[:hy]ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում[:]

By | 27.07.2016
Загрузка...

[:hy]Հուլիսի 26-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում:

Այցի հիմնական նպատակը մարզի տնտեսական ներուժին ծանոթանալն ու պետություն-մասնավոր հատված փոխգործակցության արդյունավետ մեխանիզմների շուրջ տեղի գործարարների հետ հանդիպումն ու քննարկումն էր: Հարցերին լուծումներ տալու նպատակով էլ նախարարին ուղեկցում էին էկոնոմիկայի նախարարության ոլորտային պատասխանատու փոխնախարարները` Հովհաննես Հովհաննիսյանն ու Էմիլ Տարասյանը, նախարարության պատասխանատուներ, էկոնոմիկայի նախարարության համակարգում գործող կազմակերպությունների ղեկավարներ: Այցի ընթացքում էկոնոմիկայի նախարարին ուղեկցել են Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, այլ պաշտոնատար անձինք:

Շիրակի մարզ այցի մեկնարկը  տրվել է Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկայից: Ժամանակին շուրջ երկու հազար աշխատող ունեցող գործարանն այժմ համեստ աշխատանքային ներուժով աշխատող կազմակերպություն է, որը ներկայում գտնվում է սնանկացման գործընթացում, ունի լուրջ ֆինանսական խնդիրներ: Նախարարի խոսքով` դա թե՛ ֆինանսական պարտավորությունների գոյությունն է, թե՛ արտադրանքի համար շուկաների սահմանափակության խնդիրը, և ներկայում անհրաժեշտություն կա մասնագիտական կազմով քննարկումների` ձեռնարկության վերակառուցման և առողջացման ծրագրի ընդունման համար:

Շիրակի մարզպետարանում կայացած խորհրդակցությանը նախարարն անդրադարձել է մարզի տնտեսական քաղաքականությանը, առկա ներուժին: Շիրակի մարզպետն ու Գյումրիի քաղաքապետը ներկայացրել են գործարար միջավայրի դժվարությունները, խնդիրները, որոնց լուծման համար ակնկալվում է կառավարության աջակցությունը: Խոսքը նաև հարկային, մաքսային արտոնությունների, ազատ տնտեսական գոտիների կամ դրանց հավասարեցված արդյունաբերական հատուկ գոտիներին մասին  է, ինչը կխթանի գործարարության զարգացումը: Նախարարը ներկայացրել է այն հնարավորությունները, որ ներկայում կան և որոնցից մեր գործարարները լիարժեքորեն չեն օգտվում:

— Այստեղ կա նաև իրազեկվածության խնդիր և նախարարությունը պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի Շիրակի մարզը տնտեսական լավ արդյունքներ ցույց տա, — իր խոսքում, մասնավորապես, նշել է նախարարը:

Այնուհետ կայացել է այցելություն «Անալիտ սարք-1» ընկերություն: Նախարարը ծանոթացել է ընկերության արտադրական հնարավորություններին: Տնօրինության հետ զրույցի ընթացքում Արծվիկ Մինասյանը ներկայացրել է Ռուսաստանի միացյալ նավաշինական կորպորացիայի (“Объединенная судостроительная корпорация”) հետ բանակցությունների ընթացքը, ինչը հնարավորություն կտա «Անալիտ սարք-1»-ի կողմից նոր տիպի նավերի համար աղաչափերի արտադրություն կազմակերպելու:

«Արմտեքս Գրուպ» ընկերությունում ներկայացվել է գործարանի արտադրանքը, որը ներկայում արտահանվում է ԱՄՆ, Կանադա, ՌԴ, և այն խնդիրները, որոնց լուծման համար ակնկալվում է կառավարության օգնությունը: Ներկաներին հաճելիորեն զարմացրել է թողարկվող արտադրանքը: Արծվիկ Մինասյանը նշել է այն նաև տեղական շուկայում ներկայացված լինելու անհրաժեշտությունը:

Փոքր ու միջին բիզնեսին վերաբերող հարցերն այնուհետ քննարկման թեմա են դարձել ՓՄՁ ԶԱԿ-ի Գյումրու մասնաճյուղում: Տեղական բիզնեսի զարգացման խնդիրներն են ներկայացրել ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրեն Լևոն Մնացականյանը, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը, մասնաճյուղի աշխատակիցներ: Նշվել է բիզնեսին անհրաժեշտ ֆինանսավորման ծավալների պակասը, որը հանդիսանում է հիմնական խոչընդոտը ձեռներեցության զարգացման գործում: Միաժամանակ ներկայացվել են հաջողված բիզնես-ծրագրերը, նշվել է կանանց ակտիվությունը ձեռներեցության զարգացման գործում:

Այցի հերթական կանգառները Ստանդարտների և Չափագիտության ազգային ինստիտուտների Գյումրու մասնաճյուղերում էին, այնուհետև` Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Գյումրու մասնաճյուղում: Այստեղ նախարարին ռոբոտաշինության երիտասարդ մասնագետները ներկայացրել են իրենց աշխատանքները, որոնք նաև տարբեր մրցույթներում լավագույնն են ճանաչվել:

Այցի ավարտին նախարարը եղել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, ծանոթացել այստեղ գործող մի շարք ընկերությունների և մուլտիմեդիա լաբորատորիաների գործունեությանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի այցը Շիրակի մարզ եզրափակվել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում` գործարարների հետ հանդիպմամբ:

Այցի ընթացքում նախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին` Շիրակի մարզի տնտեսական զարգացման հնարավորությունների, ներուժի, խոչընդոտների ու խնդիրների շուրջ:

arcvik978_4120593[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...