[:hy]«Պատրաստված է Հայաստանում». «Արմֆոն»-ը դուրս է գալիս միջազգային շուկա[:]

[:hy]

Հայկական արտադրության «Արմֆոն» հեռախոսներն արդեն հասանելի են հայաստանցի գնորդին: Հայկական արտադրության առաջին սմարթֆոնները, ըստ այն ստեղծող ընկերության հիմնադրի, որակյալ են և ոչնչով չեն զիջում շուկայում առկա բրենդներին:

«Ես հասկացել եմ մի բան. շուկայում ցանկացած ապրանքի համար կա իր գնորդը, այսօր պայքարել ցածր արժեքի չինական կամ բարձր արժեքի ամերիկյան, կորեական կամ ճապոնական ապրանքի դեմ, անիմաստ է: Կարևորը մեր ապրանքը որակյալ է, մենք պատասխանատու ենք որակի համար և մեր գնորդի կողքին ենք»,-լրագրողների հետ զրույցում ասել է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությանհիմնադիր նախագահ Վահան Շաքարյանը: Նա նշեց, որ հեռախոսները հայ երիտասարդ մասնագետների, գիտնականների երկու տարվա աշխատանքի արդյունքն են: Վահան Շաքարյանը հույս հայտնեց, որ «Արմֆոն»-ն ու «Արմթաբ»-ը կնպաստեն Հայաստանի տնտեսության զարգացմանը՝ նոր անուն ավելացնելով «Պատրաստված է Հայաստանում» խորագրի ներքո:

Վահան Շաքարյանը տեղեկացրեց, որ հայկական բջջայինները մոտ ապագայում կհայտնվեն Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի, այլ կերպ ասած՝ Եվրասիական տնտեսական միության շուկայում՝ հասանելիություն ունենալով ավելի քան 160 միլիոնանոց շուկային: Այնուհետև ընկերությունը կձգտնի նաև ամերիկյան ու եվրոպական շուկաներ:

Հեռախոսները 5 տարբեր մոդելի են ու ըստ իրենց տեխնիկական բնութագրիչների մրցունակ են. դրանք ցածր գին ունեն՝ ի համեմատ շուկայում առկա հանրահայտ բրենդների, բարձր են՝ չինական չճանաչված ապրանքանիշերից: «Արմֆոն»-ը տատանվում է 50-151 հազար դրամի սահմաններում:Հեռախոսներում ռինգթոնների տեսքով ներկայացված են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Նիկողայոս Տիգրանյանի, Ստեփան Էլմասի մի շարք ստեղծագործություններ:

«Ժամանակն է, որ մենք փոխենք մեր մտածելակերպը: Մեզ մոտ տպավորություն է, որ Աստված ստեղծել է աշխարհը, իսկ չինացիները ստեղծում են ամեն ինչ: Իրականում, Աստված ստեղծել է աշխարհը, մենք էլ ստեղծում ենք մերը»,-ընդգծեց Վահան Շաքարյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը նշեց, որ բյուջետային դասի սմարթֆոնների ցանկում «Արմֆոն»-ը մրցունակ է: «Շուկան ինքնակարգավորիչ դեր ունի և կստիպի, որ այս ապրանքատեսակի որակական հատկանիշները զարգացում ունենան»,-ասաց փոխնախարարը: Նա հպարտությամբ փաստեց, որ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը մի քանի տարի է՝ հաջողությամբ գործունեություն է ծավալում ազատ տնտեսական գոտում և բարձր տեխնոլոգիաների մշակմամբ արդեն հանդես է գալիս իր սեփական ապրանքանիշով:

Շնորհանդեսի ժամանակ ցուցադրվեց նաև հայկական արտադրության ռոբոտը, որն աշխատում է «Արմֆոն»-ով: Այն ներկաներին զարմացրեց իր «հեզաճկուն» պարով:

45865

Artsakhpress[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով