[:hy]«Նուբարաշեն»-ում բունտ է հասունանում[:]

By | 09.06.2016
Загрузка...

[:hy]«Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող բանտարկյալները բողոքում են նորանշանակ պետի գործողություններից։ Ըստ նրանց՝ մայիսի 6-ից այս պաշտոնում նշանակված արդարադատության գնդապետ Սերոբ Հարությունյանի գալով սպասվող փոփոխությունները եղել են բացասական բնույթի։

«Ա1+»-ին հայտնի դարձավ, որ հատկապես վատացել է ազատազրկված անձանց տրվող սննդի որակը. «Մեզ տրվող ճաշը նմանվում է խոզի լափի, սփրեդով սարքած ճաշեր են, մարդիկ չեն կարողանում ուտել։ Եռացրած ջուր են լցնում ճաշերի վրա խյուս է դառնում, որ բոլորին հասնի»։

«Ա1+»-ի հետ զրույցում բանտարկյալները նշում են, որ տրվող ուտելիքի որակը բավարարարին մոտ կարող է լինել միայն այն դեպքում, «երբ կալանավայր ստուգողներ են այցելում»։ Բացի այդ, խնդիր կա նաև սնունդը բանտարկյալներին տալու ժամանակի հետ, դա արվում է ուշացումներով. «Ըստ օրենքի՝ կալանավորներին հասանելիք սնունդը պետք է հետևյալ ռեժիմով տրվի՝ նախաճաշը 07։00-ին, ճաշը՝ 13։00-ին, ընթրիքը՝ 19։00-ին, սակայն անընդհատ ուշացումներ են լինում, ժամերը չեն պահպանվում։ Ասենք՝ կարող է նախաճաշը 08։00-ին տան, ճաշը՝ 17։00-ին, իսկ ընթրիքը՝ 18-00։ Դեպքեր են եղել, որ նույնիսկ գիշերվա 10-ին է ընթրիք տրվել»,- ասաց բանտի կալանավորներից մեկը։

Մեր զրուցակիցները պնդում են, որ այսպիսի պայմաններում կալանավորված անձինք մեծ դժվարությամբ են դիմակայում. «Էն մարդիկ, որ դրսում բարեկամներ ունեն և բանտի ճաշերի հույսին չեն, կարողանում են մի կերպ հաղթահարել սա, բայց մեծ մասը բանտի ճաշի հույսին է»։

Բանտարկյալների պնդմամբ՝ այս ամենից զատ, իրենք մոռացել են բժշկական սպասարկում ստանալու մասին, ինչը օրենքով իրենց հասանելիք ծառայություն է. «Բավարար բժշկական սպասարկում չկա, ավելի շուտ այստեղ ընդհանրապես բժշկական սպասարկում չկա։ Պաշտոնից հեռացված ոստիկանին բերել-դրել են բանտի պետ, չե՞ն մտածում, որ մարդը չգիտի՝ ինչ հաստատություն է ղեկավարում»։

Մեզ հետ զրույցը բանտրակյալներից մեկն այս խոսքերով ավարտեց. «Չգիտենք ինչ անենք, ում դիմենք…։ Ուզում են էլի՞ բունտ անենք»։

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը «Ա1+»-ի հարցմանն ի պատասխան նշեց, որ այս տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։

12124[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...