[:hy]Հարկային օրենսգիրքն 1- ին ընթերցմամբ ընդունվեց, ՀՀԿ- ական գործարար պատգամավորները կարողացան շրջանցել կուսակցական որոշումը[:]

[:hy]Այսօր խորհրդարանում հանրապետական մեծամասնությունն ապացուցեց, որ կարող է  ցանկացած հարց ընդունել առանց մյուս քաղաքական ուժերի կարծիքը հաշվի առնելու: Խոսքը Հարկային նոր օրենսգրքի նախագծի մասին է: Բայց նույնիսկ այս դեպքում գտնվեցին հանրապետական պատգամավորները, ովքեր չենթարկվեցին կուսակցության քաղաքական որոշմանը: Պատգամավորների քվեարկությունն անցավ բուռն պայմաններում: Պատգամավորների քննարկմանը ներկայացրած կառավարության մեկ այլ նախագիծը նույնպես միանշանակ չընդունվեց պատգամավորների կողմից:

Գործարարների եւ միջին խավի դեմ դիվերսիա համարվող եւ նույնիսկ տնտեսության անփառունակ մահը ենթադրող օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց խորհրդարանում՝ հակառակ բազում քննադատության ու տարատեսակ որակումների: Հարկային նոր օրենսգրքի նախագիծն ընդունվեց առավելապես հանրապետական պատգամավորների ջանքերով, թեեւ այս խմբակցության շարքերում էլ այս հարցում միաձայնություն չկար:

Հարկային օրենսգիրքը խիստ քննադատողներից էին հենց հանրապետականի գործարար պատգամավորները եւ ահա այսօր նրանցից ոմանք գտան քաղաքական, այն է՝ «կողմ» քվեարկելու որոշումը շրջանցելու տարբերակները: Օրինակ՝ «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը երեկ խիստ քննադատությունից հետո խոստացավ ձեռնպահ քվեարկել, բայց այսօր չէր մասնակցում նիստին:

Կային նաեւ բացակայող այլ գործարար հանրապետական պատգամավորներ: Ներկաներն էլ առանձնապես չենթարկվեցին կուսակցական որոշմանը՝ մի մասը քվեարկեց ձեռնպահ, մի մասը՝ ընդհանրապես չմասնակցեց քվեարկությանը: Բոլոր դժգոհություններին հանրապետականների անունից պատասխանեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ խոստանալով, որ առաջին ընթերցումից հետո փաստաթղթի վրա երկարատեւ եւ մանրակրկիտ աշխատելու են:

Նույնիսկ այդ պարագայում փաստաթուղթը ցանկալի տեսքի չի բերվի, պնդում է օրինագծի վերաբերյալ 120 առաջարկություն արած նախկին վարչապետ, պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քվեարկությունից առաջ եւս մեկ անգամ փորձեց սթափեցնել գործընկերներին եւ հիշեցնել ակնառու վտանգների ու առաջիկա թանկացումների հավանականության մասին:

Փաստաթղթին զգուշորեն եւ վերապահումով է մոտենում նույնիսկ հանրապետականների կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը։ Իրենք ունեն իրենց առաջարկը, ասում է խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ հետագա դիրքորոշումը պայմանավորելով համագործակցության արդյունքներով: Իսկ մինչ այդ՝ նրանք ձեռնպահ քվեարկեցին։

Երկարատեւ քննարկումներից հետո աղմկարահույց նախագիծն ընդունվեց 68 կողմ,  21 դեմ,  18 ձեռնպահ ձայներով: Նույն հաջողությամբ խորհրդարանն այսօր վավերացրեց նաեւ Հայաստանի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ ստորագրված «Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհ» ֆինանսական պայմանագիրը, որով եվրոպական ներդրումային բանկը հայաստանին կտրամադրի 51 մլն եվրո վարկ՝ Վանաձորի քաղաքային գոտում, Վանաձոր-Ալավերդի հատվածում, Ալավերդու քաղաքային գոտում եւ Ալավերդի-Վրաստան սահմանի հատվածում ճանապարհի վերականգնման եւ արդիականացման համար: Այս հարցի քվեարկության պատկերը չփոխեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի զգուշացումը:

Քվեարկություններից հետո խորհրդարանականները՝ քննարկման միջոցով ծանոթացած կառավարության՝ համայնքների խոշորացման նոր ծրագրին: Թեեւ այս պահին դեռ հայտնի չէ խոշորացման երեք պիլոտային ծրագրերի իրականացման վերջնական արդյունքը, բայց գործադիրը որոշել է Արագածոտնի, Շիրակի, Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերում եւս 13 պիլոտային խոշորացման ծրագիր իրականացնել: Սա այն դեպքում, երբ որոշ համայնքների  բնակիչներ արդեն հնչեցրել են իրենց դժգոհությունն ու չեն ցանկանում, որ իրենց բնակավայրը մի մարզի ենմթակայությունից անցնի մեկ այլ մարզի:

Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանի ներկայացմամբ՝ սա ոչ միայն կբերի արդյունավետ կառավարման, այլեւ թույլ կտա կազմակերպել ավելի լավ ընտրություններ: Այս հարցը պատգամավորների համար նույնպես վիճահարույց է։

MHM0105284-copy-1-620x300

Հանրային Ռադիո[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով