[:hy]«Պետք է այդ ամենն անհապաղ դադարեցնել». Իսրայելի Կնեսետի փոխնախագահ[:]

By | 03.04.2016

[:hy]Իսրայելի Կնեսետի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունն այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Պատվիրակությունը Հայաստան ժամանել է մինչև ԼՂՀ սահմանին ադրբեջանական կողմից հրետակոծության սկսվելը։

«Երբ դա տեղի ունեցավ և մենք տեղեկացանք, որոշ հորդորներ կային, որ հետ վերադառնանք։ Բայց մենք երկու պետություններ ենք, որոնք ապրում են միմյանց շատ նման  իրականության մեջ, և որոշեցինք այստեղ մնալ, ցույց տալ, որ մենք կարող ենք շարունակել ապրել, կարծես ոչինչ չի եղել, պայքարել մեր կյանքի և մեր պետությունների անկախության համար»,-նշեց Իսրայելի Կնեսետի փոխնախագահ Տալի Պլեսկովան։

Սահմանային խիստ լարվածության վերաբերյալ նրա դիրքորոշումը հստակ է. «Կարծում եմ, որ բոլորս պետք է հանգստանանք և հասկանանք, որ յուրաքանչյուր պետություն պետք է առանձին զարգանա ոչ թե խանգարելով, այլ օգնելով միմյանց։ Բոլորս պատասխանատու ենք մարդկանց ճակատագրերի համար։ Պետք է այդ ամենն անհապաղ դադարեցնել»։

Ինչո՞ւ է Ադրբեջանը նմանատիպ քայլերի դիմում, տիկին Պլեսկովան ասաց. «Ցավոք, չեմ կարող Ադրբեջանի փոխարեն պատասխանել։ Ես տեսնում եմ փաստը, ինչը ոչ մի դեպքում չեմ կարող ողջունել։ Ինձ համար անհասկանալի է, թե մենք ինչո՞ւ չենք կարող ապրել խաղաղ երկնքի տակ։ Ամեն պետություն հոգում է իր ապագայի, երեխաների մասին։ Ես այս ամենը չեմ հասկանում ոչ մեր հողի վրա լինելով, և ոչ էլ ձեր հողի վրա»։

Իսրայելի պատվիրակությունը ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Տիկին Պլեսկովան շեշտեց, որ բոլորը պետք է խաղաղության կոչ անեն։ «Այնտեղ՝ հուշահամալիրի ներսում՝ սյուներից մեկի վրա աղավնի էր նստել, և երբ ես տեսա այդ սպիտակ աղավնուն, դա ինչ-որ նշան էր, հենց այնպես չէր։ Աղավնին խաղաղության խորհրդանիշ է։ Ինչպես հասկանում եմ՝ առաջին անգամն է, երբ այսպիսի պատվիրակություն գալիս է Հայաստան և դա խոսում է այն մասին, որ մենք՝ ժողովուրդներս, պետք է մոտենանք, հասկանանք միմյանց։ Պարզ է, որ մենք բոլորս պետք է ձգտենք խաղաղության և մենք կանենք ամեն ինչ, որ այդ խաղաղությունը լինի։ Երկու կողմերին կոչ եմ անում դադարեցնել այս ամենը։ Ի՞նչ ենք մենք անում, հանուն ո՞ւմ»։

Պաշտոնյան ընդգծեց, որ մեր և Իսրայելի ժողովրդի պատմությունը շատ նման է։ Խոսելով Հայոց ցեղասպանության մասին, նա նշեց, որ չի կարելի անտարբեր մնալ այդչափ մեծ թվով մարդկանց մահվան հանդեպ։ «Ես չեմ կարող հիմա հայտարարություն անել պետության անունից, բայց ես հասկանում եմ, որ սրտով մենք ձեզ հետ ենք։ Ինչ-որ փուլում հնարավոր է՝ մենք դա կարող ենք հրապարակավ հայտարարել։ Համենայնդեպս, Իսրայելի քաղաքացիների սրտերը լիովին ձեզ հետ են»։

Դիտարկմանը, որ ԼՂՀ ՊԲ-ն հերքել է ադրբեջանական կողմի լուրը, թե պատրաստ են հրադադարի, նա ասաց. «Ցավալի է դա լսել։ Ես ադրբեջանական կողմի հետ չեմ հանդիպել, բայց գիտեմ մի բան. բոլորս պետք է հասկանանք, որ խաղաղություն է պետք»։

«Շատ ուրախ եմ, որ այսպիսի ծանրակշիռ պատվիրակություն Իսրայելի Կնեսետից այստեղ է։ Սա ևս մեկ հնարավորություն է, որպեսզի մենք կարողանանք մոտեցնել մեր ժողովուրդներին, և այն զգացումները, որ կան մեր հասարակությունների մեջ։ Մեզ մոտ գրեթե նույն խնդիրներն են և քաղաքական առումով մենք պետք է աշխատենք»,-իր հերթին նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը։ Նրա խոսքով՝ զսպման հայտարարություններն այլևս չեն օգնում և հաճախ Ադրբեջանն օգտագործում է այդ հայտարարությունները։ «Շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը անի հասցեագրված հայտարարություններ։ Պարզ է, որ Ադրբեջանը շատ հաճախ խախտել է հրադադարի ռեժիմը։ Իսկ հիմա այն, ինչ կատարվում է արդեն երկու օր, արդեն լիակատար ռազմական գործողություններ են՝ բոլոր տեսակի ռազմական տեխնիկաների օգտագործմամբ»։

Ադրբեջանի՝ հրադադարի վերաբերյալ պատրաստակամության մասին պարոն Զաքարյանը նշեց. «Դա ավելի շատ ծուղակ է։ Շարունակվում է խոշոր տրամաչափի զենքով հրետակոծումը։ Դա միջազգային հանրությանը ցույց տալու մի քայլ է, որ տեսեք՝ ես ականջալուր եղա ձեր կոչերին։ Ադրբեջանն այսօր քաղաքական իր պրոբլեմները փորձում է լուծել ռազմական ճանապարհով։ Սակայն հայկական զինուժը և ԼՂՀ ՊԲ-ն երբեք թույլ չեն տալու, որպեսզի ադրբեջանական կողմը կարողանա մանր կամ խոշոր ավանտյուրաներով թեկուզ փոքր հաջողությունների հասնի այդ ճանապարհով։ Եթե Ադրբեջանը ձգտում է հաջողությունների, դա պետք է իրականացնի միմիայն բանակցության միջոցով»։

Պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։ Նշենք, որ Իսրայելի Կնեսետի փոխնախագահն այսօր հանդիպելու է նաև ԱԳ նախարարի հետ։

nkarrrr3-470x265

«Ա1+»[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Աշխարհը չի տեսել այսիպիսի քաղաքապետ, որը նման աղետի և արտակարգ դրության օրով «ծակից» դուրս չգա

03.04.2020

Պետական աշխատողներին ստիպում են գնալ արձակուրդ իսկ չգնալու դեպքում,իրենց կամքին հակառակ կուղարկեն պարապուրդի

01.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով