[:hy]Հնդկաստանի դեսպանը Հայաստան կբերի նաեւ սիրելի շներին (տեսանյութ). «Ա1+»[:]

[:hy]Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Յոգեշվար Սանգվանը հայերին յոգա է սովորեցնելու:

Նորանշանակ դեսպանը մտադիր է խթանել  յոգայի տարածումը  մեր երկրում եւ նոր պաշտոնում  նրա առաջին քայլերից է լինելու  հունիսի 21- ին Յոգայի միջազգային օրը Երեւանի մարզադաշտերից մեկում հայ եւ հնդիկ յոգերի մասնակցությամբ  կազմակերպել յոգայի վարժությունների լայնածավալ ցուցադրություն:

Այս մասին Յոգեշվար Սանգվանը  ասաց   Դելիում,  Ջավալալհար Ներուի անվան ինստիտուտում կազմակերպված «Հայ- հնդկական հարաբերություններ` իմպուլսի խթանում» թեմայով քննարկման ժամանակ:

Նա  հնդկահայ  համայնքի ներկայացուցիչների, հայ ու հնդիկ ուսանողների հետ խոսել է  Հայաստանում իր առաջիկա ծրագրերից նշելով, որ լինելով Կրիա յոգայի հետեւորդ (յոգայի ուղղություն` սանսկրիտերեն կրի- գործողություն, յա- գիտակցում բառերից) ու  մտադիր է դրա տարածումը սկսել հենց  Հնդկաստանի դեսպանատնից:

«Յոգան կդառնա  դեսպանատան աշխատակիցների առօրյա կյանքի մի մասը, իսկ առաջին խումբը  կազմված կլինի դեսպանտան հնդիկ եւ հայ աշխատողներից», -նշեց նա:

«Ա1+»-ի թղթակցի հետ զրույցում էլ պրն դեսպանը նշեց,  որ յոգայից բացի հայերի շրջանում ընդլայնելու  է Բոլիվուդի,  հնդկական ազգային ճաշատեսակների, հնդկական նորաձեւթյան   ու մշակույթի  մասին տեղեկատվությունը:

Նկատենք որ, Յոգեշվար Սանգվանը  մինչեւ  նոր նշանակումը եղել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հնդկաստանի փոխդեսպանը: Նա Հայաստան կժամանի հունիսի 9-ին:

Հայերի մասին նա  լսել է բազմիցս եւ շատ հիացած է: Տեղյակ է մեր երկրի պատմությանը , սակայն այցելում է առաջին անգամ:  Հայաստան նա գալիս է կնոջ,  զավակների ,  ծնողների եւ  իր սիրելի շների հետ.

«Գիտեմ, որ ամեն ինչ լավ է լինելու  եւ կանեմ ամեն ինչ, որպեսզի  Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ խորանան մշակութային, տնտեսական, առեւտրական ու բժշկական կապերը: Իմ ընտանիքի անդամներին հատկապես շատ է հետաքրքրել այն,  որ տեսնելու ենք  Արարատ լեռը, որի վրա ապաստանել է Նոյը: Նաեւ մտադիր ենք բոլորով սովորել հայերեն լեզուն»,-ասաց նա։

Հայաստանի եւ հարեւան Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ  սրված հարաբերություններին Հնդկաստանի դեսպանը  վերաբերում է առանց խտրականության:

«Հարաբերությունները, որ այսօր Հայաստանը ունի Թուրքիայի կամ մեկ այլ երկրի հետ,  չեն կարող ազդել պաշտոնական Դելիի դիրքորոշման ու  հայ-հնդկական համագործակցության  վրա»,-ասաց նա:

Յոգեշվար Սանգվանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորելու էին եկել Հայաստանում Հնդկաստանի նախկին երկու դեպաններ Աչալ Կումար Մալհոտրան ու  Սուրեշ Բաբուն. ինչպես նաեւ Հնդկաստանում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը:

«Հայաստանը  հրաշալի երկիր է` հարուստ մշակույթով  ու հյուրընկալ մարդկանցով: Համոզված եմ, որ նոր դեսպանը եւս կսիրի այդ երկիրը» ,-իր խոսքում նշեց պրն Մալհոտրան:

Մյուս նախկին դեսպան Սուրեշ Բաբուն էլ ավելացրեց, որ արդեն քանի տարի է Հայաստանի գյուղական համայնքների դպրոցներին տրամադրում են համակարգիչներ:

«Վայոց Ձորի 55 դպրոցներում արդեն դրանք տեղադրված են, իսկ Տավուշի 75 դպրոցներին կտրվի այս տարի».-ասաց նա:

ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանն էլ հիմնականում խոսեց միջազգային կառույցներում, մասնավորապես,  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի կողմից Հնդկաստանին մշտապես աջակցելու ու հայ- հնդկական հարաբերությունների առաջխաղացման մասին:

Քննարկման վերջում բանախոսները պատասխանեցին ներկաների հարցերին:

4-3

6-1-472x265[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով