր Հիսուս Քրիստոսին` խաչի վրա: Ս. Ավետարանը վկայում է. «Երբ եկան Հիսուսի մոտ և տեսան, որ նա արդեն մեռած էր, նրա սրունքները չկոտրեցին, այլ զինվորներից մեկը տեգով խոցեց նրա կողերը, և իսկույն արյուն և ջուր ելավ» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:33-34):
Հայոց Եկեղեցու սրբազան ավանդության համաձայն, Տերունի այս սրբությունն Ա դարում Հայոց աշխարհ է բերել Քրիստոսի 12 աշակերտներից Ս. Թադեոս առաքյալը:

Համաքրիստոնեական այդ սրբությունը դարեր շարունակ պահվել է պատմական Հայաստանի տարբեր վանքերում, իսկ ԺԳ դարից՝ Այրիվանքում, որը հետագայում ի պատիվ Ս. Գեղարդի կոչվել է Գեղարդավանք: ԺԸ դարի երկրորդ կեսին Ս. Գեղարդը բերվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և մինչ օրս պահվում է հանուր հայության հոգևոր կենտրոնում:
Համաձայն պատմական տեղեկությունների, Աստվածամուխ Ս. Գեղարդն իր հրաշագործ զորությամբ փարատել է հոգեկան ու մարմնական հիվանդություններ: Եվ այդ նպատակով՝ ԺԸ-ԺԹ դդ. ընթացքում Ս. Գեղարդը մի քանի անգամ տարվել է Հայաստանի որոշ գավառներ, նաև՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի:

sb-geghard

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...