[:hy]ԴԱՀԿ-ն քանդեց Զաքարյան ընտանիքի ապրուստի միակ միջոցը[:]

By | 24.06.2016
Загрузка...

[:hy]ԴԱՀԿ  աշխատակիցներն այսօր քանդեցին Աբովյան 5 փակուղի հասցեում  գտնվող Զաքարյանների  ընտանիքին պատկանող ապրուստի միակ միջոցը՝ ավտոլվացման և տեխսպասարկման կենտրոնը, սակայն  առանց նախապես չափագրելու, թե հատկապես  որքան տարածք է ենթակա քանդման:

Նրանք ցույց տվեցին ինչ-որ մի թուղթ, որի վրա տվյալ շինության հատակագիծն էր պատկերված և մասնավոր անձի կողմից կապույտ  գրիչով նշված էր այն մասը, որը պատկանում է  այդ տարածքի կառուցապատող Ղևոնդ Ղալումյանին և ենթակա է քանդման:

Նշենք, որ Ղևոնդ Ղալումյանը ոստիկանության նախկին գնդապետ է և նրա պահանջով նախորդ տարի Զաքարյանների ընտանիքը վտարվել էր ավտոտնակի հարևանությամբ գտնվող իրենց տնից:

Երբ գեոդեզիստին Զաքարյանների փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը և սեփականատիրոջ Արարատ Զաքարյանի մայրը՝  Յուլյա Զաքարյանը, ասացին, որ այդ նշումները սխալ են արված, նա գնաց  GPS սարքը բերելու, որպեսզի  չափեն այն տարածքը, որը պիտի քանդվեր, իսկ մինչ այդ բանվորներն արդեն սկսել էին ապամոնտաժման աշխատանքները:

«Այսինքն հարկադիր կատարման ծառայությունն այն աստիճանի  է  շահագրգռված այս շինությունն ապօրինաբար քանդել, որ նույնիսկ չունենալով գծագիր՝ ուղղակի եկել ու քանդում են: Երբ նրանց պետին ասացի, թե ուր է ձեր գծագիրը, նա պատասխանեց, թե հեսա կբերենք, բայց մինչև դա պիտի քանդենք: Այսինքն՝ նրանք չունեն գծագիր, չգիտեն թե մեր  հողի սեփականության տարածքը որքան է , Ղևոնդ Ղալումյանինը որքան է , բայց եկել և ուղղակի քանդում են: Ակնհայտ է, որ  նրանք շահագրգռված են այն մարդու կողմից, ով ուժեղ է և ոչ թե ով իրավացի է»,-«Ա1+»-ի հետ զրույցում շեշտեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Վերջինս սա որակեց անօրինականություն:

Երբ ԴԱՀԿ  Օպերատիվ բաժնի պետ Արտակ Մարտիրոսյանից փորձեցինք պարզել, թե  ինչպես են առանց գծագրի որոշել տարածքը  քանդել, նա ասաց, որ  շտապում է և այստեղ հարցերի պատասխանելու համար չի եկել: Նրա տեղակալ Գագիկ Հովհաննիսյանն էլ  հարցի առնչությամբ պատասխանեց. « Գծագիրը կա, մասնագետն էլ կա, որը տեղը ցույց է տվել, թե դա որ հատվածն է:Այդ կապույտ գրիչով նշվածն է, որը ցույց է տալիս, թե ինչքանը պիտի սահմանազատվի: Գեոդեզիստը որ հատվածը, որ ցույց տվեց, մենք էլ այդ հատվածը ընդունելու ենք որպես սահմանագիծ»:

Մեր հարցին, որ եթե պարզվի, որ սխալ տեղից են հիմա բանվորներն ապամոնտաժում, այդ դեպքում արդյո՞ք վերակառուցվելու է սեփականատերերի շինությունը՝ Գագիկ Հովհաննիսյանը նշեց. «Տենց բան չի պարզվի: Դա արդեն պարզված է  դատարաններում, դատական բոլոր ատյաններում դա հիմնավորվել է ,այնպես չի, որ այսօր նոր պիտի պարզվի: Դատարանը վճռել է, որ պահանջատիրոջ (նկատի ունենալով Ղևոնդ Ղալումյանին) սեփական հողի վրա գտնվող հիմնական կառույցը պիտի քանդել: Եթե այստեղ 5 սմ այս ու այն կողմ քանդելու մասին է խոսքը, ապա գեոդեզիստը կգա ու կչափի»:

Մինչդեռ գեոդեզիստը երբ  վերադարձավ, պարզվեց, որ GPS սարքը չի աշխատում և չեն կարող հստակ չափագրում անել:

Գագիկ Հովհաննիսյանիը մեր այն դիտարկմանը, թե, այդուհանդերձ, կատարվում է Ղևոնդ Ղալումյանի պահանջը, պատասխանեց. «Դատարանի պահանջն է կատարվում, ոչ թե Ղևոնդ Ղալումյանի»:

Հարկ ենք համարում նշել նաև, որ քանդման աշխատանքներին մի քանի մետրից հետևում էր մի տղամարդ, ով պարբերաբար  զրուցում էր հեռախոսով:

Յուլյա Զաքարյանը պատմեց, որ դա Ղևոնդ Ղալումյանի օգնականն է և այն ժամանակ նրա հետ էր գալիս  որպես նրա ներկայացուցիչ, այնուհետ մի քանի անգամ էլ եկել է մենակ և նրա անունից է  խոսել:

Մեզ հետ զրույցում Գագիկ Հակոբջանյան անունով ներկայացած վերոնշյալ  տղամարդը հերքեց դա՝ ասելով միայն, որ ինքը Երևանի քաղաքացի է և այդ պահին պարզապես եկել էր այդ տարածքով զբոսնելու:

Նշենք նաև, որ  կենտրոնում գտնվող այդ տարածքը Զաքարյան ընտանիքից վերցրել են առանց նույնիսկ փոխհատուցման: Այդտեղ կառուցվելու է բազմաֆունկցիոնալ շենք, իսկ կառուցապատող Ղևոնդ Ղալումյանի անունը  մամուլում նախկինում շրջանառվել է երկու քրեական գործերով:

«Ա1+»-ը նախկինում անդրադարձել էր այս խնդրին

Diana- nkar DAHK

Diana-nkar-DAHK-2-472x265[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...