[:hy]Անվանի երգչուհու, մեծ արվեստագետի հիշատակը վառ կմնա մարդկանց սրտերում[:]

By | 14.06.2016
Загрузка...

[:hy]Հունիսի 13-ին, 91 տարեկանում իր մահկանացուն կնքեց անվանի երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանը:
Օֆելյա Կարապետի Համբարձումյանը ծնվել է 1925 թվականի հունվարի 9-ին, Երևանում: Դեռևս աղջնակ՝ ապագա երգչուհին ակտիվորեն մասնակցել է դպրոցականների քաղաքային պալատի ժողնվագարանների անսամբլի աշխատանքներին՝ բոլորին հիացնելով իր զրնգուն ձայնով և բացառիկ օժտվածությամբ:
Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանն ավարտելուց անմիջապես հետո՝ 1944 թվականին, հրավիրվել է Ռադիոյի ժողնվագարանների անսամբլ (հետագայում՝ Արամ Մերանգուլյանի անվան), որը դարձավ նրա ստեղծագործական կատարելագործման և թռիչքի դարբնոցը:
Օֆելյա Համբարձումյանի երգն առանձնանում էր խոր արտահայտչականությամբ, ազգային վառ երանգավորումով: Հայ երգարվեստի մի ողջ դարաշրջանի կրողն ու մարմնավորումը համարվող երգչուհին նոր խոսք, ժողովրդական երգեցողության նոր որակներ բերեց իր հետ, հիրավի անգերազանցելի կատարումներով մշտապես հիացնելով հանդիսատեսին, տասնյակ հազարավոր մարդկանց՝ Հայաստանում, թե՛ արտերկրի հայկական գաղթօջախներում:
Երգչուհու երկացանկում առանձնահատուկ տեղ են գրավել Սայաթ-Նովայի ստեղծագործությունները՝ «Յիս կանչում իմ լալանին», «Չկա քիզի նման» և այլն: Մեծ հաջողությամբ է կատարել Ջիվանու, Շերամի երգերը, նաև աշուղներ Հավասու, Աշոտի և Շահենի ստեղծագործությունները, որոնցից շատերի առաջին կատարողն էր:
Արգասաբեր ստեղծագործական կյանքի, ժողովրդի հույզերը, զգացմունքներն ու ապրումները մարմնավորելու և ներկայացնելու բացառիկ տաղանդի շնորհիվ, հայ երգի բոլոր ժամանակների ամենանշանավոր կատարողներից մեկը՝ Օֆելյա Համբարձումյանն վայելել է համաժողովրդական սերն ու հարգանքը՝ ժողովրդի իսկ կողմից արժանանալով «Հայ երգի թագուհի» կոչմանը:
Արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման (1959 թվական), 2011 թվականին՝ ՀՀ Նախագահի հրամանագրով արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանի:
Անվանի երգչուհու, մեծ արվեստագետի, մեծ հայի հիշատակը վառ կմնա մարդկանց սրտերում:
Օֆելյա Համբարձումյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 15-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հունիսի 16-ին, ժամը 12:00-14:00-ն, Արամ Խաչատրյան համերգասրահում։ Հուղարկավորությունը` ժամը 14:00-ին, Կոմիտասի անվան պանթեոնում:

Կառավարական հանձնաժողով

ergchd5[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...