Լեգենդի «լեգենդար» ասուլիսը. Armsport

By | 26.09.2016
Загрузка...

Ասում են, լեգենդները լեգենդար են ամեն ինչում: Ուղղակի, ոմանց համար լեգենդար բնորոշումն այնպիսի բեռ է ուսերին, որ այն կրելը վերածվում է տանջանքի:

Արկադի Անդրեասյանը հերթական անգամ գլխով ընկղմվեց «Արարատ» նախագծի մեջ՝ ըստ իրեն փորձելով թիմ կառուցել զրոյից: Բայց ոչ ոք պարոն Անդրեասյանին չի հուշում, որ թիմի կառուցումը սկսվում է վերեւից: Անցել են բազում տարիներ, սակայն չի փոխվել «Արարատի» ղեկավարության դիրքորոշումը: Պարոնայք Կապրիելյանն ու Սրմաքեշը շարունակում են մատների արանքով նայել Հայաստանի առաջնությանն ու կարծես ընդհանրապես մտադիր չեն ուժեղացնել թիմը: «Արարատից» երես են թեքել անգամ ամենանվիրված երկրպագուները: Սննկացումից հետո դա ամենավատն է, ինչը կարող է պատահել մարզական ակումբի հետ:

Առաջնությանը մասնակցելու որոշումն այս տարի էլ «Արարատում» կայացրեցին վերջին պահին: Մեկնարկից առաջ էլ որոշվեց, որ մարզչի պարտականություններն իր վրա կրկին կվերցնի Անդրեասյանը: Նա կարծես դարձել է «Արարատի» «ոսկե պահուստը»: Չի գտնվի մարզիչ, Անդրեասյանը կա ու կա: Գեորգիչն էլ մտածեց, թե առանց իրեն հայկական ֆուտբոլը չի ապրի: Կամ գոնե «Արարատը»: Ու սկսեց սխալ պատկերացնել իր պարտականություններն ու իրավունքները:

70-ականների լեգենդար թիմի 6 համարը, հայտնի «Պրոֆեսորը», տարիներ առաջ «Հրազդան» ստադիոնում ծեծեց ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանին: Հիմա էլ, հասկանալով, որ նման բաներից քաշքշուքները շատ են, լրագրողների վրա «քսի» է տալիս իր շներին: Պարզվում է՝ լրագրողները ոչինչ չեն հասկանում ֆուտբոլից եւ «դեմ» են Արկադի Անդրեասյան անձին: Մարդը զրոյից թիմ է կառուցում, իսկ մենք վերցնում ու փակում ենք նրա ճանապարհը: Ահա թե որտեղ է թաքնված հայկական ֆուտբոլի գլխավոր խնդիրը: Այդ մենք ենք ամեն ինչում մեղավոր…

Իրականում պարոն Անդրեասյան, եթե ցանկանում եք թիմ կառուցել, սկսեք ամենապարզից: Հասկացրեք Ձեր ակումբի ղեկավարներին, որ մամուլի ասուլիսները չեն կազմակերպում ստադիոնի թունելներում: Կարդացեք ՀՖՖ կանոնակարգը ու հասկացեք, որ դաշտի տեր թիմը պարտավոր է ապահովել անվտանգությունը նույնիսկ խաղից հետո: «Խաղից հետո»-ի մեջ մտնում է նաեւ մամուլի ասուլիսը: Եվ այդ ընթացքում թոռան տարիքի լրագրողի վրա ձեռք բարձրացնող «լրագրող» կոչված երեւույթը պետք է պատժվի Ձեր ակումբի ապահոված անվտանգության աշխատակիցների ձեռքերով: Մի քիչ միջազգային ֆուտբոլ նայեք ու սովորեք ճիշտ շփվել լրագրողների հետ: Նրանք Ձեզ ոչինչ պարտք չեն: Մարդիկ թողնում են ամեն ինչ ու գալիս են Հայաստանի առաջնություն լուսաբանելու: Երբեւէ մտածե՞լ եք ինչ է դա: Մոտավորապես ոնց որ Ձեզ ուղարկեն հարեւան շենքի թիմը մարզելու: Եթե գնաք, այդ շենքը Ձեզ հավերժ պարտական կլինի: Իսկ Դուք անընդհատ անարգում եք Ձեր «ֆուտբոլը» լուսաբանող մարդկանց:

Ի՞նչ արդյունք է ցույց տալիս «Արարատը», այս պահին էական չէ: Բայց պարզ է, որ լավ արդյունք չի լինի, քանի դեռ սա է ակումբի քաղաքականությունը: Եթե կարողանայիք հակառակն ապացուցել, դա կանեիք վաղուց: Իսկ Դուք անգամ չեք կարողանում 2-3 բառով նկարագրել խաղի ընթացքը: Երեւի սա է Ձեր պատկերացրած ասուլիսը, երբ չկան հարցեր եւ չկան Ձեր արհամարհանքից դժգոհողներ…

200_n

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...