[:hy]«Եթե այդպես շարունակվի, ՀԱՊԿ-ի այդ վարքագիծը կգնահատվի որպես վախկոտություն». ռուսաստանցի քաղաքագետ[:]

[:hy]Հայ-ռուսաստանյան հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միացյալ տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը շատերը գնահատում են որպես Հայաստանի կողմից օդային տարածքը Ռուսաստանին զիջելու քայլ: ՀՀԿ խմբակցության ղեկավարն այսօր հայտարարեց, որ ՀՕՊ ուժեր ստեղծելու համաձայնագիրը Հայաստանը կվավերացնի այն ժամանակ, երբ տեսնի դրա անհրաժեշտությունը: Առայժմ այն չընդգրկվեց ԱԺ արտահերթ նիստի օրակարգ:

Ռազմավարական մոդելավորման ռուսաստանյան կենտրոնի փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկն, անդրադառնալով հակաօդային պաշտպանության միացյալ համակարգ ստեղծելու մասին համաձայնագրին, կարծիք հայտնեց, որ որոշումն առանձնահատուկ նշանակություն չի կարող ունենալ՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի տարածքում  տեղակայված է ռուսաստանյան ռազմաբազա:

«Եթե Հայաստանում ՌԴ ռազմաբազա չլիներ, այդ պարագայում միասնական հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու համաձայնագիրը կարելի էր համարել սենսացիոն, հատկապես Ղարաբաղում ապրիլյան ռազմական գործողությունների ֆոնին: Պետք է նաեւ հիշեցնել, որ այդ որոշումը կայացվել է ոչ այդ գործողություններից հետո, այլ ավելի վաղ՝ 2015 թվականին: Երեւանում այդ առնչությամբ բողոքի գործողություններ տեղի ունեցան, եւ դա բնական է, քանի որ հասարակական-քաղաքական հակառուսական տրամադրություններն արդեն վաղուցվանից աճում են Հայաստանում: Եվ այսօր պարզապես տեղի է ունենում բողոքական տրամադրությունների կուտակում, հատկապես, որ կարեւորագույն հարցի՝ անվտանգության հետ է կապված խնդիրը:

Հայ հասարակության մի հատվածը հարցադրում է անում՝ իսկ որքանո՞վ է ռուսաստանյան բանակն ունակ (հատկապես ՀԱՊԿ–ի ռազմական ստորաբաժանումը) երաշխավորել Հայաստանի անվտանգությունն արտաքին ագրեսիայից: Եվ չի կարելի ասել, որ նման շեշտադրմամբ հարցադրումներն արդարացված չեն: Մինչդեռ Մոսկվան կարող է բավականին պարզ պատասխան տալ տվյալ խնդրի առնչությամբ՝ հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգը հանդիսանում է անհրաժեշտ բաղկացուցիչ, որպեսզի անվտանգության ապահովումը լինի համալիր, միայն այդ պարագայում հնարավոր կլինի խոսել որոշակի երաշխիքների մասին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց Տրոֆիմչուկը:

Ռուսաստանցի քաղաքագետը նաեւ մանրամասնում է, թե ինչու է Ռուսաստանը շահագրգիռ միասնական հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծել:

Հարցն այստեղ միայն Ադրբեջանը կամ ապրիլյան իրադարձությունները չեն, մանրամասնում է նա, այլ այն ամենը, ինչ տեղի է ունենում Թուրքիայի շուրջ:

«Ռուսաստանը կարծում է, որ հայերն, ունենալով թուրքերի հանդեպ անփոփոխ հայացքներ, պարզապես պարտավոր են օգնել՝ ամրացնել հակաօդային պարագիծը Կովկասում: Առավել եւս, երբ խոսքը գնում է ոչ թե ռուսաստանյան հակաօդային պաշտպանության համակարգի, այլ համատեղ՝ հայ-ռուսաստանյան համակարգի մասին»:

Տրոֆիմչուկի խոսքերով՝ հայ հասարակական շրջանակները, ովքեր արտահայտում են իրենց բողոքի ձայնը, միանշանակ ճիշտ են: Արդարացի է, երբ հիշեցնում են նաեւ զինծառայող Պերմյակովի գործը, որն, ըստ նրա, դարձավ հակառուսական տրամադրությունների շղթայի մի մասնիկը: Տրոֆիմչուկը հիշեցնում է, որ այդ ժամանակ էլ ինքն ասել է, որ տեղի ունեցած միջադեպը կարող է հակառուսական տրամադրությունների պոռթկման առիթ հանդիսանալ, եւ դա տեղի ունեցավ, ընդ որում, այնպիսի ծավալով, որ արդեն, ըստ նրա, դուրս է Գյումրիում տեղի ունեցած միջադեպի շրջանակներից:

Հակաօդային պաշտպանության անհրաժեշտության, Ռուսաստանին այս շրջանում օգնելու մասին հայտարարություն է արվում այն պարագայում, երբ նույն ապրիլյան իրադարձությունների ժամանակ Հայաստանը որեւէ կերպ չզգաց Ռուսաստանի աջակցությունը կամ ՀԱՊԿ-ի արձագանքը: ԳԱԼԱ-ի այս դիտարկմանը Տրոֆիմչուկն արձագանքեց. «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի կողմից ուղղակի եւ գործնական աջակցությանը, որի անդամ է հանդիսանում Հայաստանը, ապա անխուսափելիորեն գալու է այն պահը, երբ այդ կազմակերպությունը ստիպված կլինի ցուցադրել իրեն ռեալ գործում: Եվ հենց ռազմական գործում, այլ ոչ թե արդեն ծանոթ ոլորտներում՝ ահաբեկչության, թմրանյութերի, թրաֆիքինգի դեմ պայքար: ՀԱՊԿ-ը ստիպված կլինի հակակշռել ՆԱՏՕ-ին, ծայրահեղ դեպքում Կովկասում, հակառակ պարագայում այդ կազմակերպությունն ուղղակի կդադարի գործել»:

Զինված հակամարտություններին միջամտելու ՀԱՊԿ-ի մերժումները քաղաքագետը կանխատեսում է, որ լավ բանի չեն կարող հանգեցնել: Հիշեցնում է 2010 թվականը, երբ կազմակերպությանը դիմեց Բիշքեկը եւ բախվեց նույն անտարբեր վերաբերմունքին:

«Եթե այդպես շարունակվի, ՀԱՊԿ-ի այդ վարքագիծը կգնահատվի որպես վախկոտություն, ընդ որում ոչ միայն Մոսկվայի ընդդիմախոսների կողմից, եւ որպեսզի հակաօդային պաշտպանության միասնական համակարգն աշխատի, հարկավոր է, որպեսզի հայ հասարակության ներսում տիրի հանգստություն: Հակառակ դեպքում, չի օգնի ոչ մի հակաօդային պաշտպանության համակարգ»:

image38-320x228

Աղբյուրը ̀ GalaTv[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով