[:hy]ՍԱՐԳԻՍ ՀՈՎՍԵՓՅԱՆ. ՔՆՆԱԴԱՏՈՂՆԵՐ ՇԱՏ ԿԼԻՆԵՆ, ԿԱՍԵՆ՝ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ՎԱՏ Է ԱՇԽԱՏՈՒՄ[:]

[:hy]

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը ստուգողական խաղում «Ալաշկերտից» կրած պարտությունից (1:2) հետո խոսեց Եվրոպա լիգայի վիճակահանության, թիմից հեռացած ֆուտբոլիստների և ակումբի քաղաքականության մասին:
 — Պարոն Հովսեփյան, ինչպիսի՞ն է ստացվել վիճակահանությունը «Փյունիկի» համար, ինչպիսի՞ մրցակից է «Եվրոպան»:
 — Մրցակցին ուսումնասիրում ենք: Գիտենք, որ այդ թիմի որակն այն չի լինի, սակայն պետք է հաշվի առնենք, որ մի շարք լեգիոներներ և նոր ֆուտբոլիստներ ունեն: Ես գիտեմ, որ Ջիբրալթարի թիմը 4 համալրումներ է ունեցել: Ինչ-որ չափով իրենց առաջնությունն ավելի ուժեղ է, քան մերը:
Մենք խնդիրներ ունենք, փորձառու ֆուտբոլիստներ են հեռացել, որոնց բացը չենք կարողացել լրացնել: Պատանի ֆուտբոլիստներով ենք լրացրել, որոնց որակը չի համապատասխանում այն որակին, որը ես եմ ուզում, այն որակը, որը հնարավորություն կտա մտածել լավ ֆուտբոլ ցուցադրելու մասին: Բայց այդ ֆուտբոլիստները որակային առաջընթաց են ունենալու: Դժվար իրավիճակ է. շատ խաղացողներ են գնացել, փորձելու ենք 1998-1999 թվականին ծնված ֆուտբոլիստներով խնդիրներ վճռել: Շատ բարդ է լինելու, աշխատում ենք, որ պատվով դուրս գանք: Հանդիպումները ցույց կտան պատկերը:
 — Սովորաբար եվրագավաթային հանդիպումներից առաջ թիմերը համալրվում են, ուժեղացնում են կազմը, իսկ Ձեզ մոտ անգամ շատ հեռացողների դեպքում համալրումների մասով անորոշություն է…
 — Ուզում ենք մեր երիտասարդ ֆուտբոլիստներով մասնակցել. հասկանում ենք, որ շատ դժվար է: Այդ հարցն այնքան էլ ինձ ուղղելու չէ, պետք է ղեկավարները պատասխանեն: Իմ տրամադրության տակ այս տղաներն են, ես իրենց հետ եմ աշխատել: Իհարկե, տեղյակ եմ պահել, որ դժվար է լինելու այս կազմով, իրենք հասկացել են, սակայն նման որոշում են կայացրել. ես չեմ կարող այս որոշման վրա ազդել, որովհետև որոշումը կայացրել է ակումբի նախագահը: Իմ գործն առավելագույնը քաղելն է, սակայն տեսանք, որ բարդ է:
 — Այս կազմով ի՞նչ խնդիրներ եք հետապնդում:
 — Խնդիրներ չեն դրվել (խորը շունչ քաշելուց հետո,- խմբ.), ղեկավարությունը հասկանում է: Մենք հասկանում ենք, որ անպայման պետք է հաղթենք: Բոլորս էլ հասկանում ենք, որ այս երիտասարդ ֆուտբոլիստներով շատ դժվար է լինելու: Ամեն դեպքում, որոշումը կայացված է, պարտավոր ենք տեղ տալ այս ֆուտբոլիստներին: Փորձ, մակարդակ, որակ. իրենց համար վաղ է, սակայն ժամանակ կա, սպասելու ենք: Հասկանում եմ, որ քննադատողներ շատ կլինեն, կասեն՝ Հովսեփյանը վատ է աշխատում: Պետք է սպասենք, որ այս ֆուտբոլիստներն աճեն ու դառնան ազգային հավաքականների ֆուտբոլիստներ. սա է մեր նպատակը:
 — Նշեցիք ֆուտբոլիստների աճելու գործոնի մասին. իսկ չգործելով փորձառու, ուժեղ ֆուտբոլիստների հետ՝ իրենք արդյո՞ք կաճեն:
 — Համաձայն եմ: Իրավիճակը սա է. ուրիշ բան չեմ կարող ասել: Ամեն ինչ պետք է անենք իրավիճակից լավ դուրս գալու համար: 1-2 տարի հետո այս ֆուտբոլիստները կաճեն: Դա իրենց համար լավ հնարավորություն է լինելու: Իրենցից պետք չէ շատ բան սպասել: Հասկանալի է, 17-18 տարեկան տղաներ են: Ուզում եմ բոլորը հասկանան, որ այս թիմը շատ մեծ արդյունքներ դեռևս ցույց տալ չի կարող: Պատանի ֆուտբոլիստը չի կարող կայուն խաղալ:
 — Այնպիսի տպավորություն է, որ ակումբն ինքնակամ գնացել է իրավիճակի բարդացման: Հնարավո՞ր չէր, 1-2 բարձրակարգ լեգիոներներ հրավիրել ու իրենց շուրջ կառուցել թիմը, միևնույնն է՝ երիտասարդներն էլ աճելու հնարավորություններ կստանան: Նախադեպը կա. նախկինում Սեսարի շուրջ հավաքված թիմը հաջող էր խաղում:
— Հասկանում եմ… շատ ֆուտբոլիստների թողեցինք, գնացին… լրիվ անվճար. մի կոպեկ չենք ստացել իրենց դիմաց: Ով ուզում է, մենք թողում ենք, որ գնան դուրս, աճեն, հավաքականին օգնեն: Իհարկե, կուզենայի 1-2-3-4 լավ լեգիոներներ ունենալ, սակայն այդ հարցն ինձ չպետք է տաք. պարզ է, որ ես կողմ եմ, սակայն այսկերպ է որոշումը կայացվել: Մենք ամեն ինչ կանենք, որ արդյունքներ լինեն:
 — Դուք վստա՞հ եք, որ մեր առաջնությունում 5 թիմերի դեմ խաղալով՝ ֆուտբոլիստներն աճելու են այնպես, ինչպես ցանկանում եք, ինչպես պահանջում է հավաքականի մակարդակը:
 — Նախօրոք չենք կարող ասել: Ինքս, այո, վստահ եմ: Մենք չենք հիասթափվելու: Կտեսնեք, 1-2 տարի հետո գալու է մի պահ, երբ այդ երիտասարդները լավ ֆուտբոլ են ցուցադրելու: Դեռևս իրենց մակարդակն անգամ առաջնությանը համապատասխան չէ, պետք է աճեն: Օրինակ, «Ալաշկերտում» շատ ֆուտբոլիստներ կան, որոնք կայացած են, կարող են այլ թիմ տեղափոխվել, բայց մեր պարագայում շատ-շատ աճելու տեղ ունեն խաղացողները: Հարոյանը, Հայրապետյանը արդեն աճել էին, ուստի տեղափոխվեցին: Ցավոք, քիչ են հայ ֆուտբոլիստները ու չենք կարող շատերին ներգրավել թիմում: Մեծ մասը գործող պայմանագիր ունի: Բոլորս հասկանում ենք, որ մեր առաջնությունը թույլ է:
 — Իսկ Կամո Հովհաննիսյանը, Արթուր Յուսպաշյանը, Դավիթ Մանոյանը չեն լճանո՞ւմ՝ մնալով թիմում:
 — Շատ ենք ուզում, որ իրենք էլ գնան: Գիտենք, որ առանց իրենց էլ է բարդ լինելու: Մենք մտածում ենք այդ ֆուտբոլիստների մասին, իրենց կարիերայի մասին: «Փյունիկն» իրեն թուլացնում է, սակայն հնարավորություններին է տալիս ֆուտբոլիստներին: Երևի ոչ մի ակումբ անվճար բաց չի թողում այսքան ֆուտբոլիստների: Կամոն և Դավիթն էլ հրավերներ ունեն, սակայն դեռ հստակություն չկա: Աստված տա, իրենք էլ գնան՝ չնայած մեր համար դժվար կլինի, սակայն խնդիր կա:
 — Դուք կո՞ղմ եք ակումբի վարած քաղաքականությանը, թե՞ ոչ:
 — Պրովոկացիոն հարց եք տալիս (ժպտում է,-խմբ): Մարզիչն այդքան գործ չունի տրանսֆերային հարցերում: Սխալվում եք, եթե կարծում եք, որ ես չեմ ներկայացնում նպատակները: Ես անպայման տեղյակ եմ պահում, թե որ օղակներում ինչ խնդիրներ կան: Կրկնում եմ, միայն ղեկավարությունն է որոշում. գումարի հարց կա, մարզիչն իր գրպանից չի տալու այդ գումարները: Ինչ էլ լինի, մաքսիմալ խաղալու ենք, դժվար է ասել ինչպես կստացվի: Ինձ համար կարևորը նվիրվելն է: Եվրոպայի առաջնությունում էլ տեսնում ենք, օրինակ Իռլանդիան անմնացորդ նվիրվում է, պարտվում է, սակայն երկրպագուները ծափահարում են, որովհետև նվիրում են տեսնում, հասկանում են, որ այսքանն են կարող:
 — Առանց այդ էլ թույլ առաջնությունն ավելի թուլացավ՝ մնալով 6 թիմով. ի՞նչ բարդություններ կան:
 — Շատ վատ է: Անգամ Ջիբրալթարը 10 թիմ ունի: Պետք չէ ասել, թե իրենցը ոչ պրոֆեսիոնալ է, մերը՝ պրոֆեսիոնալ… չի կարելի այդպես ասել: Գոնե մոտ 10 թիմեր մեր երկրում լինեին. անպայման պետք է լինել: Պատկերացրեք 4 թիմերից 3-ում շատ լեգիոներներ լինեն. վտանգավոր է: Հայաստանում ֆինանսական դժվարին վիճակ է. ի՞նչ անենք:
hovsepyan_2_1
Armsport

[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով