[:hy]ԱՄՆ դեսպանը, տեսնելով շքեղ դահլիճներից մեկը, Հ. Աբրահամյանին պարզապես հասկացրել է, որ չի կարելի «կերակրել» Հայաստանի իշխանությանը [:]

[:hy]Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը հանդիպել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ և տեղեկացրել, որ այս տարի կրճատվել են դրամաշնորհային ծրագրերը: ԱՄՆ-ն Հայաստանին անկախության տարիներին նվիրաբերել է 2 միլիարդ դոլարից ավելի օգնություն, որոնք ուղղվել են տարբեր ծրագրերի, Հայաստանում կյանքի որակի փոփոխությանը, ենթակառուցվածքների, պետական կառավարման բարեփոխումներին: Արդյունքն իհարկե տարբեր է, սակայն այդ գումարները իշխող համակարգին տարիներ ի վեր հնարավորություն են տվել պահպանել «սոցիալական հավասարակշռությունը» և ազատորեն տնօրինել բյուջեն սեփական կարիքների համար: Իշխող համակարգի այս «սովորությունը» տարիներ ի վեր չի փոխվել, սակայն ներկայում դարձել է խնդրահարույց: Բանն այն է, որ թե ԱՄՆ-ն, թե արևմտյան մյուս կառույցներն այլևւս չեն պատրաստվում «կերակրել» հայկական իշխող համակարգին և նպաստել նրա գերշահույթներին, իսկ վերջինս էլ չի ցանկանում հրաժարվել «իր բաժին» գումարներից: ԱՄՆ դեսպանն ակնարկել է, որ փողը կարող է լինել միայն ներդրումների տեսքով, իսկ դա նշանակում է համակարգային փոփոխություն: Ներդրումներ չեն կարող լինել մի երկրում, որտեղ չկա ազատ մրցակցություն, մեկնարկային հավասար պայմաններ, արդարադատություն: Ներդրումներ չեն կարող լինել մի երկրում, որի իշխող համակարգը կառուցված է կոռուպցիայի ու մակաբուծելու վրա: Իր հերթին, այսօր Եվրամիության Հայաստանի գրասենյակի ղեկավար Տրայան Հրիսթեան նույնպես եվրոպական ֆինանսական աջակցությունը պայմանավորել է կոռուպցիայի դեմ պայքարով, նշելով, որ այդ հարցում Հայաստանում որեւէ առաջընթաց չկա: Հայաստանի իշխող համակարգը կանգնած է փողի լուրջ կարիքի առաջ, և շարունակում է «մանր ժուլիկությունը»: Օրինակ. Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ստեղծվել է կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով, իսկ Ազգային ժողովն էլ ստեղծել է այսպես կոչված Բյուջեի գրասենյակ, որը պետք է հսկի կառավարության ծախսերը, բյուջեի ելումուտը: Դատելով այդ կառույցների կազմից, որևէ կասկած չկա, որ դրանք ընդամենը բյուջեն «արդարաբար» բաժանելու համար են: Իսկ դրանում համոզվելու համար ԱՄՆ դեսպանը կարիք չուներ հեռու գնալ: Հովիկ Աբրահամյանի հետ նա զրույցել է այն դահլիճներից մեկում (նկարում), որոնց «ռեմոնտի» վրա բյուջեից ծախսվել է մոտ կես միլիոն դոլար: Փող մուրացող կառավարության նման «ռեմոնտն» ամենաարտահայտիչն է խոսում այդ կառավարության, իշխող համակարգի բնույթի ու մոտիվացիայի մասին: Այդ հանդիպումից հետո որևէ կասկած չի մնացել, որ  որ չի կարելի «կերակրել» Հայաստանի իշխանությանը:

 

 

 [:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով