[:hy]«ԱԱԾ տնօրենն ո՞վ ա, որ իրան դնի Էնգելսի տեղն ու ասի՝ ես չեմ գալիս». Փաշինյանը պահանջում է Կուտոյանին բերել ԱԺ [:]

By | 24.06.2016
Загрузка...

[:hy]Պետական բյուջեի հաշվետվությունը քաղաքական փաստաթուղթ պետք է լինի, ոչ թե հաշվապահական: Իսկ այստեղ գալիս են բյուջեի կատարողականն են ներկայացնում, ոնց որ ասելիս լինեն՝ ջնջել եմ պետական բյուջե, շահել եմ 3 մլրդ դրամ: Այսօր ԱԺ-ում այս մասին իր դժգոհությունը ներկայացրեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ: Ըստ նրա, 2012-ից ի վեր հանձնաժողովներում մեծամասամբ չհաջողվեց քաղաքական քննարկում ծավալել, որովհետեւ բյուջեի հաշվապահական ընկալումն է շարունակում մնալ իշխող: Կառավարությունը ԱԺ է ուղարկում բյուջեի կատարողականը ներկայացնելու մի մարդու՝ գլխավոր գանձապետին, որը բյուջեի ոչ հավաքագրման, ոչ էլ ծախսման պատասխանատու չէ: Նա դժգոհեց, որ հանձնաժողովների նիստերին բյուջեի քննարկումների ժամանակ կառավարության ներկայացուցիչները ինչպես հարկն է՝ չեն մասնակցում: Օրինակ, վավերացված է ԱԺ-ի կողմից, որ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ԱԱԾ-ի տնօրեն Գեորգի Կուտոյանը պետք է գային հանձնաժողով եւ հանդես գային որպես զեկուցողներ. «Բայց նրանցից որեւէ մեկը չի բարեհաճել ներկայանալ հանձնաժողովին: Սրանով կառավարությունը ցույց է տալիս, որ խորհրդարանական մեծամասնությունն իր հետ վասալային հարաբերություն ունի: Եթե էդպես չլիներ, ԱԱԾ տնօրենն ո՞վ ա, որ ԱԺ-ի նախագահը, հանձնաժողովի նախագահը որոշեն, որ ինքը պետք է գա զեկուցի, ինքը իրան դնի Ֆրիդրիխ Էնգելսի տեղն ու ասի՝ ես չեմ գալիս»: ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը չհամաձայնեց, որ կառավարության հետ վասալային հարաբերություններ ունեն: Նա նաեւ ասաց, որ կարեւոր է, թե ով պետք է զեկուցի ԱԺ-ում, բայց դա ամենակարեւոր հարցը չի, ամենակարեւրն այն է, թե ինչպիսի մասնագիտական քննարկում է ծավալվում: Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «Եթե դուք նկատի ունեք, որ բոլոր այդ հրավիրվածները՝ Տարոն Մարգարյանը, Կուտոյանը, Վլադիմիր Գասպարյանը, Արմեն Երիցյանը բավարար մասնագիտական մակարդակ չունեն, որ էդ քննարկումներին մասնակցեն, ուրեմն նրանք ընդհանրապես էդ պաշտոններում աշխատելու իրավունք չունեն: Ի՞նչ գործ ունեն էդ մարդիկ էդ պաշտոններում, իսկ եթե ունեն անհրաժեշտ մասնագիտական մակարդակ, ուրեմն իրենք իրենց չպիտի դնեն Էնգելսի տեղը»: Գագիկ Մինասյանն էլ ճշտեց, որ նկատի ունի այն, որ մեկ կառույցում կարող են լինել մի քանիսը, որոնք ԱԺ-ի հետ կարող են այդ խնդիրները բարձր մասնագիտական մակարդակով քննարկել:

pash-472x265

Աղբյուրը̀  Առավոտ :[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...