[:hy]Կառավարությունն ամեն ինչ անելու է Վերին Լարսում ստեղծված իրավիճակի հետ կապված մեր քաղաքացիներին սատարելու և բեռնափոխադրումներն իրականացնելու համար[:]

[:hy]Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը վարչապետն անդրադարձել է Վերին Լարսում ստեղծված իրավիճակին և նշել, որ երկու երկրների համապատասխան նախարարները համատեղ ինտենսիվ աշխատում են: Այնուհետև փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը մանրամասներ է ներկայացրել Վերին Լարսում ընթացող գործընթացների մասին:

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 134-135 կմ-ում հունիսի 23-ից հորդառատ անձրևների պատճառով հունից դուրս եկած և հոսքի ուղղությունը փոխած Թերեք գետը հեղեղել է ճանապարհի այդ հատվածը: Ցամաքային ճանապարհով բեռնափոխադրումների իրականացումը դարձել է անհնար, բեռնատարները երթևեկում են Բաթումի-Փոթի-Նովոռոսիյսկ նավահանգիստների ուղղությամբ ավտոմոբիլային լաստանավերի միջոցով:

Խնդիրը գտնվում է անձամբ վարչապետի և կառավարության ուշադրության կենտրոնում: Եվ ինչպես արդեն նշվեց, համապատասխանաբար, Արտակարգ իրավիճակների և Տրանսպորտի ու կապի նախարարություններն օպերատիվ կապի մեջ են թե՛ Վրաստանի, թե՛ Ռուսաստանի իրենց գործընկերների հետ: Վարչապետի նամակով Ռուսաստանի Դաշնության կառավարությունն ինքնաթիռ է հատկացրել՝ սահմանին կուտակված քաղաքացիների տեղափոխման համար:

ՌԴ ԱԻՆ-ը Վլադիկավկազ-Երևան թռիչքով իրականացրել է արդեն իսկ 96 ուղևորի փոխադրում, ևս 120 ուղևոր այսօր կփոխադրվի:
Հունիսի 27-ին Վառնա-Բաթումի-Նովոռոսիյսկ կանոնավոր լաստանավի միջոցով 72 բեռնատար ավտոմեքենաները հասել են Նովոռոսիյսկ և այժմ բեռնաթափվում են: Նովոռոսիյսկ-Վառնա-Բաթումի ուղղությամբ Հայաստան եկող բեռնատարները հուլիսի 3-ին կհասնեն Բաթումի:

Հուլիսի 4-ին Բաթումի-Նովոռոսիյսկ ուղղությամբ լաստանավի տոմսերն արդեն իսկ վաճառվում են: «Սպայկա» ընկերության կողմից վարձակալված Փոթի-Նովոռոսիյսկ ուղղությամբ առաջին լաստանավը 55 բեռնատարներով գտնվում է Նովոռոսիյսկում և սպասում է նավամատույցին մոտենալու թույլտվությանը:

Իսկ հունիսի 30-ի դրությամբ Նովոռոսիյսկում «Սպայկա» ընկերությունը վարձակալել է երկրորդ լաստանավը: Առկա տեղեկատվության համաձայն, բեռնատարների կուտակումը Վրաստանի տարածքում հասնում է 15-20 մեքենայի՝ չհաշված այն մեքենաների, որոնք դեռ Հայաստանի տարածքից դուրս չեն եկել, կամ գտնվում են Հայաստան-Վրաստան սահմանամերձ գոտում:

Ռուսական կողմում կուտակումները կազմում են 40-ից 50 մեքենա, սակայն Վլադիկավկազի մոտ ճանապարհի երկայնքով կան բազմաթիվ բեռնատարներ: Խոսքը չի վերաբերում միայն ՀՀ մեքենաներին: Կուտակումներ կան նաև Միներալնիյե Վոդի, Կրասնոդար և Դոնի Ռոստով քաղաքների մերձակայքում: Գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ արտահանվել է շուրջ 10 հազար տոննա ծիրան, ևս հինգ հազար տոննա դեռ արտահանվելու է:

Բոլոր բեռնափոխադրողներին հորդորում ենք կուտակումներից խուսափելու նպատակով Հայաստանից դուրս գալուց առաջ անպայման լաստանավի վրա տեղ ամրագրել: Համաձայն Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների ճանապարհային վարչության և ոստիկանության տեղեկատվության՝ հունիսի 30-ի դրությամբ գետի հոսքը մոտ հիսուն տոկոսով տեղափոխվել է դեպի իր նախկին հուն, որի մաքրման աշխատանքերը դեռ շարունակվում են:

Դրանից հետո կանցկացվի վնասների ուսումնասիրություն, որի ընթացքում արդեն շատ հստակ պարզ կլինի ճանապարհի վերականգնման համար անհրաժեշտ ժամանակը:
Նախնական գնահատականներով, աշխատանքները կարող են տևել երկուսից երեք շաբաթ: Այդ ընթացքում մեր Տրանսպորտի ու կապի նախարարությունը և ԱԻՆ-ն աշխատելու են՝ անընդհատ բնակչության ու իրենց գործընկերների հետ կապի մեջ լինելով:

Հորդորում ենք մեր բոլոր քաղաքացիներին պլանավորել իրենց գործողությունները՝ հետևելով դեպքերի զարգացման ընթացքին և, բնականաբար, ըստ անհրաժեշտության, դիմել մեր այն ծառայություններին, որոնց արդեն իսկ նշեցի: Կառավարությունն ամեն ինչ անելու է՝ սատարելու մեր քաղաքացիներին թե՛ ՀՀ գալու, թե՛ բեռնափոխադրումներ իրականացնելու համար»,- նշել է փոխվարչապետը:
Աջակցություն կստանան Արթիկ համայնքում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով վնասներ կրած բնակիչները
Գործադիրն ընդունել է որոշում, որի համաձայն ՀՀ Շիրակի մարզպետարանին գումար կհատկացվի՝ Արթիկ համայնքում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով վնասներ կրած բնակիչներին աջակցություն ցուցաբերելու համար: Համայնքում հեղեղումներից տուժել են սելավատարեր, բնակելի տներ և օժանդակ շինություններ, ինչպես նաև տեղի է ունեցել գյուղատնտեսական կենդանիների անկում և վնաս է հասցվել մշակաբույսերի ցանքատարածություններին:

Այսպիսով՝ բնակիչներին աջակցություն կցուցաբերվի հեղեղումների հետևանքով վնասված շենք-շինությունների համար, ինչպես նաև կորցրած գյուղատնտեսական կենդանիների և մշակաբույսերի ցանքատարածություններին պատճառված վնասի դիմաց: Կիրականացվեն նաև Արթիկ համայնքի հեղեղատարների մաքրման և վերականգնման աշխատանքներ: Գործադիրի ընդունած որոշման համաձայն ՀՀ Շիրակի մարզպետարանին կհատկացվի 41,746.0 հազ. դրամ՝ Արթիկ համայնքում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով վնասներ կրած բնակիչներին աջակցություն ցուցաբերելու համար: Այսպես՝ 22 մլն 350 հազար դրամ կհատկացվի վնասված շենք-շինությունների բնակիչներին, ևս 2 մլն 430 հազ. դրամ կուղղվի Արթիկում հեղեղումների հետևանքով անկած գյուղատնտեսական կենդանիների և մշակաբույսերի ցանքատարածություններին պատճառված վնասի դիմաց աջակցություն ցուցաբերելու համար: Հեղեղատարների մաքրման նպատակով էլ կտրամարդվի 16 մլն 965 հազ. դրամ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մանրամասներ է ներկայացրել Արթիկում տարվող աշխատանքների վերաբերյալ:

Նա նշել է, որ աղետի հենց առաջին օրը մեկնել է Արթիկ, հետևել աղետի հետևանքները վերացնելու աշխատանքներին, դեպքի հաջորդ օրն էլ Արթիկ է այցելել վարչապետ Աբրահամյանը և տեղում ծանոթացել իրավիճակին: Նախարարը նշել է, որ Արթիկի բնակիչներին յուրաքանչյուր բնակարանի վնասի համար հատկացվելու է մինչև 4 մլն 600 հազ. դրամ, որը բավարար է կեցության նորմալ պայմաններ ստեղծելու համար: 

Նրա խոսքով՝ Արթիկում հեղեղումների հետևանքով անկած կենդանիների և մշակաբույսերի ցանքատարածություններին պատճառված վնասի դիմաց յուրաքանչյուր ընտանիքի կփոխհատուցվի, համապատասխանաբար, 650 հազ. դրամ և 1 մլն 700 հազ. դրամ:

Ըստ նախարարի՝ քաղաքում շարունակվում են վերականգնողական ակտիվ աշխատանքները, վերացվում են հեղեղի հետևանքները. գազամատակարարումը, ջրամատակարարումը, էլեկտրականությունը հիմնականում վերականգնվել է: Տեղերում աշխատում են շինտեխնիկա, մեքենաներ: Արդեն ավարտվում են քաղաքի երկու-երեք փողոցների մաքրման աշխատանքները:

Գործադիրի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է հեղեղի պատճառած հետևանքները վերացնելու համար տարվող աշխատանքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ներկայացնել հանրությանը՝ անհարկի շահարկումներից խուսափելու համար:

Արարատի մարզի համայնքներում կտեղադրվեն 6 հակակարկտային կայաններ
Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի նաև ՀՀ Արարատի մարզպետարանին՝ մարզում կարկուտի և ուժեղ քամու հասցված վնասի հետևանքով առաջացած հիմնախնդիրների լուծման, Վերին Արտաշատ համայնքի «Լուսնթագ» մանկապարտեզի խաղահրապարակի կառուցման և բակի մասնակի բարեկարգման համար: Հովիկ Աբրահամյանի Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հողօգտագործողները ՀՀ վարչապետին ներկայացրել են մարզում հակակարկտային կայաններ տեղադրելու խնդրանք:

Այսպիսով՝ հետագայում կարկուտի հասցրած վնասներից խուսափելու համար անհրաժեշտ է մարզի Դվին (2), Վերին Արտաշատ (2) Հնաբերդ (1), Այգեզարդ (1) համայնքներում տեղադրել 6 հակակարկտային կայաններ: Իսկ «Լուսնթագ» մանկապարտեզը կառուցվել է 1975թ.-ին: 2011-2012թթ. ՀՀ պետական բյուջեի միջոցներով կատարվել են պատուհանների փոխարինման և ներքին հարդարման, ինչպես նաև համայնքի միջոցներով՝ ջեռուցման անցկացման և խոհանոցի վերանորոգման աշխատանքներ: Անհրաժեշտ է կատարել նաև խաղահրապարակի կառուցման և բակի մասնակի բարեկարգման աշխատանքներ:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ Արարատի մարզի Հնաբերդ համայնքում հողերի մշակության և գյուղատնտեսական աշխատանքների լիարժեք կազմակերպումն ապահովելու նպատակով գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու համար: Հիմնավորման համաձայն՝ համայնքի գյուղատնտեսական տեխնիկան ֆիզիկապես մաշված է, հաճախակի խափանման պատճառով գյուղատնտեսական աշխատանքները լիարժեք չեն իրականացվում և վարելահողերի զգալի մասը չի մշակվում: Ընդունված որոշումը հնարավորություն կընձեռի ցանքաշրջանառության մեջ ընդգրկել համայնքի չօգտագործվող վարելահողերը, մշակաբույսերի վեգետացիայի ընթացքում կիրառվող ագրոտեխնիկական աշխատանքներն իրականացնել որակով, ինչն էլ իր հերթին կնպաստի բերքատվության բարձրացմանը:


Կլուծվեն հանրակացարաններում երկար տարիներ բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները

Հանրակացարաններում երկար տարիներ բնակվող տեղաբնակ բնակիչների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Որոշմամբ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի ուսուցչի տանը և Երևան քաղաքի Մոլդովական փող. թիվ 70 հասցեում գտնվող հանրակացարանային թիվ 1 մասնաշենքում բնակվող ՀՀ քաղաքացիներին (6 ընտանիք) կնվիրաբերվեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ ՀՀ Արագածոտնի մարզի Աղձք համայքին կնվիրաբերվի տարածք՝ համայնքային մանկապարտեզ կառուցելու նպատակով: Մանկապարտեզը կկառուցվի «Հայաստան համահայկական հիմնադրամի» միջոցով: Աղձքի նորակառույց մանկապարտեզ կհաճախեն նաև հարևան Ագարակ, Օրգով և Տեղեր համայնքների երեխաները:
Արժեթղթերի շուկան օտարերկրյա ներդրողների և շուկայի մասնակիցների համար նախատեսվում է դարձնել առավել թափանցիկ և պաշտպանված
Կառավարությունը հավանություն է տվել «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծերի փաթեթն ուղղված է արժեթղթերի շուկայի չարաշահումների վերաբերյալ ՀՀ օրենսդրության բարեփոխմանը:

Փաթեթի նպատակն է շուկան օտարերկրյա ներդրողների և շուկայի մասնակիցների համար դարձնել առավել թափանցիկ և պաշտպանված, սահմանել չարաշահումների դեմ պայքարի արդյունավետ գործիքներ, ապահովել միջազգային համագործակցություն, արժեթղթերի չարաշահումների դեմ պայքարի ոլորտում գոյություն ունեցող միջազգային ստանդարտների ներդրում, որի պարտավորությունը Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ շրջանակում:

Ըստ հիմնավորման՝ ՀՀ արժեթղթերի շուկայում տեղի է ունեցել էական զարգացում, որին նպաստել են, մասնավորապես, առևտրային ընկերությունների, այդ թվում՝ ֆինանսական կազմակերպությունների կողմից կորպորատիվ բաժնետոմսերի ու պարտատոմսերի թողարկումը, կենսաթոշակային բարեփոխումները և արժեթղթավորման հիմնադրամի ստեղծումը:

Ըստ այդմ՝ աճել է նաև օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը ՀՀ արժեթղթերի շուկայի նկատմամբ: Այսպիսով՝ նախատեսվում է արժեթղթերի շուկայի չարաշահումների հանրային վտանգավորության ամրագրում՝ դրանց քրեականացման միջոցով և համարժեք պատասխանատվության միջոցների սահմանում: Առաջարկվում է քրեականացնել ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումը, որի արդյունքում ինսայդերն ունենում է զգալի կամ խոշոր չափի շահույթ և գնային չարաշահումը, որի արդյունքում պատճառվել է խոշոր կամ առանձնապես խոշոր չափի վնաս: Ընդ որում, որպես պատժի տեսակ նախատեսվում են ինչպես տուգանքը և ազատության սահմանափակումը, այնպես էլ այլ տեսակներ, ինչի պարագայում դատարանները կկարողանան պատիժն ընտրել կատարված արարքի ծանրության ու հանրային վտանգավորության աստիճանին համաչափ:

Օրինագծերի փաթեթի ընդունման դեպքում, ի լրումն արժեթղթերի շուկայում չարաշահումների կանխմանը, ակնկալվում են հետևյալ դրական արդյունքները՝ կավելանա արժեթղթերի շուկայում մրցակցությունը, շուկայի մասնակիցները և հանրությունը, գործելով ավելի թափանցիկ ու պաշտպանված միջավայրում, առավել միտված կլինեն ներդրումներ կատարելու արժեթղթերում՝ նպաստելով շուկայի ծավալների էական մեծացմանը: Այն հնարավորություն կտա նաև զարգացնել արժեթղթավորման ոլորտը, խուսափել շուկայի լճացումից:

Ներդրողները և հանրությունը կկարողանան ազատ շրջանառել, իրացնել իրենց ֆինանսական ներուժը՝ խթանելով տնտեսություն նոր ֆինանսական ներհոսքերը, կապահովվի արժեթղթերի շուկայի վերահսկողների հետ արդյունավետ համագործակցությունը:

Հովիկ Աբրահամյանը կարևորել է օրինագծերի փաթեթի ընդունումը և նշել, որ այն լուրջ կարգավորում է արժեթղթերի շուկայի համար:
Աջակցություն հերթական ներդրումային ծրագրերին. կստեղծվեն նոր աշխատատեղեր
Գործադիրի որոշմամբ «Ազադ Ֆարմասյութիքլզ» ՍՊԸ-ին կտրամադրվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն:

Ընկերությունն իրականացնելու է դեղագործական և բիոտեխնոլոգիական լաբորատոր հետազոտություններ, ներկրվելու են քիմիական լաբորատոր սարքեր և սարքավորումներ: Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել մինչև 10 մլն եվրոյի (մոտ 5,5 մլրդ ՀՀ դրամ) ներդրում և ստեղծել մինչև 100 նոր աշխատատեղ` 250 հազար դրամ միջին աշխատավարձով: Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն` 230 մլն դրամ, որն ամբողջությամբ արտահանվելու է Շվեյցարիա:
Կառավարության որոշմամբ «ՔԵՅ ՋԻ դայմոնդ» ՍՊԸ-ին տրվել է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալելու թույլտվություն: Ընկերությունն ազատ տնտեսական գոտում նախատեսում է ծավալել ոսկերչության և ադամանդագործության ոլորտների գործունեություն: «ՔԵՅ ՋԻ դայմոնդ»-ը մտադիր է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում 9 տարվա ընթացքում ներդրումների ծավալը հասցնել 7,5 մլն ԱՄՆ դոլարի: 2016թ. ընթացքում նախատեսվում է բացել 15 նոր աշխատատեղ և մոտակա 5 տարվա ընթացքում հասցնել ընդհանուր մինչև 20 աշխատատեղ` 600-800 ԱՄՆ դոլար միջին աշխատավարձով: Ընկերությունը պլանավորում է արտահանումն իրականացել հետևյալ հիմնական ուղղություններով՝ ՌԴ, ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Սաուդյան Արաբիա՝ ծրագրի ընթացքում արտահանման տարեկան ծավալի աճը 400 հազ. ԱՄՆ դոլարից հասցնելով մինչև 1,4 մլն ԱՄՆ դոլարի:
Կառավարության որոշմամբ ուժը կորցրած են ճանաչվել իրավական ակտերում տնտեսվարողների կողմից փաստաթղթերը կնքված ներկայացնելու պահանջի վերաբերյալ դեռևս առկա դրույթները: Այսպիսով, ընկերություններն ստիպված չեն լինի վճարել կնիք պատվիրելու համար գանձվող գումարը, ինչպես նաև կխուսափեն ավելորդ վարչարարությունից:

Բացի այդ, որոշման ընդունմամբ Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի «Ընկերությունների գրանցում» ցուցիչի դիրքը 5-րդ տեղից կբարձրանա 3-րդ տեղ, իսկ «Հեռավորությունը լավագույն արդյունքից» ցուցանիշը կաճի 1,84 տոկոսով` 97,78-ից դառնալով 99,62 տոկոս:

Կդյուրացվի ընդերքօգտագործողների թղթաբանական գործունեությունը
Հայաստանի գործարար միջավայրի բարելավման նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել մի շարք որոշումներում՝ դյուրացնելով ընդերքօգտագործողների թղթաբանական գործունեությունը: Արդյունքում կկարգավորվեն ընդերքօգտագործման ոլորտում լիազոր մարմնի և ընդերքօգտագործողների միջև կնքվող պայմանագրի կնքման գործընթացների հետ կապված հարաբերությունները, կկրճատվեն ընդերքօգտագործող ընկերությունների գործունեության ընթացքում կնիքի հետ կապված ժամկետները և ծախսերը:
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ապահովելով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության կանոնադրության մեջ տնտեսվարող սուբյեկտներին զգուշացում տալու և լիազոր մարմին միջնորդագիր ներկայացնելու գործառույթների ամրագրումը: Այդ գործառույթների արդյունքներով է պայմանավորված տնտեսվարող սուբյեկտների կողմից պայմանագրային պարտավորությունների հետագա կատարումը կամ նրանց տրամադրված ընդերքօգտագործման իրավունքի դադարեցումը:
ՀՀ կառավարության աշխատակազմի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջև կնքված «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի առաջին բաղադրիչի կիրարկման անհրաժեշտությամբ պայմանավորված գործադիրն ընդունել է «Անհատույց օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ ծրագրի շրջանակում նախատեսված է «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տվյալների թվայնացում և հրապարակում:

Ծրագրի իրականացման արդյունքում պետք է թվայնացվի ֆոնդում առկա օգտակար հանածոների մոտ 750 հանքավայրերի և 600 հանքերևակումների վերաբերյալ կազմված շուրջ 12,000 երկրաբանական հաշվետվություններ և 8,000 միավոր քարտեզագրական և գծագրական փաթեթներ: Յուրաքանչյուր հանքավայրի մասին տեղեկատվությունը կազմված է 2-3 գրքերից: Վերոնշյալ աշխատանքներն իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմը ձեռք է բերել որոշման հավելվածում նշված սարքավորումները:


Միջազգային համագործակցություն

Գործադիրը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության կրթության որակավորման, գիտական աստիճանների և գիտական կոչումների փոխճանաչման և համարժեքության վերաբերյալ» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ համաձայնագիրը որոշակի է դարձնում երկու պետություններում կրթության մասին փաստաթղթերի փոխճանաչման հիմքը:

Այն վերաբերում է նաև ուսումնական հաստատություններում/կազմակերպություններում ստացած կրթության` սահմանված նմուշի այն փաստաթղթերին /տեղեկանքներին/ ակադեմիական տեղեկանքներին, որոնք տրված են բարձրագույն մասնագիտական կրթության ծրագրերը չավարտած անձանց: Համաձայնագրի ստորագրումը կնպաստի փոխադարձ ակադեմիական շարժունակությանը և կրթության ու գիտության բնագավառում փոխադարձ համագործակցությանը:
Համաձայնություն է տրվել նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին» 2009թ. հունիսի 21-ի փոխըմբռնման հուշագրում հայտագրերի փոխանակման ձևով փոփոխություն կատարելու մասին» առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը պաշտոնական հայտագրով խնդրել է փոփոխություններ կատարել ՀՀ և ԱՄԷ կառավարությունների միջև դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին 2009թ. ստորագրված փոխըմբռնման հուշագրում. Էմիրությունների կառավարությունն առաջարկում է հուշագրում ավելացնել նաև մի դրույթ, որով մուտքի արտոնագրի պահանջի վերացումը կտարածվի նաև ԱՄԷ հատուկ անձնագիր կրողների նկատմամբ:


Այլ որոշումներ

Կառավարությունն ընդունել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2 (Հին Սիլիկյան-Աշտարակ) ճանապարհահատվածում առկա որոշ գույքերի և հողատարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» որոշում:

Ըստ հիմնավորման՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015թ. հոկտեմբերի 13-ին կնքված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2» վարկային համաձայնագրով, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում նախատեսվում է իրականացնել Երևանի Հին Սիլիկյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները:
Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքները վերացնելու աշխատանքներին մասնակցած զինծառայողի մահվան պատճառական կապը սահմանելու ընթացակարգը հստակեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:

Որոշմամբ առաջարկվում է զինվորական ծառայողական պարտականությունները 1986թ. ապրիլի 26-ից մինչև 1987թ. դեկտեմբերի 31-ը 30 կմ գոտում կատարելու ընթացքում Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցելու հետևանքով հիվանդություն ձեռք բերած անձանց մահվան պատճառական կապը հաստատելու համար հիմք ընդունել զինվորական կոմիսարիատի տված տեղեկանքը և բժշկական ճառագայթաբանության գիտահետազոտական ինստիտուտի տված փաստաթուղթը կամ միջգերատեսչական փորձաքննության խորհրդի եզրակացությունը:
Գործադիրը սահմանել է ծանուցման ձևերը, ծանուցման ենթակա գործունեություն իրականացվող անձանց հաշվառման գրանցամատյանների վարման և հաշվառված անձանց տվյալների հրապարակման կարգը:
Կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ հավասարեցնելով տարածման ժամկետները՝ ինչպես թեկնածուական ատենախոսության համար, այնպես էլ դոկտորական:

Հովիկ Աբրահամյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ուշադրությունն է հրավիրել Բարձրագույն որակավորման հանձնաժողովի գործունեության վրա, քանի որ այդ առումով կան բազմաթիվ դժգոհություններ: Վարչապետը նախարարին հանձնարարել է հարցն ուսումնասիրել, քննարկել և հասկանալ դժգոհությունների պատճառը:
Կառավարության որոշմամբ «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը վերակազմակերպվել է «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի: Հիմնադրամի կարգավիճակ ձեռք բերելուց հետո նախատեսվում է բացել նոր մասնագիտություններ, ստեղծել մարզական ուղղվածությամբ ավագ դպրոց, մարզական քոլեջ, նախապատրաստական մեկամյա դասընթացներ, մարզաառողջարարական խմբեր, մարզական կադրերի վերապատրաստման դասընթացներ, մարզիկների բժշկակենսաբանական հետազոտությունների կենտրոն, կինեզիոթերապիայի և մերսման կենտրոն, հանրապետության բնակչության ֆիզիկական պատրաստվածության չափորոշիչները սահմանող և դրանց կատարմանը հետևող աշխատախումբ և այլն:
«Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթը կազմակերպելու և անցկացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը: Ծրագրի նպատակն է նպաստել երեխաների շրջանում առողջ ապրելակերպի ամրապնդմանը, ֆիզիկական դաստիարակության միջոցով նրանց առողջության ապահովմանը, անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացմանը, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացմանը և այլն:

 

nistkarav

 [:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով