[:hy]«Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում». Էդ. Շարմազանով[:]

[:hy]ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 24-ին ընդունել է Բուենոս-Այրես քաղաքի խորհրդարանի պատգամավոր Գուստավո Վերային: Ողջունելով հյուրի այցը Հայաստան՝ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել հայ-արգենտինական բազմակողմ հարաբերությունները եւ նշել, որ դրանք զարգանում են համաչափ եւ բնականոն հունով: Նա կարեւորել է Արգենտինայի խորհրդարանի հետ կապերի առավել սերտացումն ու զարգացումը, ինչն իր հերթին անհրաժեշտ է համարել նաեւ Գուստավո Վերան: ԱԺ փոխնախագահը երախտիքի խոսք է հղել Արգենտինայի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման բանաձեւի ընդունման համար:

Հանդիպմանը զրուցակիցներն առանցքային տեղ են հատկացրել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցին. ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ֆրանցիսկոս Պապի այցը քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիր գնահատել է պատմական եւ նշանակալի՝ ողջ աշխարհի քրիստոնյաներին համախմբելու, սեր եւ խաղաղություն քարոզելու առումով:

Այս համատեքստում անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է ապրիլին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, որն առանձնացել է մի շարք ռազմական հանցագործություններով, որոնք իրականացվել են ադրբեջանական զինուժի կողմից թե զինվորականների, թե խաղաղ բնակիչների նկատմամբ: Նա նշել է, որ Ադրբեջանին անթաքույց աջակցություն է ցուցաբերել Հայաստանն արդեն 23 տարի շրջափակման մեջ պահող Թուրքիան: ԱԺ փոխնախագահն անընդունելի է համարել նման հարցերի վերաբերյալ երկակի ստանդարտների կիրառումը՝ ընդգծելով. «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ազատ կամարտահայտության եւ անկախ ապրելու իրավունք, ինչպես մնացած երկրների ժողովուրդները»: Իսկ Լեռնային Ղարաբաղի բնակիչները դեռեւս 1991 թվականին են արտահայտել իրենց կամքը՝ հանրաքվեի ճանապարհով դուրս գալով ԽՍՀՄ կազմից:

«Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, քանի որ անսահման է ազատության նրա ձգտումը»,- նշել է ԱԺ փոխնախագահը:

Պատգամավոր Գուստավո Վերան նույնպես անդրադարձել է Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցին եւ գնահատել այն իր առանձնահատուկ նշանակությամբ եւ նպատակներով: Արգենտինացի պատգամավորը եւս կարեւորել է մեր երկրի հետ կապերի ամրապնդումը, ներկայացրել Ֆրանցիսկոս Պապի գործունեությունը, որում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում պատերազմների, ռասիզմի եւ ահաբեկչությունների դեմ պայքարը, փախստականների խնդիրները, նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքի բացառումը:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր :

azh-2-472x265[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով