[:hy] Դաշնամուրային երաժշտության երեկո՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում[:]

[:hy]Ս. թ. հունիսի 21-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա դաշնամուրային երաժշտության երեկո՝ ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Արուս Աճեմյանի մասնակցությամբ: Համերգի ծրագիրը ներառում է Արամ Խաչատրյանի «Պոեմ», Ղազարոս Սարյանի «Երեք պոստլյուդ», Էդուարդ Բաղդասարյանի «12 պրելյուդ», Վարդան Աճեմյանի «Ղողանջներ», Առնո Բաբաջանյանի «Պոեմ» ստեղծագործությունները:
Արուս Աճեմյանը ծնվել է 1983 թվականի մայիսի 16-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և նույն բուհի ասպիրանտուրան՝ պրոֆեսոր Ռ. Թանդիլյանի ղեկավարությամբ: 1995 թվականին մասնակցել է «Ամադեուս 95» մրցույթին և «Իմ հանրապետությունը 5 տարեկան է» փառատոնին՝ արժանանալով դափնեկրի կոչմանը:
1996 թվականից Հայաստանում և արտերկրում հանդես է գալիս մենահամերգներով: 1997 թվականից ելույթներ է ունեցել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ տարբեր դիրիժորների ղեկավարությամբ:
1998 թվականին արժանացել է «Շնորհալիներ-98» մրցույթի 1-ին մրցանակին: 1999 թվականին ԱՄՆ-ում մասնակցել է Շոպենի մահվան 150-ամյակին նվիրված դաշնակահարների միջազգային համաժողովին՝ ստանալով «Լավագույն մենակատար» դիպլոմը: 2000 թվականին արժանացել է Առնո Բաբաջանյանի անվան հանրապետական մրցույթի 1-ին և հատուկ մրցանակներին: 2001 թվականին Երևանում հանդես է եկել «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի հետ՝ Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ:
Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Հունաստանում, Եգիպտոսում, Կիպրոսում, Չինաստանում, Կանադայում, Գերմանիայում, Լեհաստանում և Շվեյցարիայում: 2003 թականին Մոսկվայի կամերային նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյան) 6 համերգ է ներկայացրել Բրազիլիայում և Ուրուգվայում: 2009 թվականին արժանացել է Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակին:
2014 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում:

arus25a980[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով