Սահմանապահ բնակավայրերի ուսհաստատությունների աջակցմանն ուղղված համաժողով՝ Մեղրիում

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում այսօր մեկնարկել է «Մասնագիտական կրթությունը և ուսուցումը՝ հեռավոր և սահմանամերձ (սահմանապահ)  բնակավայրերի հզորացման նախապայման» խորագրով եռօրյա գիտակրթական համաժողովը, որը կազմակերպել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Համաժողովին մասնակցում են արդյունաբերության և գործարար հատվածի, մասնագիտական ուսումնական հաստատությունների, մասնավորապես, Սյունիքի մարզում գործող նախնական, միջին և բարձրագույն ուսհաստատությունների, ուսումնական կենտրոնների,

 

պետական և տեղական կառավարման մարմինների, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ընդհանուր առմամբ՝ շուրջ 50 մասնակից: Համաժողովի աշխատանքներին ակտիվ մասնակցություն են բերել Սյունիքի մարզում գործող կազմակերպությունների, Գործատուների միության, Առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչները, ինչպես նաև երիտասարդ հետազոտողներ և գիտնականներ, որոնց գիտական ուսումնասիրության թեման առնչվում է համայնքային զարգացման ուղղություններին:
Համաժողովի նպատակն է՝ ակտիվացնել սոցիալական գործընկերների միջև գործնական հարաբերությունները՝ ի նպաստ տարածաշրջանային զարգացումների, խթանել առաջավոր փորձի ու գործընթացների ամրապնդումը, բարձրացնել հանրային իրազեկվածությունը՝ մասնագիտական կրթության հնարավորությունների և առավելությունների վերաբերյալ:
Համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական Արտակ Աղբալյանը, ով ներկաներին է փոխանցել  նախարար Լևոն Մկրտչյանի ուղերձը, որում, մասնավորապես, նշվում է, որ նման համաժողովների անցկացումը կակտիվացնի հեռավոր համայնքների գիտակրթական կյանքը, ինչպես նաև ուշադրության կենտրոնում կպահի տվյալ համայնքների ուսումնական հաստատությունների գործունեությունը, հիմնախնդիրները և մարտահրավերները: Նախարարը հույս է հայտնել, որ համաժողովի արդյունքում հիմք կդրվեն գործնական  համագործակցության նոր ծրագրերի, որոնք հնարավորություններ կստեղծեն, մասնավորապես, Սյունիքի մարզի հեռավոր համայնքների ուսհաստատությունների զարգացման և կրթություն-աշխատաշուկա կապի զարգացման տեսանկյունից:
Համաժողովի մասնակիցները հանդես են եկել զեկույցներով, որոնք հիմնականում  վերաբերել են պետական ռազմավարական ծրագրերին, դրանց  հնարավորություններին  ու հիմնախնդիրներին: Այս թեմաներին են անդրադարձել ՀՀ կրթության և գիտության, տարածքային կառավարման և զարգացման, էներգետիկայի և բնական պաշարների, գյուղատնտեսության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների ներկայացուցչները, ինչպես նաև ՀՀ Սյունքի մարզի Մեղրու միացյալ համայնքի ղեկավարը:
Գործատուների, գործարարների և արդյունաբերողների բիզնես զարգացման միտումներին ու կարիքներին են իրենց զեկույցներում անդրադարձել Գործատուների միության, Առևտրաարդյունաբերական պալատի և Մեղրու գինու գործարանի ներկայացուցիչները: Գիտական հետազոտություններն և արդյունքներն իրենց ելույթներում ներկայացրել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի,  Հայաստանի ազգային ագրարային և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչները:
Տեղական ՄԿՈՒ հաստատությունների գործնական առավելություններն ու փորձը ներկայացրել են  ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի տարածաշրջանային պետական քոլեջների տնօրենները: Աջակցության առկա և հեռանկարային միջոցառումներին են իրենց զեկույցներում անդրադարձել «ԴՎՎ Ինտերնեյշնլ», «Գլոբալ զարգացումներ» և Ուսուցման ազգային հիմնադրամների, ինչպես նաև ՀՀ  ԿԳՆ ԿԱԻ մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի ներկայացուցիչները: Համաժողովի առաջին օրն ամփոփվել է աշխատանքային թեմատիկ խմբերում անցկացված քննարկումների շարքով, որոնք վերաբերել են բիզնես և ՊԿ և ՏԻՄ համագործակցություն հնարավոր ծրագրերին:
Համաժողովի ընթացքում ներկայացված զեկույցներն ամբողջացվելու, վերլուծվելու, դասակարգվելու են ըստ խնդիրների և առաջարկների, իսկ հետագայում որպես հնարավոր  գործողություններ՝ ներկայացվելու համապատասխան  կառույցներին կամ կազմակերպություններին։
arm-8374-mexri

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով