[:hy]Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի 60-րդ գլխավոր վեհաժողովն անցկացվում է Երևանում[:]

By | 16.06.2016
Загрузка...

[:hy]Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեի հրավերով՝ ս. թ. հունիսի 15-18-ը, Երևանում անցկացվում է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (The World Federation of International Music Competitions՝ WFIMC) 60-րդ` հոբելյանական վեհաժողովը:

Ս. թ. հունիսի 16-ին, ժամը 09:00-ին, Մատենադարան Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մեկնարկել է վեհաժողովը: Բացման հանդիսավոր արարողությանը հանդես է եկել «Էթնո կլասիկ» համույթը: Վեհաժողովի մասնակիցներին ողջույնի խոսք են հղել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Դիդիեր Շնոխքը: Նախարար Հ. Պողոսյանը մասնավորապես ասել է. «Հարգելի պատվիրակներ, մեծարգո հյուրեր, սիրով ողջունում եմ Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի 60-րդ գլխավոր վեհաժողովի մեկնարկը մեր մայրաքաղաքում: Համաշխարհային ֆեդերացիայի կազմում Արամ Խաչատրյանի անվան մրցույթի ընդգրկումը, կարծում եմ, Հայաստանի ու աշխարհի միջև մշակութային երկխոսության նոր որակական մի փուլ էր: Հպարտությամբ պետք է նշեմ, որ Հայաստանը տարեցտարի յուրովի է ներկայանում համաշխարհային մշակութային ասպարեզում: Եվ այդ հարցում, իհարկե, անգնահատելի է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի դերը: Նրա արվեստի շնորհիվ մենք առավել ճանաչելի և ընկալելի ենք դառնում աշխարհին: Այս տարին մեզ համար խորհրդանշական է. նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը: Արամ Խաչատրյանի անվան մրցույթն ու Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հենց անկախ Հայաստանի նվաճումներից են: Այս մրցույթի շնորհիվ լուծվել են բազմակողմանի մասնագիտական հարցեր, և այս կարևորագույն ստուգատեսը դարձել է մեր մշակութային իրականության անբաժաների մաս: Խոսելով անկախության շրջանի մեր ձեռքբերումների մասին, չենք կարող չանդրադառնալ դարերի խորքից մեզ հասած մշակութային ժառանգությանը, որը ժողովուրդը ստեղծել է իր կենցաղում, աշխատանքում, ռազմի դաշտում և մշակվելով մեր հանճարների կողմից, կրկին վերադարձվել է ժողովրդին: Դեռևս հարյուր տարի առաջ հայ ժողովուրդը կարողացավ պահպանել իր մշակույթը, վերարտադրել և արարել համաշխարհային մշակույթի գանձարանի բարձրարժեք նմուշներ: Այս ամենին զուգընթաց ստեղծվեցին այնպիսի կարևորագույն երաժշտական հաստատություններ, ինչպիսիք են՝ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորոիան, Հայաստանի ազգային կամերային նվագախումբը և այլն: Այսօր էլ մեր ժողովուրդը սիրում, գնահատում է մշակույթն ու արվեստը, և հատկանաշական է, որ յուրաքանչյուր հայ երեխա անպայմանորեն ստանում է երաժշտական կրթություն. դա ոչ թե պարտադրանք, այլ՝ անհրաժեշտություն, հոգու թելադրանք, տեսակի դրսևորում է: Այդպիսին ենք մենք: Ուստի երաժշտական այս մեծ ընտանիքին՝ Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիային անդամակցելու փաստն անչափ ոգևորիչ և պատվաբեր է մեզ համար»: ՀՀ մշակույթի նախարարը վեհաժողովի կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանքային օրեր և բազում հաճելի տպավորություններ հայաստանյան այցի շրջանակում:

Հավելենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, հանդիսանալով տարածաշրջանում ֆեդերացիայի անդամ միակ հայկական կազմակերպությունը 2013 թվականից անդամակցում է հեղինակավոր այդ կառույցին, որի անդամներն են աշխարհահռչակ այնպիսի մրցույթներ, ինչպիսիք են՝ Չայկովսկու, Եղիսաբեթ թագուհու անվան, Մոնրեալի երաժշտական միջազգային մրցույթները և այլն:

Նշենք նաև, որ Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիան հիմնադրվել է 1957 թվականին: Հեղինակավոր այս կառույցը, որին անդամակցում են աշխարհի առաջատար 120 երաժշտական մրցույթներ, 60-րդ հոբելյանական վեհաժողովի անցկացման նախապատվությունը տվել է Հայաստանին: Վեհաժողովի առթիվ 40 միջազգային մրցույթների տնօրեններ, գեղարվեստական ղեկավարներ, ներկայացուցիչներ` Մատենադարանում և Կոմիտասի թանգարան-ինստիտուտում անցկացվող նիստերի ընթացքում կքննարկեն միջազգային երաժշտական մրցույթներին առնչվող օրակարգային հարցեր, կներկայացվեն մրցույթների իրականացման նորամուծությունները, տարբեր երկրների ձեռքբերումները, կքննարկվեն ոլորտում առկա մարտահրավերները: Պատվիրակները նաև հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական մշակութային ժառանգությանը:

60-րդ գլխավոր վեհաժողովի շրջանակում՝  հունիսի 16-ին,

ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի դափնեկիրների գալա համերգը: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենան միջազգային մրցույթների դափնեկիրներ, դաշնակահար Գեորգի Չաիձեն, բարիտոն Արիուբաթար Գանբաթարը, ջութակահար Բարնաբաս Կելեմենը, ալտահար Կատալին Կոկասը: Համերգը կղեկավարի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

06d3a[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...