[:hy]ԶԱՎԵՆ ԲԱԴՈՅԱՆ. ԳՈ՞ԼՍ. ԱՎԵԼԻ ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ՎԵՐՋԱՊԵՍ ԽԱՂԱՑԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ[:]

By | 06.06.2016
Загрузка...

[:hy]

Հայաստանի ազգային հավաքականի հետ ԱՄՆ-ում կայացած ուսումնամարզական հավաքին մասնակցեց «Բանանցի» կիսապաշտպան Զավեն Բադոյանը, ով Գվատեմալայի դեմ խաղում (7:1) կարողացավ նաև գոլի հեղինակ դառնալ:
Բադոյանն armsport.am-ի հետ զրույցում խոսել է հավաքի ու հանդիպումների, ինչպես նաև ակումբային ծրագրերի մասին:
 — Զավեն, ուսումնամարզական հավաքն ինչքանո՞վ ծառայեց նպատակին:
 — Հավաքն, ընդհանուր առմամբ, շատ լավ անցավ: Կարծում եմ՝ այդ ընթացքում մարզումները, միասին լինելը հետագայում լավ են անդրադառնալու հավաքականին:
 — Ինչպիսի՞ն ստացվեցին ընկերական հանդիպումները:
 — Մեզ համար անչափ կարևոր էր, որ երկար ընդմիջումից հետո կարողացանք հաղթել. դա առաջին հերթին հոգեբանական տեսանկյունից էական է: Հետագայի համար այս հաղթանակները մեզ հարկավոր են լինելու:
 — Ինչի՞ շնորհիվ հաջողվեց խոշոր հաշիվներով հաղթել Գվատեմալայի և Էլ Սալվադորի հավաքականներին:
 — Գվատեմալայի դեմ խաղում ընդունած գոլից հետո լավ վերադասավորվեցինք և մնացած ամբողջ ընթացքում առավելություն ունեինք: Այդ խաղում, իրոք, ամեն ինչ հաջող ստացվեց: Մենք բավականին արդյունավետ գրոհեցինք և կարողացանք իրացնել պահերը: Էլ Սալվադորի դեմ հանդիպմանն էլ որոշիչ եղավ արագ գոլը, ինչի շնորհիվ ավելի մոտիվացված գործեցինք և ավելացրինք: Երկու խաղերում էլ վերահսկում էինք դրությունը, մրցակցին ստիպում բացվել և օգտագործում էինք մեր հնարավորությունները:
 — Գվատեմալայի դեմ խաղում գոլի հեղինակ դարձաք. ի՞նչ զգացողություններ ունեցաք:
 — Գո՞լս. իհարկե, զգացողություններն աննկարագրելի էին. սակայն ավելի ուրախ եմ, որ վերջապես խաղացի հավաքականում: Հրավիրվում էի, սակայն չէի խաղում, իսկ այս անգամ ուրախ եմ, որ ասպարեզում եղա:
 — Գոլի դրվագում կարող էիք նաև փոխանցում կատարել…
 — Այո, գրոհում էինք 3-ով 2-ի դեմ… սակայն, եթե գոլ եմ խփել, ուրեմն ճիշտ եմ (ժպտում է,- խմբ.)
 — Ընդհանուր առմամբ, ի՞նչ նոր բան տվեց հավաքը:
 — Չէի ասի, թե ինչ-որ նոր բան տվեց: Մենք հավաքականի հիմքի վրա կարողացանք ավելացնել: Դրականը խաղակցվածության բարձրացումն է:
 — Ինչպե՞ս եք գնահատում Ձեր խաղը հավաքականում:
 — Գոհ եմ (ժպտում է,- խմբ.): Իհարկե, միշտ էլ ավելացնելու տեղ կա:
 — Անդրադառնանք «Բանանցին». թիմն ինչպե՞ս է մոտենալու Եվրոպա լիգային:
 — Ամեն ինչ արվում է մարտունակությունն ավելացնելու համար: Կարծում եմ՝ կատարված փոփոխությունները միմիայն օգուտ կբերեն և մենք ի զորու կլինենք այդ հանդիպումներում հաջող գործել: Մեր թիմից մի քանի ֆուտբոլիստներ են հեռացել և, ըստ երևույթին, նույն թվով ավելի բարձրակարգ խաղացողներ կմիանան մեզ ու ուժեղացնելուց բացի, կազմում մրցակցություն կստեղծեն:
 — Հավաքականում աշխատում եք Վարուժան Սուքիասյանի, իսկ «Բանանցում»՝ Տիտո Ռամալյոյի հետ. որքանո՞վ են տարբեր մարզիչները:
 — Յուրաքանչյուր մարզիչ իր փիլիսոփայությունը ունի: Սուքիասյանը կողմ է, որ ժամանակ առ ժամանակ ետ քաշվենք, «բացենք» մրցակցին, իսկ Ռամալյոն ձգտում է, որ գնդակը միշտ մեզ մոտ լինի:
 — Իսկ կա՞ արդյոք նմանություն:
 — Այո. երկուսն էլ պարտադրում են, որ պաշտպանությունից հարձակում անցումն արագ լինի:
 — Ձեր առաջիկա ծրագրերը «Բանանցի» հե՞տ են կապված:
 — Ամբողջովին: Կենտրոնացած եմ թիմի ելույթների վրա:
202d

[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...