[:hy]Օլիգարխները վտանգված ե՞ն. ապօրինի հարստացումը քրեականացնելու մասին օրենք են մշակում [:]

[:hy]Գործադիրը «հետպատերազմյան ռեֆորմերի» շրջանակներում, պետական կադրային բազայի օպտիմալացումից ու ավոտպարկից ԶԻԼ-երի ու Գազելների կրճատումից հետո, ցանկանում է «բռնել» կոռուպցիայի կոկորդից: Այս նպատակով մշակվում է պաշտոնյաների շրջանում ապօրինի հարստացումը քրեականացնելու մասին օրենք, որից ժամանակին հրաժարվել էր Հայաստանը՝ անդամակցելով ՄԱԿ-ի հակակոռուպցիոն կոնվենցիային: Աշնանը օրենսդրական նախաձեռնությունը կներկայցվի Ազգային ժողով: Ինչո՞ւ դա չարվեց ավելի շուտ: Նախ, ավարտվեց ԱԺ գարնանային նստաշրջանը ու ընտրյալները գնում են արձակուրդ: Բացի այդ, օրենքի մշակման այս փուլում գործադիրը բախվել է խնդրի:

«Պետք է այնպիսի մեխանիզմներ ներդրվեն, որ չխախտվի անմեղության կանխավարկածը», — անցյալ շաբաթ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ նկատի ունենալով հարստացած պետական պաշտոնյաներին, որոնցից շատերի տնտեսական հանցագործությունների հանրագումարով կարելի է ընդհանուր մի 250-300 տարվա ազատազրկման դատավճիռ կայացնել: Գաղափարապես եւ սոցիալական արդարության տեսանկյունից մոտեցումը թեպետ շատերի համար ընդունելի է, սակայն հաշվի առնելով Հայաստանում օրենքների ընտրովի կիրառման պրակտիկան, իրավապահ համակարգի ամբողջական կախվածությունը քաղաքական իշխանությունից, պետական համակարգում առկա բացերը ու վերջապես զոքանչների ինստիտուտի զարգացվածության բարձր աստիճակը, այս օրենսդրական նախաձեռնությունն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս հետպատերազմյան Հայաստանում հասարակական պահանջներին:

Այս տրամաբանությամբ Հայաստանում արդեն ավելի քան 14 տարի է, «պայքարում» են կոռուպցիայի դեմ, սակայն այդ «սոցիալական չարիքը» շարունակում է մնալ որպես համակարգաստեղծ գործոն՝ վերածելով այն անգույն ու անբովանդակ մի զանգվածի: Բացի անմեղության կանխավարկածից, որի մասին նշում է Դավիթ Հարությունյանը, հետաքրքիր է՝ օրենքը վերաբերելու է մինչեւ դրա ընդունումը պաշտոնյաների կատարած տնտեսական հանցագործությունների՞ն, թե ինչպես սիրում են ասել առաջին դեմքերը, «գիծ է քաշվելու» ու սեղանների տակ մատները խաչած արդեն որերորդ անգամ երդվելու են, որ սա վերջին անգամն էր ու «էլ չեն անի»:

Իսկ գիծ ու ամեն ինչ նոր էջից սկսելու համար, ինչպես մեզ հետ զրույցում նշեց ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը, անհրաժեշտ է մի քանի քայլեր իրականացնել: «Մեր խոշոր տնտեսվարողներն ու մենաշնորհների տիրապետողների մեծ մասը Ազգային ժողովում են: Արդյոք, քայլեր ձեռնարկվո՞ւմ են նրանց խորհրդարանից, այն է՝ քաղաքականությունից հեռացնելու համար: Ո՛չ: Ուրեմն, այստեղ պայքարի թեման փակվեց: Ուղղակի պետք է կատարվի Սահմանադրության պահանջը: Բացի այդ մենք ունենք իրավապահ մարմիններ, դատախազություն, որոնք ի պաշտոնե պետք է զբաղվեն իրենց վրա դրված պարտավորությունների կատարմամբ, այդ թվում տնտեսական հանցագործություններով: Այլ բան է, որ օրենքը չի աշխատում», — ասաց Բագրատ Ասատրյանը:

Հեռու պետք չէ գնալ, պետական պաշտոնյաները ամեն տարի հայտարարագրում են իրենց ունեցվածքը: Նրանցից շատերը հսկայական հարստություն են դիզել հենց պետական պաշտոններ զբաղեցնելու ժամանակահատվածում: Թերեւս պարզ է, թե ինչպես: Ուստի, այդ հայտարարագրերը ցանկության դեպքում այժմ էլ առանց նոր օրենքի կարող են ծառայել տնտեսական, կամ ընդհանրապես հանցագործությունների մասին հաղորդումներ:

Բացի այդ, եթե կառավարության մտադրություններն իսկապես անկեղծ են, ապա նախ անհրաժեշտ է տնտեսական համաներում անցկացնել, հետո բիզնեսը բաժանել իշխանությունից, որից հետո միայն իրականացնել ապօրինի հարստացման քրեականացում: Հակառակ պարագայում աշխատելու են «հին ու բարի» մեխանզմները՝ սկսած զոքանչների վրա հարստության ձեւակերպման պրակտիկայից վերջացրած օրենքի հատվածական կամ ընտրովի կիրառությունով: Այլ խոսքերով ասած, ոչ ֆորմալ ինստիտուտների ու անձնական պայմանավորվածությունների «փայլից» կրկին «խեղճանալու» են պետական մեխանիզմները:

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանի կարծիքով, այս օրենսդրական նախաձեռնությունը լուրջ գործիք է, քանի որ եթե ինչ-որ մեկը գործարք է կատարում և չի կարողանում հիմնավորել, թե որն է եկամտի աղբյուրը, ապա այն պետք է բռնագանձվի:

Մեզ հետ զրույցում տնտեսագետը նշեց, որ այս գործիքը պետք է, որպեսզի բացի քաղաքական կամքից, եւս երկու քայլ իրականացվի: «Առաջինը, վերանայվի հայտարարագրերի ինստիտուտը, որն ունի լուրջ թերություններ: Երկրորդ, որ որոշակի եկամտային շեմից հետո, իսկ նախկինում դա սահմանված էր 8 մլն դրամ, բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեն: Հակառակ պարագայում կմնան սողանցքներ եւ պաշտոնյաները հնարավորություն կունենան չհայտարարագրված երկամուտները երրորդ անձանց միջոցով վայելել, ինչն այժմ էլ արվում է»,- ասաց նա՝ միեւնույն ժամանակ հավելելով, որ առանց այդ գործիքակազմի օրենքը կարող է վերածվել քաղաքական հաշվերհարդարներ լծակի:

 

2351

Աղբյուրը HARTAK.am[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով