Ֆինանս չլինելու պատճառով Բաքուն ԲՄՊ-3 մեքենաները 2016-ի փոխարեն կստանա 2018-ին

Ադրբեջանի պատվիրած ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաների մատակարարումները Ռուսաստանից Ադրբեջան, որոնք պետք է ավարտվեին 2016֊ին, ֆինանսական խնդիրների պատճառով այս տարի չեն կայանա։ Այս մասին ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությանը հայտնել է ՀՄՄ-ներն արտադրող ռուսաստանյան «Տրակտորային գործարաններ» ընկերության տնօրենի տեղակալ Ալեկսեյ Լոսևը։

Պաշտոնյան, մասնավորապես, նշել է, որ մատակարարումների մասին պայմանագիրը գործում է, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով ստիպված են մի քիչ սպասել։ Նա նաև հույս է հայտնել, որ 2017֊ի վերջին և 2018֊ի սկզբին մատակարարումները կավարտվեն։

Ֆինանսների բացակայության պատճառով Բաքվի համար զենքի մատակարարման ուշացումների մասին թեմա բարձրացել էր նաև մարտին:

Մարտի 2-ին Ռուսաստանի փոխվարչապետը մեկնել էր Բաքու՝ Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկելու Ռուսաստանի մատակարարած զենքի դիմաց վճարումների ուշացումը։ Ուշացման արդյունքում Ռուսաստանը Ադրբեջանին չէր հանձնում նավահանգիստ հասած ու չբեռնաթափված տեխնիկան:

 

Այդ ընթացքում պարզվեց, որ Ադրբեջանին դեռևս չէին մատակարարվել որոշ քանակի տանկեր, ՀՄՄ-ներ և հրետանային զինատեսակներ: Բաքվի բանակցություններում Ադրբեջանը հավանաբար համաձայնել է վճարել սպառազինության համար:

Նշենք, որ 2015֊ին նույն «Տրակտորային գործարաններ» ընկերությունիցհայտնել էին, որ Ադրբեջանի պատվիրած ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաների մատակարարումը Ռուսաստանն ավարտելու է 2016-ին։

Ադրբեջանի և Ռուսաստանի այս գործարքի մասին հայտնի էր դարձել  դեռևս 2013-ի դեկտեմբերին։ Ըստ գործարքի՝ Ռուսաստանը Ադրբեջանին 220 մլն ամերիկյան դոլարի դիմաց մատակարարելու էր 91 միավոր ԲՄՊ-3հետևակի մարտական մեքենաներ (մեկ միավորի համար մոտ 2,4 մլն դոլար)։

Ադրբեջանի՝ ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաներ գնելու վերաբերյալ առաջարկում ենք կարդալ նաև «ԲՄՊ-3, թե՞ ԲՄՊ-2. Ադրբեջանի կնքած գործարքի համատեքստում» հոդվածը։

bmp32-480x297

Razm.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով