Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանին եւ նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդուն՝ Ստեփանին ծեծի են ենթարկել Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը եւ իր թիմակիցները: Նրանց վիճակն այս պահին ծանր է:
Այս մասին մեր զրույցում ասաց Հրաչիկ Աբգարյանը: «Եկել էինք Ստեփանին տանեինք տուն միջանցքում ուշաթափվեց նորից պառկացրին: Իսկ Արթուրի վիճակը գիշերը շատ ծանր էր այնքան են ծեծել…»,-ասաց նա: Մեր հարցին՝ ճի՞շտ են այն տեղեկությունները որ Արթուր Թումանյանն ու Ստեփան Աբգարյանը կրակոցներ են արձակել Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ, Աբգարյանն արձագանքեց. «Դուք հասկանում եք, ո՞նց կարող էին այդ տղերքը կրակել: Ստեփանը կրակել չգիտի, բացառված է, որ նրանք զենք օգտագործեն: Կարեն Գրիգորյանն ու իր թիմակիցները՝ 15-20 հոգով եկել են մեր թաղ ու տան դեմը, երեխեքի աչքի առաջ սկսել են Արթուրին ու Ստեփանին անկապ տեղը, առանց պատճառ ծեծել»,-պատմեց Էջմիածնի նախկին քաղաքապետը:
Արթուր Թումանյանն եւ Ստեփան Աբգարյանը գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք երեկ գիշերը կրակել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդու, Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ: Կարեն Գրիգորյանը այդ պահին եղել է մեքենայի մեջ: Կրակոցներից ոչ ոք չի տուժել:
Կրակոցները հնչել են «Վազ 21/06» մակնիշի մեքենայի մեջից, որի մեջ ըստ որոշ տեղեկությունների եղել են քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանն ու Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդին: Իսկ Կարեն Գրիգորյանը եղել է եղբոր հետ: Նրանց ուղեկցել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա: Վերջիններս հետապնդել են «Վազ 21/06» մակնիշի մեքենային, Կամո փողոցում բախվել իրար: Ինչից հետո նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ էլ տուժել են Թումանյանն ու Աբգարյանը:
Armtimes.com