[:hy]Ծեծկռտուք ՌՈ տեսուչի եւ ԼՂՀ ՊԲ 4 սպաների միջեւ. ձերբակալելիս ոստիկանները ծեծել են սպային[:]

[:hy]Հունիսի 14-ին Վարդենիս քաղաքում վիճաբանություն եւ ծեծկռտուք է տեղի ունեցել ռազմական ոստիկանության բաժանմունքի տեսուչի եւ ԼՂՀ Պաշտպանության բանակի 4 սպաների միջեւ:

Մեր տեղեկություններով, ՊԲ 4 սպաները՝ մայոր Արա Զախարյանը, լեյտենանտ Լ. Սահակյանը ավագ լեյտենանտ Կ. Մարտիրոսյանը եւ լեյտենանտ Տ. Անախասյանը արագ երթեւեկելիս են եղել, երբ ստուգատեսում ծառայություն իրականացնող տեսուչ Անդրանիկ Մաթեւոսյանը կանգնեցրել է նրանց ավտոմեքենան: ՊԲ 4 սպաներին դուր չի եկել այն, թե ինչպես է տեսուչը կանգնեցնում իրենց ավտոմեքենան, ինչի պատճառով առաջացել է վիճաբանություն. սկսվել է ծեծկռտուք: Ըստ նախնական տեղեկությունների՝ սպաները մետաղյա խողովակով բռնություն են գործադրել տեսուչի նկատմամբ՝ նրան պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ: Նա այժմ գտնվում է Վարդենիսի հոսպիտալում: Ռազմական ոստիկանության տեսուչը ստացել է ձախ նախաբազկի հետին մակերեսի ստորին պատռած վերք, գլխի եւ մարմնի տարբեր հատվածներում փափուկ հյուսվածքների սալջարդ, քերծվածքներ, ատամի շրջանի լնդի պատռվածք:

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ  Սոնա Տռուզյանը երեկ մեր զրույցում հաստատեց վիճաբանության եւ ծեծկռտուքի մասին տեղեկությունները: Մեր հարցին ի պատասխան նա ասաց, որ հունիսի 15-ին ռազմական ոստիկանության տեսուչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ): Քրեական գործի շրջանակներում 4 անձ ձերբակալվել է: Նրանց նկատմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, կատարվում է քննություն օբյեկտիվ իրականությունը պարզելու համար: Մեր տեղեկություններով, նախաքննության ընթացքում ձերբակալված սպաները անցել են սթափության փորձաքննություն, որով պարզվել է, որ ավտոմեքենայի ղեկին գտնվող Տ. Անախասյանը եւ մայոր Արա Զախարյանը գտնվել են ոչ սթափ վիճակում:

Նույն այդ  տեղեկություններով, արդեն դեպքից հետո, ռազմական ոստիկանության աշխատակիցները բերման ենթարկելիս բռնություն են գործադրել մայոր Արա Զախարյանի նկատմամբ: Մեր տեղեկությունների համաձայն՝ նրանք կապել են Զախարյանի ձեռքերը եւ սկսել հարվածներ հասցնել:  Տեսնելով, որ Զախարյանի մոտ արյունահոսություն է սկսվում, նրան տեղափոխել են «Սեւան» բժշկական կենտրոն: Երեկ բժշկական կենտրոնից հաստատեցին մեր տեղեկությունը, որ Զախարյանին տեղափոխել են իրենց հիվանդանոց, սակայն, թե ի՞նչ վնասվածքներ է ստացել մայորը, այդպես էլ չասացին՝ հորդորելով գրավոր հարցում ուղարկել: Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց ճշտել, որ Արա Զախարյանը ծեծի հետեւանքով ստացել է գլխի գագաթային շրջանի, մարմնի տարբեր հատվածներում փափուկ հյուսվածքների սալջարդ: Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո ռազմական ոստիկանության աշխատակիցները նրան տարել են: ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը, սակայն, մեր հարցին ի պատասխան ասաց, որ նման հաղորդում քրեական գործի շրջանակներում չի ստացվել: «Բնականաբար, եթե նման ահազանգ լինի՝ պատշաճ քննության առարկա կդառնա»,- հավելեց Տռուզյանը: Մեզ հաջողվեց նաեւ ճշտել, որ ձերբակալվածներից միայն մեկն է ինքնախոստովանական ցուցմունք տվել, Արա Զախարյանն առայժմ լռում է. նա դեռ ցուցմունք չի տվել:

32-ամյա մայոր Արա Զախարյանը, որը ծառայում է ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում, բնակվում է Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում: Մեր զրույցում նրա մորաքույրը՝ տիկին Սոնան նշեց, որ դեպքի մասին ոչինչ չի կարող ասել. «Մի կաշմառ պատմություն է: Պատմում են, որ Արան ծեծված է, կապտած տեղեր ունի, ջարդված տեղեր ունի: Հիմա, թե ինքն էլ ում է ծեծել, ինչ է արել, պատճառն ինչ է եղել, չեմ կարող ասել: Փաստորեն, այսօր 4 զինծառայող ձերբակալված են, մեր սահման պահող զինվորներն են: Այս պատերազմական երկրում չորս զինծառայողի տանեն պահեն, ինչ-որ դատական գործընթաց բացեն մի հատ ոստիկանի ծեծի պատճառո՞վ: Ասենք՝ հա ծեծել-ծեծել են, ինչի՞ են այսքան մեծ պատմություն դարձնում, հիմա աշխարհն է խառնվել իրար: Չեմ ասում լավ են արել՝ ողջունենք, բայց նաեւ երիտասարդ կադրեր են, ափսոս են»,- ասաց տիկին Սոնան: Խոսելով Արա Զախարյանի մասին, նա ասաց, որ քրոջ որդին 12 տարի է, ինչ աշխատում է Զինված ուժերում, մասնագիտությամբ իրավաբան է. «Նա շատ կայացած անձնավորություն է, հենց այնպես հո չեմ ասում, բավականին պատվոգրեր ունի հրամանատարներից: Նա այնպիսի երիտասարդ չէ, որ գնար ու պատահական կռիվ աներ, ասում են, որ այդ ոստիկանն էլ քարով իր գլխին է հարվածել, չգիտեմ, շատ խառը պատմություն է, դրա համար ոչինչ ասել չեմ կարող: 4 զինվոր եք բռնել դատում, սահմանն ո՞վ պիտի պահի»,- ասաց ձերբակալվածի մորաքույրը: Նա տեղեկացրեց, որ Արա Զախարյանը ամուսնացած չէ, ունի մեկ եղբայր, որը Երեւանում աշխատում է որպես փաստաբան:

Հավելենք, որ մեղադրանքը հաստատվելու դեպքում ԼՂՀ Պաշտպանության բանակի չորս սպաներին սպառնում է հինգից տասը տարվա ազատազրկում: Կպատժվե՞ն արդյոք մայորին ծեծի ենթարկած ռազմական ոստիկանության աշխատակիցները, թե՝ ոչ, դժվար է ասել:

84623

Armtimes.com[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով